26 Դեկտեմբեր, Եշ
Ոմն ծեր բնակվում էր ասորիների երկրում` Անտիոքի սահմաններին մոտ: Նա մի աշակերտ ուներ, որ հապճեպ դատում էր ամեն մեկին: Եվ եթե տեսնում էր մեկին մեղքի մեջ, անհապաղ դատում էր նրան: Ծերը բազում անգամ խրատում էր նրան, օրենք էր դնում և ասում. «Զգո՛ւյշ եղիր, որդյա՛կ, քանզի այդ մոլուցքով կկորցնես քո անձը, քանի որ ոչ ոք չգիտի մարդուն, այլ միայն նրա մեջ եղող հոգին: Որովհետև շատերը բազմաթիվ չարիքներ գործեցին մարդկանց առաջ և ծածուկ ապաշխարեցին Աստծո առաջ, իսկ մարդիկ միայն նրանց մեղքերն իմացան, բայց ապաշխարելը չիմացան: Ուրիշներն էլ իրենց կյանքի բոլոր օրերին չարիք գործեցին, բայց մահվան ժամին ապաշխարեցին և թողություն ստացան: Ոմանք էլ մեղանչեցին, սակայն սրբերի պաղատանքներով ու աղոթքներով սրբվեցին: Դրա համար էլ չպետք է դատել ոչ մեկին, քանզի մեկն է բոլորի Դատավորը` Աստված: Մարդը, որ դատում է ուրիշին, Աստծուն հակառակ է կանգնում, քանզի պատիվը, որ Աստված տվեց Որդուն, նա հափշտակում է: Դու միայն ասա. «Անիծյա՛լ Բելիար, որ անել տվեցիր այդ բանը, իսկ եղբայրս անպարտ է»: Եվ մտքումդ դի՛ր՝ ոչ ոքի չդատել, քանզի եթե դատես մեկին, Աստծո Հոգին կփախչի քեզանից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016