23 Նոյեմբեր, Շբ
Ուսուցչուհին դասարանին պատմում էր նավաբեկության ենթարկված նավի մասին. «…Նավի վրա մի ամուսնական զույգ կար, որին հաջողվեց փրկամակույկին հասնել, բայց, ցավոք, այնտեղ միայն մեկ տեղ կար: Հանկարծ ամուսինը մի կողմ հրեց կնոջը, և ինքը մտավ նավակի մեջ: Իսկ կինը մահվանից առաջ միայն մի բան ասաց:
Այստեղ ուսուցչուհին կանգ առավ: «Ի՞նչ եք կարծում,- հարցրեց նա,- ո՞րն էր կնոջ վերջին խոսքը»:
Աշակերտների մեծ մասն անմիջապես ասաց. «Ես ատում եմ քեզ» կամ «Ի՜նչ կույր եմ եղել»:
Ուսուցչուհին նկատեց, որ աշակերտներից միայն մի տղա ողջ ընթացքում լուռ էր:
- Իսկ դու ինչ ես կարծում, նա ի՞նչ ասաց:
- Կարծում եմ նա ասաց. «Հոգ տար մեր երեխայի մասին»:
- Դու գիտե՞ս այս պատմությունը,- զարմացավ ուսուցչուհին:
- Ոչ, ուղղակի նույն բանն իմ մայրն է ասել հորս իր մահվանից առաջ,- ուսերը թոթվեց տղան:
Ուսուցչուհին հուսաց, որ ոչ ոք չնկատեց, թե ինչպես խոնավացան իր աչքերը: «Այսպիսով,- շարունակեց նա,- նավը խորտակվեց: Տղամարդը տուն հասավ և միայնակ մեծացրեց դստերը: Տարիներ անց, երբ հայրն այլևս ողջ չէր, նրա իրերը դասավորելիս դուստրը գտավ նրա օրագիրը, որում գրված էր. «Նրա սարսափելի ախտորոշումն արդեն հայտնի էր, երբ մենք ճամփորդության մեկնեցինք: Շատ ժամանակ չէր մնացել ապրելու: Տե՛ր Աստված, որքա՜ն կուզենայի նրա փոխարեն խեղդվել, բայց դստերս բարօրության համար չէի կարող: Միայն կարող էի թողնել նրան օվկիանոսում…»:
Պատմությունն այդպես ավարտվեց: Դասարանը լուռ էր: Ուսուցչուհին մանկական աչքերում տեսավ, որ պատմությունը խորն ազդեցություն էր ունեցել նրանց վրա, և այսօր նրանք առաջին անգամ հասկացան, որ միշտ չէ, որ բարու դիմակի տակ բարին է թաքնվում, և պարսավելի, չար արարքի դիմակի տակ պարտադիր չէ, որ դավաճանությունն ապրի: Ահա, թե ինչու երբեք չի կարելի մակերեսորեն դատել մարդկանց մասին: Մենք կարող ենք շատ բաներ չիմանալ նրանց մասին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի