Դեկտեմբերի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ շարունակելով սոցիալական ծրագրերի իր շարքը, հերթական տնայցով եղավ Անդրանիկի 92/1 հասցեում բնակվող սոցիալապես անապահով Ինջյան ընտանիքում: Հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, համայնքն աջակցեց 14 հոգուց բաղկացած բազմանդամ ընտանիքին, որ բնակվում է երեք սենյականոց բնակարանում: 58-ամյա Մանյա Խալաթյանը հինգ զավակ ունի, նրանցից երեքն ընտանիք են կազմել, նա ինը թոռների տատիկ է:
«Ես շաքարային դիաբետ ունեմ, ամուսինս սրտի վիրահատություն է անցել և ի վիճակի չէ աշխատելու: Երեք տղաներիցս ոչ ոք չունի հիմնական աշխատանք: Ընտանիք են կազմել, բայց աշխատանքի բացակայության պատճառով չեն կարողանում անգամ վարձով ապրել, մեր տունն էլ վարկի տակ է դրված»,- ասաց տիկին Մանյան:
Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ինջյան ընտանիքը զգացված էր այն ուշադրության և հոգածության համար, որ ցուցաբերեց իրենց հանդեպ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը: Տեր Գրիգորը Սուրբ Աննայի հղությունը Սուրբ Աստվածածնով օրվա տոնի առիթով մաղթեց ընտանիքին, որ Ս. Մարիամ Աստվածածնի և նրա ծնողների բարեխոսությամբ Տերը օրհնի և պահպանի Ինջյան բազմանդամ ընտանիքին և որ նրանցից յուրաքանչյուրն իր կյանքում իրապես զգա Երկնային Սիրող Մոր՝ Ս. Մարիամ Աստվածածնի խնամքն ու հոգատարությունը, քանի որ Երկնային Մայրը ոչ մի վայրկյան չի դադարում իր երկրային զավակների մասին հոգ տանել և հատկապես մեծ սիրով ու ուշադրությամբ է վերաբերվում բոլոր կարոտյալներին և իր մայրական ջերմությամբ մխիթարում նրանց սրտերը:
Չկա մեկը, որ երբևէ չի ողորմել իր մերձավորին և երբևէ չի արժանացել այն երանությանը, որ խոստացավ Տերը՝ երանի ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն (Մատթեոս 5:7): Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ տարբեր են ողորմության կերպերը և լայն է այս պատվիրանը: Երանելի են բոլոր նրանք, ովքեր մերձավորին ողորմածություն են ցուցաբերում, լինի դա հոգևոր կամ նյութական, երանելի է քաղցածին կերակրողը, ծարավյալին հագեցնողը, մերկին հագցնողը, օտարին հյուրընկալողը, հիվանդին և բանտարկյալին այցելողն ու մխիթարողը: Երանելի է որբին կերակրողը, այրի կնոջն օգնողը, ծերին և հաշմանդամին ապաստան տվողը, երանելի է մոլորյալին ճշմարիտ ուղին ցույց տվողը, անհավատին դեպի Աստված առաջնորդողը, անգետին բարին և ճշմարիտը ուսուցանողը, չարին չարով չպատասխանողը և վիրավորանքները սրտանց ներողը: Երանելի են աղոթողները, առավել ևս թշնամու համար աղոթողը, ինչպես նաև երանելի են նրանք, ովքեր չեն մոռանում ննջեցյալներին, հիշում են նրանց աղոթքով և ողորմածությամբ:
Եկեղեցու հայրերից մեկն ասել է՝ ով երեկ ողորմած է եղել և այսօր, երբ կարիքի մեջ հայտնվի, մարդիկ մեծ սիրով կողորմեն նրան, իսկ եթե մարդիկ էլ մոռանան նրան, ապա Աստված չի մոռանա: Աստծո ողորմածությունը և մարդու ողորմածությունը, ինչպես նշում է Ս. Հովհան Ոսկեբերանը, այնքան տարբեր են, որքան բարին և չարը:
«Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան: Տերը կփրկի ու կպահպանի նրան, երանելի կդարձնի երկրի երեսին» (Սաղմոս 40:2-3):
Կարինե Սուգիկյան