Սողոմոն Իմաստունը Սուրբ Հոգու ներշնչումով ասում էր. «Ճանապարհներ կան, որ մարդկանց թւում են ուղիղ, բայց դրանց վերջաւորութիւնը դժոխքի յատակն է գնում» (Առակ. 14, 12): Աստծու խօսքը ի՞նչ է ասում մահուան, թաղման կամ դիակիզման մասին: Պատասխանը կարող է ցնցող լինել: Սողոմոն Իմաստունը հետեւեալն է գրում Ժողովողի գրքում. «Եթէ մի մարդ հարիւր զաւակ էլ ծնի եւ բազում տարիներ էլ ապրի, եւ կամ է՛լ առաւել շատանան նրա տարիների օրերը, բայց եթէ նրա հոգին չի կշտացել բարիքներից, եւ մի գերեզման իսկ չի գտնուել նրա համար, ապա ես կ՚ասեմ, որ վիժածն աւելի լաւ է նրանից» (Ժող. 6, 3): Այսինքն՝ եթէ դիակը թաղուած չէ, ըստ Սուրբ Գրքի, դա անէծք է: Եսայի մարգարէն էլ հաստատում է սա, երբ խօսում է Բաբելոնի թագաւորի մասին՝ ասելով. «Բոլոր ազգերի թագաւորները պատուով ննջեցին՝ ամէն մէկն իր տանը, իսկ դու պիտի ընկնես լերան վրայ՝ իբրեւ մեռել գարշելի՝ սրակոտոր բազում դիակների մէջ, որոնք դժոխք են իջնելու։ Ինչպէս արնաթաթախ անմաքուր ձորձը, այնպէս էլ դու պիտի չմաքրուես, որովհետեւ ապականեցիր իմ երկիրը եւ կոտորեցիր իմ ժողովրդին. յաւիտեանս յաւիտենից դու պիտի չյիշուես» (Ես. 14, 18-20)[1]: Յեզաբէլ անունով մի չար կին, որ մինչ այդ ապրել էր, իր ամուսին Աքաաբ թագաւորին դրդել էր չարիք գործելու ու ինքը, չաստուածներին հետեւելով, շատ գարշելի եղաւ Տիրոջ առջեւ: Այս պատճառով Յեզաբէլն անիծուեց Աստծու կողմից, որի մասին մարգարէացաւ Եղիա մարգարէն՝ ասելով, թէ Յեզաբէլը պիտի չթաղուի, այլ՝ «շները պիտի ուտեն նրան Յեզրայէլի պարսպի մօտ»: (Բ. Թագ. 21, 23): Այս մարգարէութիւնը կատարուեց Յէուի թագաւորութեան ժամանակաշրջանում: Աստուածաշնչում կարդում ենք, թէ երբ Յէուն եկաւ Յեզրայէլ, իր երեսը բարձրացնելով դէպի պատուհանը՝ տեսաւ Յեզաբէլին, որը պոռնիկների նման գլուխը զարդարել էր եւ աչքերին ծարոյր էր դրել: Յէուն ասաց. «Ո՞վ ես դու, իջի՛ր ինձ մօտ»: Երկու ներքինիներ իրեն նայեցին: Այն ժամանակ Յէուն ասաց նրանց. «Ցա՛ծ գցեցէք սրան»: Ցած նետեցին այդ կնոջը. նրա արիւնը պատերի ու ձիերի վրայ ցայտեց, եւ ձիերը ոտնակոխ արեցին նրան։ Յէուն մտաւ ներս եւ ուտելուց ու խմելուց յետոյ ասաց. «Վերցրէ՛ք այդ անիծեալին ու թաղեցէ՛ք նրան, քանզի թագաւորի դուստր է»: Գնացին նրան թաղելու, բայց նրանից ոչինչ չգտան՝ բացի գանգից, ոտքերից ու ձեռքերից եւ վերադառնալով՝ այդ մասին պատմեցին Յէուին: Նա էլ ասաց. «Իրականացաւ Տիրոջ այն խօսքը, որ ասուել էր Եղիա Թեզբացու բերանով, թէ՝ «Յեզրայէլի կալուածքում շներն ուտելու են Յեզաբէլի մարմինը, Յեզաբէլի դիակը այդ կալուածքի հողի երեսին լինելու է իբրեւ աղբ, այնպէս որ ոչ ոք չկարողանայ ասել, թէ՝ «Սա է Յեզաբէլը»» (Դ. Թագ. 9, 30-37):
Դիակիզումը Աստծու ժողովրդի համար չէ: Աստուած չի կամենում, որ մարդիկ (յատկապէս աստուածավախ ու հաւատաւոր մարդիկ) դիակիզուեն: Սա ակնյայտ է հետեւեալ սուրբգրային օրինակից: Յովսիա թագաւորն ամէն կերպ ուզում էր կռապաշտութիւնը հեռացնել իր ժողովրդից: Նա Յուդայի բոլոր մարդկանց ու Երուսաղէմի բոլոր բնակիչներին՝ քահանաներին, մարգարէներին միասին հաւաքեց ու բոլորի առաջ կարդաց Տիրոջ Ուխտի գրքի բոլոր խօսքերը ու Տիրոջ առաջ ուխտեց Նրան հետեւել՝ ամբողջ սրտով ու հոգով պահելով բոլոր պատուիրանները, կանոններն ու վկայութիւնները ու գործադրելով Ուխտի գրքում գրուած յանձնարարականները: Այս նպատակով պատուիրեց քահանաներին Տիրոջ տաճարից դուրս հանել Բահաղի, Աստարովթի համար շինուած հեթանոսական բոլոր կուռքերը, ձուլածոյ չաստուածները, զոհասեղաններն ու պաշտամունքի տեղերը: Այս բոլորը փլեցրեց, այրեց ու փոշու վերածեց: Այրեց նաեւ քուրմերի բոլոր ոսկորները (Բ. Թագ. 23, 16. 20: Բ. Մնաց. 34, 4-5): Այրելու ընթացքում Յովսիան տեսաւ յատուկ մի գերեզման ու խորհեց այն այրել: Բայց երբ սկսեց հետաքրքրուել, թէ այդ գերեզմանը ո՞ւմն է, քաղաքի մարդիկ պատասխանեցին իրեն. «Աստծու մարդու գերեզմանն է, որ եկաւ Յուդայի երկրից եւ Բեթէլի այս զոհասեղանի մասին այդ բաներն ասաց» (Դ. Թագ. 23, 17): Այս Աստծու մարդը Յովսիայի նման քանդել էր հեթանոսական կուռքերը: Երբ այդ մարդու մասին լսեց Յովսիան, ասաց. «Ձեռք մի՛ տուէք, ոչ ոք թող տեղահան չանի նրա ոսկորները» (Դ. Թագ. 23, 18): Այս աստուածավախ ու հաւատաւոր մարդու մասունքները պէտք չէր, որ այրուէին: Յովսիայի այս խօսքը նման էր ու համահունչ Ամոս մարգարէի խօսքին, եւ սա կը լինի լրացուցիչ մի ապացոյց այն բանին, թէ ոչ թէ Հին Ուխտի աստուածապաշտ մարդիկ դիակիզւում էին, այլ նրանք, ովքեր գրգռել էին Աստծու զայրոյթը եւ այսպիսով արժանացել Նրա խիստ բարկութեանը:
[1] Աստուածաշնչի արեւմտահայերէն թարգմանութեան մէջ գրուած է. «Բայց դուն քու գերեզմանէդ դուրս նետուեցար գարշելի ընձիւղի մը պէս, սուրով խոցուած մեռելներուն հանդերձին պէս որոնք մինչեւ գուբի քարերը կ՚իջնեն, կոխկռտուած դիակի պէս: Դուն թաղումով անոնց չմիացար, քանզի քու երկիրդ կործանեցիր ու ժողովուրդդ սպաննեցիր. չարագործներուն սերունդը յաւիտեան պիտի չյիշուի» (Ես. 14, 18-20):
Գևորգ սրկ. Գևորգյան
«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից