23 Դեկտեմբեր, Բշ
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 16-րդ փառատոնի շրջանակներում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով Հայաստանում է «Գրեմմի» և մի շարք այլ միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած Էստոնիայի ազգային արական երգչախումբը:
1944 թ-ից գործող համաշխարհային համբավ ունեցող երգչախումբը ապրիլի 23-ից համերգային ելույթներով հանդես եկավ Վանաձորում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ ապրիլի 26-ին՝ Բյուրականի Սբ. Հովհաննես եկեղեցու բակում՝ կատարելով էստոնական երգեր, նաև՝ Կոմիտաս ու Եկմալյան: Երգչախումբն իր համերգային ծրագրերում մշտապես ընդգրկում է հայ կոմպոզիտորների գլուխգործոցները և հայ հոգևոր երաժշտությունը:
Մինչ երգչախմբի ելույթը, Սբ. Հովհաննես եկեղեցում ներկաներն ունկնդրեցին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախմբին: Վաղ միջնադարում կառուցված եկեղեցու պատերից ներս մանուկներն իրենց քաղցրահնչուն ձայնով հնչեցրին կոմիտասյան «Տեր ողորմեա»-ն, Գիշերային ժամերգության «Զարթիք փառք իմ», Մաշտոցի «Բազում են Քո գթութիւնք», Խորենացու «Մեծացուսցէ»-ն և «Այսօր տոն է»:
««Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այս տարվանից սկսյալ Բյուրականում ավանդական կդառնա ապրիլ 24-յան շաբաթը անցկացնելու՝ որպես հոգևոր երաժշտության շաբաթ: Եվ «Զորավոր մանկունք»-ը՝որպես լավագույն երգչախումբ, խորհրդանշեց այս նախաձեռնության սկիզբը և ներկաներին հիացրեց իր կատարումով»,- ասաց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Իսկ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի և «Բյուրական» արվեստի ակադեմիայի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ եթե հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի շնորհիվ Բյուրականը աշխարհին հայտնի դարձավ՝ որպես հայ աստղագիտության կենտրոն, ապա այսօր էլ իրենք կփորձեն մշակութային լեզվով Բյուրականը աշխարհին ճանաչելի դարձնել՝ որպես արվեստի քաղաք:
«Զորավոր մանկունք»-ի գեղարվեստական ղեկավար Գոհար Հարությունյանը շնորհակալություն հայտնեց «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանին հրավերի համար և նշեց, որ իրենց համար մեծ պատիվ էր նման փառատոնին մասնակցելը և Էստոնիայի ազգային արական հանրահայտ երգչախմբի ելույթն ունկնդրելը: Ապա հավելեց. «Երեխաների համար նաև ուսուցողական էր օրը, քանի որ երգչախումբը կատարումներն ընդմիջում էր՝ ներկայացնելով երաժշտության հետ կապված բացատրություններ: Համերգից հետո երեխաների մոտ նկատելի էր կատարողական որակի բարձրացում, քանի որ դրան է նպաստում ամեն մի բարձրակարգ երաժշտության ունկնդրում»:
Կարինե Սուգիկյան