Դեկտեմբերի 29-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Գալստյան ընտանիքին, որ բնակվում է Աջափնյակ 15-րդ թաղամասի Մազմանյան 5/45 հասցեում: Ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ոչ ոք չի աշխատում: Ընտանիքի հայրը՝ 41-ամյա Գեղամ Գալստյանը, շինարար է, բայց առողջական խնդրի պատճառով ի վիճակի չէ աշխատելու: Նա նշեց, որ փնտրում է հսկիչի աշխատանք, որպեսզի կարողանա քիչ թե շատ հոգալ ընտանիքի կարիքները: Քառանդամ ընտանիքը շուտով կհամալրվի ևս մեկ անդամով: Ընտանիքի մայրը՝ Արմինե Թադևոսյանը (35 տ.), նշեց, որ հղիության ընթացքում իր մոտ բարդություններ են առաջ եկել, և նա ժամանակ առ ժամանակ ստացիոնար բուժում է ստանում: «Ամուսինս մեկ տարուց ավել է, ինչ սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիր ունի: Նա երկրորդ խմբի հաշմանդամ է և իր հաշմանդամության գումարով կարողանում ենք մասամբ գնել իր համար անհրաժեշտ դեղորայքը: Ըստ բուժստուգումների՝ նա սրտի փոխպատվաստման խնդիր ունի, որն այստեղ չի արվում, այլ միայն արտասահմանում, իսկ մեր ընտանիքն այդ վիրահատության հնարավորությունը չունի»,- ասաց Արմինեն:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Բարի սամարացիներ» խմբի աջակցությամբ գնված ամանորյա անհրաժեշտ սնունդ: Տեր Հայրը Նավասարդ Սրբազանի անունից ընտանիքին փոխանցեց Ամանորյա և Ս. Ծննդյան շնորհավորանքներ, իսկ ընտանիքի փոքրիկներին՝ Արաքսյային (7 տ.) և Վոլոդյային (6 տ.), հանձնեց մանկական Աստվածաշնչեր:
«Յուրաքանչյուր ոք իր կյանքում առիթ է ունենում այս հարցադրումն իրեն ուղղելու՝ ինչո՞ւ եմ ապրում: Հարց, որին իր ողջ խորությամբ անդրադառնում է աստվածահիմն կրոնը՝ քրիստոնեությունը, պատասխանելով՝ կյանքդ կարժևորվի, երբ այն ապրես Աստծո համար: Աստծով և Աստծո համար ապրել, նշանակում է Աստծուն նմանվել, իսկ Աստված խոսքի Աստված չէ, այլ՝ գործի: Ճշմարիտ քրիստոնյա լինելը, Քրիստոսի ներկայությունը մեր մեջ պահպանելն ամենօրյա աշխատանք է պահանջում: Այդ պատճառով է Ս. Հովհաննես առաքյալն ասել. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր» (Ա Հովհաննես 3:18): Ճշմարիտ սերը վկայվում է գործով և ճշմարտությամբ: Այն հոգին է մխիթարվում, ով սիրում է և զոհաբերում իրեն հանուն իր մերձավորների: Այդպիսի հոգում է բնակվում աստվածային բարությունը, արդարությունը և կատարելությունը»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան