23 Նոյեմբեր, Շբ
«Քեզ հետ վատ բան է պատահում, գովաբանիր Աստծուն, որ այդ վատը հեռանա քեզնից: Քեզ հետ լավ բան է պատահում, փառաբանիր Աստծուն և այդ լավը կմնա քեզ հետ» (Ս. Հովհ. Ոսկեբերան)
Սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետի հիշյալ խոսքերն այսօր առավել, քան երբևէ մեր կյանքում կիրառելու անհրաժեշտությունն ունենք, որովհետև այսօր մեր կյանքում վատն ու լավը, ուրախությունն ու տխրությունն օրինաչափ կերպով հաջորդում են միմյանց: Բայց անհնարինության չափ դժվար է թվում դժվարությունների, փորձությունների մեջ Աստծուն գովաբանելը, որովհետև նման դեպքերում մարդ սկսում է մեղավորներ փնտրել ու պատճառները քննել, ու ամենևին չի մտածում, որ եթե չտրտնջա ու Աստծուն շնորհակալ լինի, ապա վատը կհեռանա իրենից: Տերն ասում է. «Քո նեղության օրը կանչիր ինձ, ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես ինձ» (Սաղմոս 49:15): Անշուշտ, ավելի հեշտ է «լավ բան» պատահելու դեպքում փառաբանել Աստծուն, շնորհակալ լինել Նրան ամեն ինչի համար, բայց ցավալի փաստ է, որ այս դեպքում մարդ էակը հաճախ անտարբեր է գտնվում իրեն պարգևներ շնորհող Աստծու հանդեպ` իր հետ «լավ բան» պատահելու դեպքում անգամ չհիշելով Արարչի բարեգթությունն իր հանդեպ, իսկ եթե հիշում է, ապա մի պահ միայն, որին հաջորդում է… մոռացումը: Մինչդեռ մեր անարժանությունն ու Տիրոջ ողորմածությունը հաշվի առնելով` հարկ էր մշտապես, ամեն օր գոհանալ Աստծուց և երախտագետ սրտով շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ շնորհել է Նա մեզ այս կյանքում և ինչը մենք ունենք ոչ ըստ մեր արժանիքների, այլ ըստ Նրա անհուն ողորմածության ու անհիշաչարության: Սուրբ Պողոս առաքյալը պատգամում է՝ «Գոհություն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար» (Եփես. 5։20), յուրաքանչյուր բացվող խաղաղ օրվա համար, այն բանի համար, որ Տիրոջ ողորմությամբ վերստին արժանացանք արեգակի լույսը տեսնելուն: Պատահական չէ, որ մեր հավատավոր նախնիները ամեն օր վաղ առավոտյան իրենց դեմքին ջուր ցողելիս, լվացվելիս «Հիսուս Քրիստոս» կամ «Փառք Քեզ, Աստված» էին ասում՝ աստվածապարգև իրենց օրը սկսելով փառաբանական աղոթքով:
Ինչո՞ւ է աստվածապատկեր մարդ էակն այնքան երախտամոռ իր Արարիչ Աստծու նկատմամբ, այն Աստծու, Ում պատկերով և նմանությամբ է ստեղծվել, Ով հանապազ խնամում և հոգ է տանում ինչպես ողջ արարչությունը, այնպես էլ արարչագործության թագ ու պսակին՝ մարդուն: Մեզ հետ է նա միշտ, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք Նրա հետ չենք, երբ մոռանում ենք Նրան՝ վշտացնելով ու դառնացնելով մեր ամենօրյա մեղքերով: «Աստված ներկա է անգամ Նրան բացակա համարող մարդու կյանքում», որովհետև գթած Հայր է` պատրաստ օգնության ձեռք մեկնելու Իրեն օգնության խնդրանքով աղաչող մարդուն: Տեր Աստված օգնում և զորացնում է մեզ նույնիսկ այնժամ, երբ մենք չենք էլ խնդրում Նրան, օգնում է, որովհետև Հայր է ու չի կարող չողորմել… Որքան երախտամոռ ու ապերախտ է մարդ էակն իր Արարչի հանդեպ: Արդյոք կարողանո՞ւմ ենք միշտ երախտագետ սրտով գոհանալ Աստծուց և շնորհակալություն հայտնել Նրան Իր անպատում պարգևների համար, Իր ամենօրյա ողորմությունների և մարդասիրության համար: Լինելով հողեղեն ու մեղանչական, մշտապես սայթաքում ու մեղք ենք գործում՝ ամեն անգամ խնդրելով ներել մեզ: Եվ Նա Իր անսահման ներողամտությամբ ու ողորմությամբ մշտապես ներում է մեզ, ողորմում: Իսկ մե՞նք: Անշնորհակալ զավակների նման չարաշահում ենք մեր երկնավոր Հոր ներողամտությունն ու բարությունը: Վայելում ենք Նրա պարգևները` հաճախ մոռանալով շնորհակալություն հայտնել ու երախտագետ սրտով օրհնաբանել Նրան: Տեր Աստված ազատում է մեզ մի փորձանքից, բուժում հիվանդությունից, փրկում տարաբնույթ փորձություններից ու անարժաններիս արժանացնում Իր բազում պարգևներին ու շնորհներին, իսկ մե՞նք: Այնքան շուտ ենք մոռանում այդ ամենը: Մոռանում ենք ու դադարում շնորհակալություն հայտնել Նրան: Եվ ի՞նչ. գալիս է մի պահ, երբ Աստված «հիշեցնում» է մեզ մեր ապերախտությունն ու «ստիպում» մեզ մտորել ու հիշել այն, ինչ այնքան շուտ էինք մոռացել: Ինչպե՞ս: Հիշեցնում է մեզ՝ սթափեցնելով փոքրիկ փորձություններով: Եվ ինչպես Երանելի Հոբն է ասում, «Տերն է, որ ցավ է պատճառում, բայց հետո նորից ամոքում, խփում է, բայց Նրա ձեռքն է բժշկում» (Հոբ 5։18): Ու այդժամ միայն մենք անդրադարձ ենք կատարում մեր ընթացքին ու տեսնում մեր սխալները, ամաչում մեր ապերախտության համար, և հայցում Աստծու ներողամտությունն ու ողորմությունը «Մեղա՜ Քեզ, Տեր» ասելով:
Մեղա՜ Քեզ, Տեր, որ հերթական անգամ մոռացա Քեզ շնորհակալություն ասել Քո հայրական խնամքի ու մարդասիրության համար, որ չգնահատեցի ու իմ ողջ էությամբ չհասկացա, որ Դու ինձ վերստին ողորմեցիր, իսկ ես իմ «բազմազբաղ առօրյայում» դարձյալ մոռացա Քեզ շնորհակալություն հայտնել Քո ողորմությունների համար, որ ցուցաբերում ես անարժանիս ու նվաստիս հանդեպ: Մեղա՜ Քեզ, Տեր, որ իմ ապերախտ ու անշնորհակալ ընթացքով վշտացրի ու դառնացրի Քեզ՝ Բարերարիդ, որ երբեք չես հոգնում ինձ` անարժանիս ողորմելուց ու չես դադարում գթալուց, ինչպես ասվում է, որ «բարկությանդ մեջ անգամ ողորմությունդ ես հիշում»: Ողորմիր ինձ, Տեր և ինձ երախտագետ սիրտ ու շնորհակալ հոգի շնորհիր, որպեսզի կարողանամ միշտ և ամեն ինչում գոհանալ Քեզնից ու շնորհակալ լինել ամեն ինչի համար, նույնիսկ՝ նեղությունների ու փոքրիկ փորձությունների, դժվարությունների համար, որոնք քրիստոնյայի «փառքն են» (տե՛ս Եփես. 3։13) ու կյանքի անբաժան մասը և որոնք Դու թույլ ես տալիս իմ իսկ օգուտի համար, քանզի դրանք կոփում և ամրացնում են ինձ՝ առավել հաստատելով հավատիս մեջ: Շնորհակալ եմ Քեզ, Տեր, որ չնայած իմ խոտոր ու ապերասան ընթացքին, ինձ հետ ես միշտ` կյանքիս և ուրախ, և տխուր օրերին, ամեն օր ու ամեն վայրկյան, ինձ հետ ես «ինձ զորացնելու և օգնելու համար»,- ինչպես Ինքդ ասացիր: Շնորհակալ եմ, Տեր, որ իմ կողքին ես` ինձ խրատելու և ուղղության բերելու համար, քանզի չես ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ որ ամենքն ապաշխարեն ու ժառանգեն փրկությունը: Շնորհակալ եմ, որ հասկացրիր, որ «Ուժ, կարողություն, խելք, իմաստություն Քեզնից են լոկ» (տե՛ս Հոբ 31։28), և որ առանց Քեզ մարդ էակը ոչինչ է, Տեր: Ողորմիր մեզ, Տեր, և երբեք մի դադարիր գթալուց, մինչև տանես բնակեցնես երկնքիդ արքայության օթևաններում, որ աշխարհի սկզբից պատրաստել ես բոլոր արդարների և Քեզ հավատացողների, Քո Սուրբ Անունը փառաբանող արժանավորների համար…
…Թող Տիրոջ բարեգթությամբ ամենքս արժանանանք երկնքի արքայության մեջ հավիտյանս հավիտենից Նրան փառաբանելու երանությանը. ամեն:
Անժելա Խաչատրյան