Ոմն եղբայր, որ եղբայրների միաբանության մեջ էր, մեղքի մեջ ընկավ, իսկ այդ մերձակայքում մի մենակյաց կար, որ քառասուն տարի իր սենյակից բնավ դուրս չէր եկել: Սրա մոտ եկավ վանահայրը և պատմեց նրան մեղանչած եղբոր մասին, իսկ նա ասաց` արտաքսե՛լ նրան: Եվ երբ արտաքսվեց այն եղբայրը, գնաց նստեց անապատամերձ անտառի թավուտում և բազում օրեր դառնապես լաց եղավ: Եվ Աստծո խորհրդով եղբայրներից ոմանք գնացին հայր Պիմենի մոտ: Մինչ անցնում էին այն տեղով, լսեցին ողբի ձայնը, և մտնելով անտառի եղեգնուտը` գտան այն եղբորը մեծ տրտմության մեջ և աղաչեցին նրան գնալ իրենց հետ հայր Պիմենի մոտ, իսկ նա չկամեցավ, այլ ասաց. «Ո՛չ, ես այստեղ էլ կմեռնեմ»: Եվ եղբայրները, գալով հայր Պիմենի մոտ, պատմեցին նրան եղբոր մասին: Իսկ ծերը նրանցից մեկին ուղարկեց՝ իր մոտ բերելու նրան: Երբ եկավ այն եղբայրը ծերի մոտ, տեսավ ծերը նրան խիստ տրտմած, վեր կացավ և ընդառաջ ելավ նրան ուրախությամբ, համբուրեց սիրով և մեծապես մխիթարեց նրան խոսքով և գորովանքով: Ապա մի եղբոր ուղարկեց այն մենակյացի մոտ և պատվիրեց այսպես ասել նրան. «Բազում ժամանակից ի վեր կամենում էի քեզ տեսնել, որովհետև լսել էի քո մասին, սակայն երկուսիս ծուլության պատճառով միմյանց չտեսանք: Այժմ Աստծո կամքով պատճառ մեջտեղ եկավ. նեղությո՛ւն քաշիր և ե՛կ ինձ մոտ, որպեսզի տեսնենք միմյանց»: Իսկ նա, որովհետև երբեք դուրս չէր եկել, չկամեցավ գնալ, սակայն իր մտքում խորհեց և ասաց. «Եթե Աստծուց ազդված չլիներ Պիմենը, ինձ չէր կանչի»: Եվ ելնելով գնաց նրա մոտ, և ողջունելով միմյանց` նստեցին: Ասաց հայր Պիմենը մենակյացին. «Երկու մարդ կային մի գյուղում, որոնցից յուրաքանչյուրն իր առջև ուներ իր մեռելը: Նրանցից մեկը, թողած իր մեռելը, գնացել ողբում էր իր ընկերոջ մեռելը»: Երբ այս լսեց մենակյացը, հասկացավ ասվածը և հիշեց՝ ինչ որ արել էր եղբորը, և ասաց. «Պիմենը երկինքն ի վեր է, իսկ ես` վարը` անդունդների խորքերում»: Եվ ապաշավելով՝ սաստիկ զղջաց և ապաշխարեց արտասուքներով և սովորեց այնուհետև իմաստությամբ դատել: Բարեխոսեցին վանահոր առաջ և եղբորը վերադարձրին իր սենյակը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016