Ճշմարիտ սիրո արտահայտությունը

Սիրո առաքյալ Հովհաննեսը Սիրո Աղբյուրից ստացավ սիրելու շնորհը, նա և իր ողջ կյանքը շաղախեց աստվածային սիրով: Ճշմարիտ սիրո պատգամը գործնականի վերածելով՝ պատգամում էր. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր: Ահա այսպե՛ս կիմանանք, որ հետևող ենք ճշմարտությանը: Այսպես նաև մեր սրտերը վստահություն կունենան կանգնելու Աստծո առջև» (Ա Հովհ. 3:18-20): Երբ առաքյալը ծերացել էր և չէր կարողանում քայլել, հավատացյալները նրան տնից տուն էին փոխադրում, որ նա քարոզեր: Եվ նա միշտ ասում էր՝ «զիրար սիրեցէք»: Մի օր, մեկը համաձակություն ունեցավ նրան հարցնելու, թե ինչու այլ բան չի քարոզում: Հովհաննես ավետարանիչը պատասխանեց. «Որովհետև այս է մեր Տիրոջ պատգամը, եթե այն կատարենք, ուրիշ ոչ մի բանի կարիք չենք ունենա»:

Հունվարի 15-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Ջերազյան Տիգրանուհուն (67 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը: Տիկին Տիգրանուհին, իր տարեց մոր և որդու՝ Գազանչյան Հովսեփի (26 տ.) հետ մեկ տարի առաջ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Տիգրան Մեծ 31/113 հասցեում: Կարիքավոր ընտանիքի տան վարձը մասամբ վճարում են տարբեր բարեգործական կազմակերպություններ: «Այսօր մենք խնդրի առջև ենք կանգնած, տղաս մշտական աշխատանք չունի, իսկ իմ և մայրիկիս թոշակների գումարը բավարարում է միայն, որ տան վարձի մնացյալ մասը վճարենք»,- ասաց տիկին Տիգրանուհին՝ իր երախտագիտությունը հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձին օգնության ձեռք մեկնելու համար:

«Մենք սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Քրիստոսն Իր կյանքը զոհեց մեզ համար: Հետևաբար, մենք ևս մեր կյանքը զոհենք մեր եղբայրների համար: Այն մարդը, որ նյութական ամեն բարիք ունի և տեսնելով, որ իր եղբայրն օգնության կարոտ է, գութ չի տածում, ինչպե՞ս կարող է ասել, թե Աստծո սերն ունի իր մեջ» (Ա Հովհ. 3:16-18):

 

Կարինե Սուգիկյան

15.01.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․