«Ճշմարիտ սերը հարատև է, չի սպառվում և երբեք չի դադարում»

Հանուն Աստծու փառքի գործող քրիստոնյան գործում է իր հոգու փրկության, ինչպես նաև այն հասարակության համար, որտեղ ապրում է և գործում: Աստծու և մերձավորի հանդեպ սիրառատ կյանքով է քրիստոնյան ճանաչվում որպես Քրիստոսի հետևորդ: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35),- ասաց Տերն իր աշակերտներին։ «Ինչպես քերականություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, արվեստաբանություն ուսանող աշակերտներն են ճանաչվում իրենց  ուսուցիչներով, - բացատրում է Սիմեոն Նոր Աստվածաբանը, - այնպես էլ քրիստոնյան՝ Քրիստոսի աշակերտն է ճանաչվում Քրիստոսով՝ բարի Ուսուցչով, Ով այնքան սիրեց մեզ, որ հանուն մեզ մարդացավ և Իր հոգին որպես փրկագին տվեց մեզ համար»: Որպեսզի սերը աճի և զարգանա, պետք է ակտիվորեն դրսևորվի մերձավորի հանդեպ սիրո, ուշադրության և բարի գործերի մեջ:

Նոյեմբերի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, եկեղեցու սոցիալական ծրագրի շրջանակում, Բալայան Բաբկենին (70 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (100 000 դրամ), որ տրամադրել էր համայնքից Աբրահամյան Քրիստիանը: Բաբկենն իր կնոջ, տղայի, հարսի և չորս անչափահաս թոռնիկների հետ բռնի տեղահանվել է Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից: Բաբկենի տղան մասնակցել է Արցախյան քառօրյա, 44-օրյա և 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմներին: Բաբկենի թոռներից մեկը Դաունի համախտանիշ ունի: Այժմ Բալայան ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Ավան Առինջ 1 միկրո, 2/13, 37 բն. հասցեում:

«Որտեղ սերն է, այնտեղ մշտապես վստահությունն է, որտեղ սերն է, այտեղ մշտապես հույսն է: Սերն ամեն ինչ տանում է, որովհետև ուժեղ է: Ճշմարիտ սերը հարատև է, չի սպառվում և երբեք չի դադարում»,- ասել է սբ. Ղուկաս Ղրիմեցին:

 

Կարինե Սուգիկյան

17.11.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․