Փետրվարի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրահայ համայնքից Լենա Քեշիշյանին ( 50 տ.) հանձնեց դրամական օգնություն (6 000 ռուբլի), որ տրամադրել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցը, ով չցանկացավ իր անունը նշել: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Լենան իր մայրիկի՝ Անժել Նազարյանի (84 տ.) և 1-ին խմբի հաշմանդամ եղբոր՝ Հովհաննես Քեշիշյանի (57տ.) հետ երկու տարուց ավել է, ինչ եկել է Հայաստան՝ վարձակալությամբ բնակվելով Եղբայրության փ. 60/19 հասցեում:
«Մեծ խնդիրների առջև ենք կանգնած. մայրս և եղբայրս անկողնային հիվանդ են և մշտական խնամքի կարիք ունեն, ես էլ, առողջական խնդիր ունենալով, մեծ դժվարությամբ եմ նրանց խնամում և ի վիճակի չեմ աշխատելու: Մորս և եղբորս հատկացվող թոշակների գումարով չենք կարողանում հոգալ մեր նվազագույն կարիքները: Շնորհակալ եմ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին, որ վճարում է մեր տան վարձի 60%-ը և տրամադրում մեզ համար անհրաժեշտ դեղորայքը: Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվին և աջակից անձին, որ կրկին անգամ օգնության ձեռք մեկնեցին ընտանիքիս»,- ասաց Լենան:
Ճշմարիտ պահեցողության մեջ գտնվողի համար մշտական ուղեկիցներ են աղոթքը, զղջումը, ողորմածությունը, առանձնությունը, լռությունը, զսպվածությունը, ներողամտությունը, չար մտածումից հրաժարվելը: Եկեղեցու հայրերից Ս. Ներսես Շնորհալին հորդորում է հեռու մնալ որկրամոլությունից և պահեցողության ճիշտ ընթացք որդեգրել. «Ուստի աղաչում եմ՝ եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով՝ ագահությամբ ու որկրամոլությամբ մի՛ վարվեք դրանց հետ, այլ… պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ ինչ ձեզանից նվազեցնում եք ըստ Աստծո պատվիրանի՝ ի սեր կարոտյալ և չքավոր եղբայների, ծերերի և տկարների, նրա՛նց տվեք և ձեր հոգիների համար կրկնակի բարիք կամբարեք»:
Կարինե Սուգիկյան