23 Դեկտեմբեր, Բշ
«Ես եմ աշխարհի լույսը: Ով որ Ինձ հետևի, խավարի մեջ չի քայլի, այլ կունենա այն լույսը, որ առաջնորդում է դեպի կյանք» (Հովհաննես 8:12):
Ճշմարիտ Լույսը տարածելու և սերմանելու իր պատասխանատու առաքինությամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարեր շարունակ կրթում և դաստիարակում է բազում սերունդների: Լույսը փոխանցելու կարևոր օջախներից մեկն է հանդիսանում եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցները: Հոգևոր-բարոյական կրթության և դաստիարակության այս կարևոր կենտրոններում երեխաները, կրոնական գիտելիքներ ստանալով, նախ և առաջ սովորում են այն, որ Աստծուն սիրել նշանակում է սիրել մարդուն, սիրել Մայր եկեղեցին և հայրենիքը: Արարչագործության պսակը՝ մարդը, կազմված է մարմնից և հոգուց, ուստի հոգևոր-բարոյական դաստիարակությունը միտք ունի սնելու և կրթելու մարդու մեջ Աստծո պատկերն ու նմանությունը՝ հոգին:
Արդեն մեկ ամիս է, որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ գործում է կիրակնօրյա դպրոց: Նոր կազմավորված դպրոցի ընդունելությունը դեռ շարունակվում է և ամեն կիրակի այն համալրվում է նոր սաներով:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ տիկնանց միության հետևողական աշխատանքն իր արժանի պտուղը տվեց. կիրակնօրյա դպրոցը պատրաստ է Աստծո խոսքը սերմանելու երեխաների սրտում: Կիրակնօրյա դպրոցում երեխաների հետ աշխատում են Սիրանուշ Գյումրույանը, Սանթի Խշվաջյանը, Տաթևիկ Պետրոսյանը և Գայանե Գոլոզյանը, աջակցելու և օգնելու պատրաստակամություն են հայտնել նաև երիտասարդաց միության անդամները:
«Համայնքային կյանքում կարևոր օղակ հանդիսացող կիրակնօրյա դպրոցը, կրթելով երեխաների հոգիները, նպատակ ունի երեխաների սրտում հաստատել և ամրացնել Աստծո հանդեպ հավատն ու սերը, նպաստել նրանց հոգևոր աճին՝ դարձնելով նրանց հոգևոր արժեքների կրողը: Երեխաները Աստծո պարգևն են և եկեղեցու համար կարևոր խնդիր է հոգ տանել նրանց հոգու փրկության մասին, մասնակից դարձնել նրանց եկեղեցական կյանքին՝ առաջնորդելով դեպի Աստված»,- ասաց Տեր Գրիգորը:
Հուլիսի 5-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կիրակնօրյայի հերթական դասը սկսվեց «Տերունական աղոթք»-ով, ապա երեխաների խանդավառությունը մեծ էր. նրանք մեծ ոգևորությամբ պատրաստվում էին հաջորդ կիրակի՝ Վարդավառի տոնին՝ ներկայանալու իրենց առաջին ներկայացմամբ: Երեխաները կրկնում էին տոնի պատմությունը, ապա այն խոսքերը, որ միջոցառմանը պետք է ներկայացնեն: Նրանց բազմերանգ աշխարհը գունավորում էր սպիտակ թղթյա աղավնիներին, քանի որ Վարդավառի օրը, Նոյյան տապանի ավանդության հետ կապված որպես ջրհեղեղից փրկության ավետաբերների, սովորաբար, աղավնիներ են թռցրել:
Ծանոթանալով կիրակնօրյա դպրոցի մի քանի սաների հետ՝ տեղեկացանք, որ Սամվելը (6տ.) մինչ կիրակնօրյա դպրոց հաճախելը, ամեն կիրակի իր տատիկի հետ միասին մասնակցել է Սուրբ Պատարագին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում: Սամվելի տատիկն ուրախությամբ նշեց, որ արդեն իր թոռնիկը հնարավորություն ունի իր հասակակիցների հետ միասին Աստծո խոսքը լսելու և հոգևոր դաստիարակություն ստանալու:
Իսկ հինգամյա Շուշանը կիրակնօրյա դպրոցն անվանում է «իմ դպրոցը»: Այն որ Շուշանն արդեն սիրում է այս դպրոցը և սպասում է, թե երբ է գալու կիրակին իր դպրոցը հաճախելու, արդյունքն է նրա, որ նրանց ընտանիքում ինչպես մայրն է նշում, կարևոր խնդիրներից մեկն է համարվում երեխայի քրիստոնեական դաստիարակությունը:
Կիրակնօրյա դպրոցի սաների մեջ մեծ թիվ են կազմում նաև համայնքում ընդգրկված սիրիահայերի երեխաները:
Թալինը և Հարությունը Սիրիայից ինն ամիս է, որ Հայաստան են տեղափոխվել: Նրանց մեծ ցանկությունն է, որ իրենց զավակները՝ Շանթը և Քառնին, պահպանելով իրենց հայրերի կրոնը, մեծանան որպես քրիստոնյաներ:
Կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Սիրանուշ Գյումրույանը նշեց, որ երեխաները, կիրակնօրյա դպրոց հաճախելով, սովորում են եկեղեցի հաճախել, աղոթել, երգել Սուրբ Պատարագն ու շարականները, պարել: Ապա Սիրանուշը հավելեց, որ, ամենակարևորը, երեխաները մեծանում են իրենց Մայր եկեղեցու հովանու ներքո՝ հեռու ամեն տեսակ կրոնական կազմակերպություններից:
Սբ. Հովհան Ոսկեբերանը հորդորում է ծնողներին մտածել ոչ թե այն մասին, թե ինչպես իրենց զավակներին արծաթով ու ոսկով հարստացնեն, այլ, թե ինչպես նրանք դառնան բոլորից հարուստը բարեպաշտությամբ, իմաստությամբ և առաքինության ինչքով:
Պարարտ հողը կա աստվածային սերմերը սերմանելու, մնում է խնամել և համբերությամբ սպասել քաղցրահամ պտուղներին: Ծիլերն արդեն իսկ նշմարվում են. երեխաները մեծ ցանկություն ունեն, որ կիրակնօրյա դպրոցը լինի երկօրյա:
Կարինե Սուգիկյան