«Ցերեկային կենտրոն»-ի երեխաները հեքիաթների զարմանահրաշ աշխարհում

Փետրվարի 26-ին Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը լեփ-լեցուն էր: Հանդիսատեսի շարքերում էին նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի «Ցերեկային կենտրոն»-ի երեխաները և ծնողները:

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ, Հայկական Կարմիր խաչ ընկերության և «Ցերեկային կենտրոն»-ի համագործակցության շրջանակներում երեխաները հնարավորություն ունեցան հայտնվելու իրենց համար սիրելի թումանյանական հեքիաթային աշխարհում:

Իրար հաջորդող հեքիաթների շարքը՝ «Նեսոյի քարաբաղնիսը», «Բարեկենդան», «Խելոքն ու հիմարը», «Կացին ախպերը», «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Անխելք մարդը», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը» երեխաներին ուրախ և անմիջական աշխարհ էին պարգևել: Անգամ բեմականացման ընթացքում էին երեխաները բարձրաձայն քննարկում ծանոթ և անծանոթ հեքիաթների հերոսների ճիշտ կամ սխալ, անմիտ կամ խելացի, խորամանկ և ծիծաղաշարժ կերպարները:

Կարևորելով հեքիաթի կամ այլ թատերական ներկայացման դաստիարակիչ դերը երեխայի կյանքում՝ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը նշեց, որ երեխաները բազմիցս առիթներ են ունեցել դիտելու բեմականացումներ թե՛ կենտրոնում և թե՛ մի շարք այլ թատրոններում:

Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակցուհի Արմինե Հակոբյանը ներկայացրեց, որ իրենց կրթական ծրագրի շրջանակում բացի սեմինարներից ունեն նաև ներառնված նմանատիպ միջոցառումներ երեխաների համար:

Ներկայացման ավարտից հետո իննամյա Գոռը վստահաբար ասում էր, որ «Կիկոսի մահը» հեքիաթում մարդիկ իրենց սխալ երևակայության պատճառով վատ վիճակում էին հայտնվել, կամ էլ՝ «Մյուս հեքիաթում Աստված ուզում էր օգնել այդ մարդուն, բայց նա անխելք էր, այդ պատճառով էլ գայլը կերավ նրան»:

Յուրաքանչյուր երեխա այս հեքիաթների շարքում ուներ իր սիրելի հեքիաթը և իր սիրելի հերոսը:

Թումանյանը այդպես գրում էր և նաև պահանջում, որ մանկական երկը լինի կենսախինդ, աշխույժ, հագեցած հումորով, քանի որ վերջինս շատ է դուր գալիս երեխաներին, նրանց պատճառում է զվարթություն, առողջ ծիծաղ, զարգացնում է նրանց միտքը։ Այն երեխայի համար օրգանական պահանջ է, որ բխում է հեղինակի նպատակադրումից՝ մանուկներին զվարթ ու կենսասեր մարդիկ դաստիարակելու ցանկությունից։

Ավետիք Իսահակյանի խոսքով՝ Թումանյանի կախարդական գրչի արվեստի հրաշքներից մեկով՝ հեքիաթներով, երեխաները Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնից իրենց հետ տարան այն, ինչ կցանկանար հենց Հովհաննես Թումանյանը:

 

 

Կարինե Սուգիկյան

26.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․