22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Եթե մարդ չի զսպում իրեն, ապա (ճարպի) մի ողջ պաշար է իր վրա կրում: Իսկ եթե զսպում է և ուտում այնքան, որքան իրեն անհրաժեշտ է, ապա նրա օրգանիզմը ծախսում է կերածն ու չի հավաքում մարմնում:
Ուտեստների բազմազանությունը մեծացնում է ստամոքսը և գրգռում ախորժակը, բայց դրանից բացի մարդուն թուլակամ է դարձնում և բորբոքում մարմնապես: Եթե ճաշին միայն մեկ ուտեստ է առաջարկվում և այն այնքան էլ համեղ չէ, ապա մարդը, միգուցե, նույնիսկ ամբողջությամբ չուտի կամ, եթե համեղ է և նա հրապուրվի որկրամոլությամբ, ապա մի փոքր ավելի կուտի: Սակայն, եթե առջևդ ձուկ, ապուր, կարտոֆիլ, պանիր, ձու, աղցան, միրգ և քաղցրավենիք ես տեսնում, ապա ուզում ես այդ ամենն ուտել և դեռ հավելյալ էլ կխնդրես: Ախորժակը գրգռվում է մեկ մի բանի վրա, մեկ՝ մյուսի, մի բան ուտելով՝ մյուսն էլ ես ցանկանում: Եվ տե՛ս, մարդը չի կարող տանել իր մերձավորի ասած մի պարզ խոսքն ու համբերել դրան: Այս մեկին չի կարողանում տանել, մյուսին չի «մարսում»… Իսկ խեղճ ստամոքսը համբերում է և համակերպվում այն ամենի հետ՝ ինչ գցում ենք դրա մեջ: Իսկ մենք հարցնո՞ւմ ենք նրան, թե ի վիճակի է արդյոք մարսել դա: Այսինքն, բանականություն չունեցող ստամոքսը գերազանցում է մեզ առաքինության հարցում: Այն ջանք է գործադրում, որպեսզի ամեն ինչ մարսի: Իսկ եթե մեր կերած կերակուրներից մեկն անհամատեղելի է մյուսի հետ, ապա ստամոքս հասնելով՝ դրանք սկսում են միմյանց հետ «վիճել»: Իսկ ստամոքսին ի՞նչ է մնում անել այդ դեպքում: Անմարսողություն է սկսվում:
- Հա՛յր, իսկ ինչպե՞ս հաղթահարել շատ ուտելու սովորությունը:
- Պետք է մի փոքր արգելակել ինքդ քեզ: Պետք չէ ուտել այն, ինչ քեզ դուր է գալիս, որպեսզի ախորժակդ չգրգռվի, որովհետև կամաց-կամաց «պահեստը» մեծանում է: Եվ ինչպես Մակար Մեծն է ասում. ստամոքսը՝ չար «մաքսավորի» պես, էլի ու էլի է ուզում: Ինչ-որ բան համտեսելով՝ հաճույք ես ստանում, բայց հետո քունդ տանում է. նույնիսկ աշխատել չես կարող: Իսկ եթե մի տեսակի կերակուր ուտես միայն, ապա դա կօգնի ախորժակը փակել:
- Հա՛յր, իսկ եթե սեղանին բազմապիսի ուտեստներ կան, բայց փոքր քանակությամբ, ապա մարդ նույն դժվարությա՞նն է հանդիպում:
- Դե, նույն դժվարությունն է: Միայն կուսակցական խմբակները փոքր են և այդ պատճառով էլ չեն կարող կառավարություն կազմավորել… Երբ ուտեստների բազմազանություն կա, դա նման է այն բանին, որ որովայնում շատ կուսակցություններ են հավաքվում: Մի կուսակցությունը գրգռում է մյուսին, սկսում են վիճաբանել և սկսվում է ստամոքսի անմարսողությունը…
Չափավոր կերակուրից ստացած հաճույքն ավելին է, քան՝ ամենահամեղ ուտեստների պատճառածը: Երբ երեխա էի՝ անտառ էի գնում և ողջ օրը մի փոքրիկ հացի օղաբլիթ էի ուտում: Այո՜, ոչ մի այլ բան չէի ցանկանում: Ամենահամեղ ուտելիքները չէին կարող փոխարինել հոգևոր այն բավարարվածությանը, որ ես զգում էի: Բայց ես դա ուրախությամբ էի անում: Սակայն շատ մարդիկ երբեք չեն զգացել չծանրաբեռնված որովայնի հաճելիությունը: Ինչ-որ համեղ բան ուտելիս՝ նրանք հաճույք են զգում, իսկ հետո միանում է որկրամոլությունը, ավելի շատ են ուտում և ծանրություն են զգում՝ հատկապես մեծ հասակում: Այս կերպ նրանք զրկում են իրենց չծանրաբեռնված որովայնի հաճելիությունից:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի