25 Նոյեմբեր, Բշ
Մի բարեպաշտ մարդ հեռացավ աշխարհի ունայնությունից ու անապատ գնաց, որպեսզի ավելի գոհացնի Աստծուն ու ավելի մոտենա Նրան: Նա միայնակ էր ապրում, կատարում էր պատվիրանները, աղոթում էր ու առ Աստված կատարած նրա սխրանքները տարածվել էին ամենուր: Մի անգամ մի երիտասարդ եկավ նրա մոտ ու հարցրեց.
- Հա՛յր, չար հակումներն ինչպե՞ս արմատախիլ անել սրտից:
- Ասա՛ ինձ,- պատասխանեց ծերունին,- կարո՞ղ ես դեռ արմատ չունեցող սածիլը հողից պոկել:
- Իհա՛րկե, կարող եմ,- պատասխանեց երիտասարդը:
- Իսկ այս ծա՞ռը,- մատնացույց արեց անապատականը ծեր կաղնուն:
- Ո՛չ, Հա՛յր,- պատասխանեց երիտասարդը,- այդ ծառն արմատով հանելն իմ ուժերից վեր է:
- Ահա այդպես էլ չար հակումներն ու վատ սովորություններն են,- ասաց ծերունին,- հեշտ է դրանք պոկել, քանի դեռ չեն արմատավորվել սրտումդ: Իսկ երբ արդեն խորը արմատներ են գցել, ապա շատ ավելի դժվար է դրանք արմատախիլ անելը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի