23 Դեկտեմբեր, Բշ
Աստված Սեր է, բայց նաև՝ Արդար Դատավոր: Աստված Ամենակարող է, բայց նաև մարդուն շնորհեց ազատ կամեցողություն: Քրիստոս Իր անմեղ արյունը թափեց Խաչափայտի վրա, որպեսզի մարդու առաջ բացի Երկինք գնացող ճանապարհը, բայց մարդը նաև պետք է պայքարի իր երկրավոր կյանքում, որպեսզի արժանանա Երկնքի արքայությունը ժառանգելուն:
Այս հոդվածի նպատակն է աստվածաշնչական դեմքերից բերել օրինակներ, որոնք հակառակ, որ իրենց միջավայրում ունեին մեծ տեղ ու դեր, իրենց ազատ կամեցողությունը սխալ ձևով օգտագործեցին՝ մտածումներով, խոսքերով, զգացումներով ու գործերով սխալներ կատարեցին, ուստի, քայլեցին կորուստ տանող ճանապարհով:
Այս օրինակները պետք է արթուն պահեն մեզ, որպեսզի միշտ ինքնաքննության ենթարկենք մեր ներկա հոգեմտավոր կյանքը, միշտ քննենք մեր մտածումները, խոսքերը, զգացումները և գործերը, որպեսզի չլինի, որ մենք ևս կորսվենք:
Աստվածաշնչում շատ կան դեմքեր, որոնք կորստյան մատնվեցին, սակայն կբավարարվեմ այս հոդվածում մի քանիսին հիշատակելով։
Կայենը: Կայենն աշխարհի մարդկանց մեջ առաջին ծնունդն էր․ «Ադամը մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, ծնեց Կայենին՝ ասելով. «Աստծու օգնությամբ մարդ ձեռք բերեցի» (Ծննդ. 4:1), հողագործ էր․ «...․Աբելը խաշնարած դարձավ, իսկ Կայենը՝ հողագործ» (Ծննդ. 4:2):
Կայենը սկսեց սխալներ գործել, օրինակ՝ 1. նա հողի բերքից լավ ընծա չմատուցեց Աստծուն․ «Որոշ ժամանակ անց Կայենը հողի բերքից ընծա մատուցեց Աստծուն» (Ծննդ. 4:3), «Հավատո՛վ Աբելը Աստծուն ավելի լավ զոհ մատուցեց, քան Կայենը» (Եբր. 11:4), 2. նա շատ տրտմեց և գլուխը կախեց, որովհետև Արդար Աստված ընդունեց իր եղբոր՝ Աբելի ընծան, մինչդեռ իր ընծան՝ մերժեց (Ծննդ. 4:4-5), 3. նա խաբեց և սպանեց իր հարազատ եղբորը՝ Աբելին․ «Կայենն ասաց իր եղբայր Աբելին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայենը հարձակվեց իր եղբայր Աբելի վրա և սպանեց նրան» (Ծննդ. 4:8), 4. նա սուտ խոսեց և անարգեց Ամենագետ Աստծուն. «Տերը՝ Աստված, հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է Աբելը՝ քո եղբայրը»։ Նա ասաց. «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ» (Ծննդ. 4:9):
Աստվածաշունչը նկարագրում է Կայենին որպես չարագործ մարդ․ «․...Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը։ Եվ ի՞նչ պատճառով սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի» (Ա Հովհ. 3:11-12 ), անջուր ամպ, չորացած ծառ, մոլոր աստղ (Հուդա 1:11-13):
Սավուղ թագավորը: Սավուղն Իսրայելի առաջին թագավորն էր: Աստված Սամուել մարգարեի միջոցով Սավուղին օծեց թագավոր և նրան շնորհեց իշխանություն ժողովրդի վրա. «Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա» (Ա Թագ. 10:1), Աստծո հոգին իջավ Սավուղի վրա․ «Տիրոջ հոգին կիջնի քեզ վրա» (Ա Թագ. 11:6), Սավուղը շատ պատերազմերից հաղթական դուրս եկավ:
Սակայն Սավուղը սխալներ գործեց, օրինակ՝ 1. չհնազանդվեց աստվածային պատվիրանին՝ զոհեր մատուցեց, որոնք ոչ թե թագավորի, այլ քահանայի գործն էր (Ա Թագ. 13:7-14), 2. զայրացավ, նախանձեց և ծուռ աչքով նայեց Դավթին. «Պարող կանայք երգելով ասում էին. «Սավուղը հազար մարդ սպանեց, իսկ Դավիթը բյուր մարդկանց սպանեց»։ Սավուղը զայրացավ այդ խոսքերի համար և ասաց. «Բյուրը Դավթին վերագրեցին, իսկ ինձ՝ հազարը։ Արդ, նրան ի՞նչ է պակասում, բացի թագավորությունից»։ Այն օրից Սավուղը ծուռ աչքով էր նայում Դավթին» (Ա Թագ. 18:7-9), 3. շարունակ հետապնդում էր Դավիթին մի տեղից մյուսը, որպեսզի սպանի նրան. «Արդ, իմ արյունը Տիրոջ առջև գետնին թող չթափվի, քանի որ Իսրայելի թագավորը ելել է իմ կյանքը խլելու, ինչպես որ ագռավն է թևածում լեռների վրա» (Ա Թագ. 26:20), 4. գնաց մի ոգեհարց կնոջ, որպեսզի նա կանչի Սամուել մարգարեի ոգին, և վերջինից իմանա, թե ինչ անի, քանի որ այլազգիներն իր դեմ պատերազմի են ելել (Ա Թագ. 28:7-15):
Աստված հեռացավ Սավուղից (Ա Թագ. 28:16), այլազգիները պատերազմեցին Իսրայելի դեմ, նրանք սպանեցին Սավուղի որդիներին, Սավուղը վիրավորվեց պատերազմում և վերջում անձնասպան եղավ (Ա Թագ. 31):
Բաղաամ մարգարեն: Բաղաամը մարգարե էր, խոսեց Աստծո հետ (Թվեր. 22:9), տեսավ Տիրոջ հրեշտակին (Թվեր. 22:31) և լսեց նրանից խոսքեր (Թվեր. 22:32, 35), Աստված նրա բերանը խոսք դրեց (Թվեր. 23:5), Աստծո հոգին իջավ նրա վրա (Թվեր. 24:2)։
Չնայած մարգարեություններին, ողջակեզներին, տեսիլքներին և Աստծո Հոգին, որ իջավ Բաղաամի վրա, Բաղաամը կործանվեց․ «Մոլորվեցին՝ թողնելով ուղիղ ճանապարհը և ընթանալով Բեորի որդի Բաղաամի ճանապարհով, որ անիրավության վարձը սիրեց» (Բ Պետ. 2:15), «Վա՜յ նրանց, ովքեր... Բաաղամի մոլորության՝ սայթաքեցին՝ վարձի հետևից ընկնելով» (Հուդա 1:11-14), «Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան» (Հայտ. 2:14):
Հուդա Իսկարիովտացին: Հուդա Իսկարիովտացին Քրիստոսի Տասներկու առաքյալներից էր (Մտթ. 10:4), ստացավ հիվանդություններ բուժելու և դևեր հանելու իշխանություն (Մրկ. 3:14-15), գանձապահ էր (Հովհ. 12:4-6), շուրջ երեք տարի տեսավ Մարմնացյալ Բանն Աստծուն՝ Քրիստոսին, լսեց Աստվածորդու ուսուցումները, ականատես եղավ Մեսիայի կատարած հրաշքներին և այլն:
Սակայն Հուդա Իսկարիովտացին իր ազատ կամեցողությամբ զանազան մեղքեր գործեց՝ գողություն, դավաճանություն, դրամասիրություն, մատնություն, հուսահատություն, անձնասպանություն և այլն: Հուդան գողացավ գանձանակից (Հովհ. 12:4-6), համաձայնվեց քահանայապետերի հետ մատնել Քրիստոսին երեսուն արծաթի դիմաց (Մտթ. 26, Մարկ. 14, Ղուկ. 22): Որոշ ժամանակ հետո Հուդան զղջաց, սակայն, չունենալով իր մտքում Աստծո անսահման ողորմության ճշմարտությունը, ընկավ հուսահատության մեջ: Ուստի, գնաց և իր անձը կախեց. «Այն ժամանակ Հուդան, որ մատնել էր Հիսուսին, տեսնելով, որ նա դատապարտվեց, զղջաց և արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին ու ժողովրդի ծերերին՝ ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։ Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց» (Մտթ. 27:3-5):
Դեմասը: Դեմասը Պողոս առաքյալի ծառայության օգնականերից էր․ «Ողջունում է ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, ինչպես նաև Դեմասը» (Կող. 4:14), Մարկոսի, Արիստարքոսի և Ղուկաս բժշկի գործընկերը. «Ինչպես նաև Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը և Ղուկասը՝ իմ գործակիցները» (Փիլիմոն 1:24): Կասկած չկա, որ Դեմասի հոգևոր կյանքն ավարտվեց ողբերգությամբ, որովհետև նրա մասին գրված է. «Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե» (Բ Տիմ. 4:10):
Ն. Ս. Շենուդա Գ Պատրիարքը խոսում է Դեմասի վախճանի մասին՝ ասելով. «Նրա մասին որոշ պատմական հաղորդումներում ասվել է, որ նա հավատուրաց է եղել և դարձել հեթանոս»:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր