Դիակիզման ջատագովները միշտ փորձում են վախեցնել հանրութեանը՝ նշելով դիակների տարրալուծման արտադրանիւթի՝ ստորերկրեայ ջրերի մէջ թափանցելու երեւակայական վտանգի մասին, իսկ շրջապատի օդի իրական թունաւորումը դիակիզման պատճառով, իհարկէ, հիմնաւորապէս անտեսւում է: Ըստ վիճակագրութեան՝ մահացածների ատամների մէջ լցուած սնդիկի լեցուկը կազմում է մթնոլորտում դիակիզման գործընթացի պատճառած սնդիկի գոլորշու բոլոր արտանետումների մէկ վեցերորդ մասը: Միջին հաշուով դիակը իր ատամների մէջ սովորաբար պարունակում է երկուսից չորս գրամ սնդիկ: Օրինակ՝ Դանիայում 2001-ին մէկ մարդու ատամների սնդիկի լեցուկի միջին պարունակութիւնը կազմում էր 4,1 գրամ[1]:
Սնդիկի ընդհանուր պարունակութիւնը 41,000 դիակիզուած մարմինների մէջ 2001-ին կազմել էր 170 կիլոգրամ ու զեկոյցի մէջ արձանագրուել է, թէ սնդիկի արտանետման ծաւալի 100 տոկոսն ազատ արձակուել է մթնոլորտ, քանի որ դիակիզարանները յագեցած չէին համապատասխան մաքրիչ սարքերով: Այսպիսով, սովորական դիակիզարանը, տարեկան այրելով 3,700 մարմին (տասը մարմին մէկ օրում), մթնոլորտում արտանետում է աւելի քան 11 կիլոգրամ սնդիկ[2]: Օրինակ, ըստ վիճակագրութեան, Բելոռուսիայի Մինսկ մայրաքաղաքում ամէն օր միջին հաշուով մեռնում է 47 մարդ, իսկ դիակիզւում են մահացածների մօտ երեսուն տոկոսը: Ամէն օր մոխիր է դառնում 10-15 մարմին: Եթէ բոլորը դիակիզուէին, սնդիկի ազատ արձակումը կը կազմէր աւելի քան 50 կգ.: Սնդիկի գոլորշին տարածւում է շատ հեռաւոր տարածութիւններ: Հինգ կիլոմետր շառաւղով արտանետւում է վեց տոկոս սնդիկի գոլորշի, իսկ 100 կիլոմետր հեռաւորութեան վրայ այն հասնում է 60 տոկոսի: Մինսկի այդ մէկ դիակիզարանը, փաստօրէն, թունաւորում է ողջ երկրի տարածքը: Սնդիկի գոլորշու թունաւորումը յիսուն անգամ աւելի զօրեղ է, քան մկնդեղի թթուի (arsenic) թունաւորումը: Շվուէդիայի գիտնականները 1969-ին յայտնաբերեցին սնդիկի կենսաբանական թունաւոր մետիլարկութեան երեւոյթը: Յայտնաբերուել է, թէ որոշ մանրէների կենսագործունէութեան հետեւանքով սնդիկի միացումների բաղադրութիւնները փոխակերպւում են աւելի հզօր թոյների, որոնք են դիմեթիլսնդիկը (dimethylmercury) ու մեթիլսնդիկը (metylmercury): Սննդի (ձուկ, միս, բոյսեր) շղթայական սպառման հետեւանքով թունաւոր միացումները հասնում են մարդու մարսողական համակարգին: Իսկ եթէ սնդիկի թունաւոր արտանետումների աճը շարունակուի նոյն ուժգնութեամբ, ապա 2020 թուականին դիակիզարանները կը դառնան մթնոլորտի ամենամեծ ապականողները:
Սնդիկի արտանետման խնդիրը դիակիզման ժամանակ միակը չէ: Փաստ է, որ օրգանական մարմնի այրուելու հետեւանքով առաջանում են խիստ թունաւոր դիօքսիններ (dioxins), որոնք իրենց ազդեցութիւնն են թողնում մարդկային ծննդաբանութեան գենոֆոնդի վրայ: Սրանք ունեն հետեւեալ բացասական ազդեցութիւնները՝ ներազդակ ու վերարտադրողական գործառոյթների պաշտօնի խանգարումներ, քաղցկեղի առաջացումներ, մաշկի զանազան հիւանդութիւններ, ախտամերժ համակարգի խանգարումներ, կենտրոնական ու նեարդային համակարգի խանգարումներ, շնչառական համակարգի խանգարումներ: Սրանք խիստ թունաւոր միացումներ են, որոնք առաջացնում են այնպիսի յայտնի թոյներ, որոնք են մորմինը (strychnine), կուրարը (curare), ու ջրածնախաժական թթուն (hydrocyanic), որոնք զիջում են միայն բոթուլոտոքսինի (botulinum), փայտացման կամ կարկամախտի ու կեղծամաշկութեան (դիֆտերիայի) թոյներին: Դիօքսինները պատկանում են առաջին կարգի վտանգաւորութեանը: Ուստի դիակիզարանը պաշտօնապէս ճանաչւում է միջավայրի աղտոտման աղբիւրներից մէկը[3]:
Ներկայ դրութեամբ դիմեթիլսնդիկը ու մեթիլսնդիկը ապացուցուած քաղցկեղածին նիւթեր են (carcinogens), իսկ նէյրոտոքսիններն (neurotoxicants) առաջացնում են յոգնածութիւն, քնկոտութիւն եւ ախորժակի կորուստ, գլխացաւեր, նեարդային համակարգի խանգարում, երիկամի ու լեարդի հիւանդութիւններ, ատամների ու մազերի կորուստ: Դիօքսինները, մեթիլսնդիկն ու դիմեթիլսնդիկը կարող են տարածուել շատ հեռու` վնասակար ազդեցութիւն թողնելով առողջութեան վրայ: Եթէ սրան աւելացնենք նաեւ աղտոտման եւ ածխածնային արտանետումները, ապա կը ստանանք իրական պատկերը, թէ ինչպէս է դիակիզումն ազդում շրջապատի վրայ: Բոլոր այս անբարենպաստ գործօնները լիովին բացակայում են աւանդական` երկրի հողի մէջ թաղելու դէպքում:
Դիակիզման ջատագովները բնակչութեանը վախեցնում են՝ ասելով, թէ իբր գետնի տակ թաղումը բոլոր տեսակի հիւանդութիւնների ու վարակի աղբիւր է հանդիսանում: Բայց անտեսւում է այն պատմական փաստը, որ համաշխարհային պատերազմների ժամանակ գոյութիւն ունէին զոհուածների բազմաթիւ զանգուածային ընդհանուր գերեզմաններ: Ու թաղման մարմինների տարրալուծումը ոչ մի վարակիչ հիւանդութիւն կամ համաճարակ չառաջացրեց՝ բնակչութեանը վախեցնելու համար:
1859-ին բժշկական մասնագէտների համաշխարհային կոնգրեսը Իտալիայի Ֆլորենս քաղաքում պնդեց, թէ հողի տակ թաղուելն անառողջ է: Դիակիզման կողմնակիցները նախընտրում են դիակիզարանի կրակը, որովհետեւ այսպիսով կարծում են, թէ կը խուսափեն որդերից: Սակայն աստուածահաճոյ թաղման կարգը խախտողները, վախենալով ժամանակաւոր որդերից, ըստ Տիրոջ խօսքի, ընկնում են «գեհեն, ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգչում, որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի» (Մարկ. 9, 44):
Ժամանակակից դիակիզարանները իրականութեան մէջ ծուխ ու գարշահոտութիւն չեն տարածում, բայց նրանց բնապահպանական անվտանգութեան մասին հաւաստիացումը, որ ուղղւում է անգէտ ունկնդիրներին, չի համապատասխանում իրականութեանը: Այնպէս որ դիակիզման գործընթացը բարդ, թանկ եւ բնապահպանութեաբ տեսակէտից վնասակար է: Այս մասին հանրութեանը, անշուշտ, գերադասում չտեղեկացնել: Բոլոր այս մանրամասնութիւնները լուսաբանում են, թէ ինչպէս են մեզ փորձում ստիպել՝ ընտրելու կենսաբանրօէն վնասակար մարմնի պղծութիւնը` պարզ, յարգալից թաղման փոխարէն:
Դիակիզման գաղափարի կողմնակիցների ու պաշտպանների մէկ այլ պատճառաբանութիւններից է այն, որ ապագայի թաղման համար բաւարար տեղ չի մնում գերեզմաններում: Նրանք յաճախ պնդում են, թէ գերեզմանները ծանրաբեռնուած են, ազատ տարածքները, որ օգտագործւում են գերեզմանոցների համար, կորած են համարւում, եւ այս խնդիրը լուծելու միակ ելքը դիակիզումն է: Ասում են, թէ` «երկիրը ողջերի համար է, եւ ո՛չ թէ մեռելների»: Ճիշտ է, որ երկիրը ողջերի համար է, բայց ո՞վ կարող է կտրականապէս ասել, թէ այն նաեւ հանգուցեալներինը չէ: Արդեօք Աստուած երկիրը չտուե՞ց նաեւ մեռածներին, երբ Ինքը թաղեց Մովսէսին (Բ. Օրին. 34, 5-6) ու նոյնիսկ հրաման տուեց, որ բոլոր յանցագործներն էլ թաղուեն (Բ. Օրին. 21, 23): Մովսէսն արժանացել էր առանձնայատուկ պատուի, եւ սա երեւում է այն փաստից, որ Աստուած Ինքը թաղեց Մովսէսին։ Աստուածաշնչի Եօթանասնից (Սեպտուագինտա) յունարէն թարգմանութիւնում այսպէս է գրուած. «Տէրը նրան (Մովսէսին) Բեթփեգովրի Մովաբի երկրի ձորում թաղեց, եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը» (Բ. Օրին. 34, 5): Հրէական Թալմուդում նոյնպէս գրուած է, որ Աստուած թաղեց Մովսէսին. «Գնա՛ Աստծու ետեւից, թաղի՛ր մեռածներին, ինչպէս Նա (Աստուած) թաղեց Մովսէսին Մովաբի արտում»[4]։ Նաեւ հնարաւոր է, որ Տէրն այս թաղումը կարգադրեց Իր հրեշտակներին: Այս տողերի օգտին կարելի է աւելացնել անմիջապէս շարունակուող հետեւեալ տողերը. «Եւ ոչ ոք մինչեւ այսօր չգիտի, թէ որտեղ է նրա գերեզմանը» (Բ. Օրին. 34, 6): Այս եզրակացութիւնը կարծէս թէ գտնում է իր հաստատումը նաեւ Յուդայի 1 գլխի, 9-րդ համարում։
Գերեզմանոցների տարածքային խնդրի համար պէտք է հաշուի առնել, թէ որքան տարածութիւն գոյութիւն ունի, որ բնաւ յարմար չէ մշակութեան ու հողագործութեան համար: Գերեզմանոցներ կարող են տրամադրուել յատկապէս լեռնային ազատ տարածքներում, որտեղ հողը չի կարող մշակուել շինարարութեան ու գիւղատնտեսութեան համար: Եթէ իսկապէս կայ տարածքի խնդիր, ապա թերեւս կարելի է այս հարցը լուծել՝ մի քանի ննջեցեալ նոյն տեղը իրար վրայ թաղելով։ Այս դէպքում հարկաւոր է գերեզմանափոսը փորել շատ խորը եւ այնտեղ հերթականօրէն տեղաւորել ընտանիքի հանգուցեալ անդամներին։ Նրանք, ովքեր մահացել են երկար տարիներ առաջ (բնականաբար, քայքայուած կը լինեն նաեւ դագաղները), կարելի է նոյնիսկ նրանց ոսկորները մէկտեղել ու նոր ննջեցեալների ոտքերի մօտ ամփոփել[5]:
Եթէ հսկայական տարածքներ մեծ գումարներով չվաճառեն ու հսկայական դամբարաններ չշինեն, հողը չի շռայլուի: Հազարաւոր տարիներ հայերն այստեղ են ապրում եւ ինչո՞ւ հողերը չեն վերջանում: Ի վերջոյ 100-150 տարի յետոյ նոյն գերեզմանում կարող են կրկին թաղում կատարել: Որպէս խնդրի ժամանակաւոր լուծում, լայնօրէն շրջանառւում է տիպային գերեզմանոցների տարբերակը: Սա ենթադրում է միանման աւելի համեստ չափերի փոքրիկ գերեզմաններ ու գերեզմանաքարեր, որտեղ հանգուցեալների վրայ դրւում են միանման եզրագծերով փոքրիկ շիրմաքարեր, ինչպէս որ առաջաւոր երկրներում է: «Յուղարկաւորութեան կազմակերպման եւ գերեզմանոցների ու դիակիզարանների շահագործման մասին» օրէնքում կան նաեւ գերեզմանատեղերի վերաբերեալ այլ կէտեր: Եթէ նոր օրէնքը գործի, ապա գերեզմաններում չեն լինի հսկայական տարածքներ գրաւող դամբարանատիպ շինութիւններ:
Հայաստանում դիակիզարաններ առայժմ չկան, բայց այս խնդիրն արդէն տանջում է շատերին, որոնք չեն ուզում Արեւմուտքից յետ մնալ: Հայաստանի կառավարութիւնը դիակիզարան կառուցելու որոշում էր ընդունել դեռեւս 1975 թուականին: Իսկ 2006-ին ընդունուեց «Յուղարկաւորութեան կազմակերպման եւ գերեզմանոցների ու դիակիզարանների շահագործման մասին» օրէնքը: Ըստ օրէնքի՝ «դիակիզարաններ Հայաստանում պէտք էր կառուցուած լինէին մինչեւ 2008 թուականը, բայց մինչեւ օրս ոչ մի դիակիզարան կառուցուած չէ: Կարծիքներն էլ դիակիզարանի կառուցման եւ ընդհանրապէս դիակիզման մասին հակասական են: Հետաքրքիր է, որ նոյնիսկ այն պաշտօնեաները, որոնք կարծում են, թէ դիակիզարանի կառուցմամբ մաքրւում է քաղաքը (եւ դա անհրաժեշտութիւն է), յաջորդ պահին նշում են, թէ իրենք, իհարկէ, չեն ցանկանում դիակիզուել»[6]: «Յուղարկաւորութեան կազմակերպման ու գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրէնքում նշուած է, թէ` «Երեւանը շրջապատուած է գերեզմանոցներով, որոնք զբաղեցնում են մայրաքաղաքի տարածքի 7-8 տոկոսը»: Հայաստանում տարածքները չեն բաւարարում գերեզմանոցների համար: Սակայն «Երեւանի գերեզմանատների զբաղեցրած տարածքների ճիշդ չորս անգամ աւելին շինարարութեան համար ոչ պիտանի տարածքներ են, որոնց եթէ կէսը յատկացուի նոր գերեզմանատներին, նշանակում է, թէ առնուազն հինգ հարիւր տարի Հայաստանը չի ունենայ գերեզմանների հետ կապուած որեւէ խնդիր, մանաւանդ եթէ այդ նորակառոյց գերեզմանատներն ունենան կարգաւորուած ծրագիր, հաւասարապէս բաշխուած գերեզմաններով, ինչը յատուկ է քաղաքակիրթ երկրներին, ոչ թէ ինչպէս մեր այսօրուայ գերեզմանատներն են»[7]: Գերեզմանոցների տարածքներն արգելք չեն, քանի որ Հայաստանում կան բաւական շատ ոչ պիտանի տարածքներ, որոնք կարելի է յատկացնել նոր գերեզմանոցների համար:
Դիակիզումն արդարացնելու տարածքային պակասի խնդիրը համոզիչ չի թւում, յատկապէս եթէ նայենք այն փոքր երկրի օրինակին ինչպիսին է Իսրայէլը: Իսրայէլում ազատ տարածքների հսկայական պակաս կայ: Սակայն իսրայէլացիների եւ արաբների մտքից չի անցնում մահացածներին այրելու գաղափարը, քանի որ նրանք ամենայն հաստատակամութեամբ պահպանում են իրենց կրօնական համոզմունքներն ու ազգային աւանդոյթները: Այս պետութեան մէջ ոչ մի դիակիզարան գոյութիւն չունի: Աւելին, Իսրայէլում անկարգութիւններ կարող են առաջանալ այն ժամանակ միայն, երբ անհանգստացնեն հնագոյն շիրիմները: Յատկանշական է, թէ երբ Իսրայէլում տարիներ առաջ նման իրավիճակ յայտնուեց, այնտեղ քաղաքացիներն այրեցին մասնաւոր ներդնողների կողմից կառուցուած առաջին դիակիզարանը (2005 թուականին), իսկ յետոյ լրատուական ծառայութիւնների միջոցով խորհրդարանին ու դիակիզման կողմնակիցներին բացատրեցին պատճառը, թէ իրենց երկիրը կարիք չունի դիակիզարանի: Իսրայէլի խորհրդարանական յանձնաժողովի` կրօնի հարցերով զբաղուող նախարարը խորհրդարանում անօրինական հռչակեց այն ընկերութիւնը, որ կառուցել էր այդ դիակիզարանը: Դժուար թէ ապագայում Իսրայէլում նորից յայտնուի մի այլ դիակիզարան[8]: Իսրայէլի խորհրդարանի որոշումով ընդունուեց օրէնք դիակիզման անօրինակութեան եւ այդ օրէնքը խախտողների պատժի մասին:
Մէկ այլ պատճառաբանութիւնն այն է, թէ մարդիկ յուղարկաւորութեան համար մեծ ծախսեր են անում, իսկ դիակիզման դէպքում իբրեւ թէ նուազում են այդ ծախսերը: Դիակիզման ծախսերը չեն նուազում, այլ որոշ դէպքերում, ընդհակառակը, շատանում են, քանի որ պէտք է վճարուեն դիակիզումը, աճիւնասափորը, դարակը, որտեղ դրւում է սափորը: Տէր Մխիթար քահանայ Ալոյեանն իր հարցազրոյցում նշում է. «Հոգեբանօրէն հայի նկարագիրն այնպիսին է, որ թաղման կարգը պէտք է կատարուի ըստ պատշաճի՝ հարազատը հողի մէջ ամփոփուի ու պարտադիր հոգեհաց տրուի»: Սբ. Գրիգոր Տաթեւացին ասում էր. «Եթէ զաւակն ունի երկու հաց, թող մէկը տայ ծնողի հոգու համար՝ որպէս հոգեհաց»: Անհաւատները, անաստուածները եւ այլադաւանները կարող են յօժարակամ գնալ դիակիզման, բայց մենք՝ որպէս քրիստոնեաներ, Հայց. Առաքելական Եկեղեցու հաստատուն հետեւորդ հաւատացեալներ, դէմ ենք դիակիզմանը: Եւ այլ բացատրութիւն ու արդարացում ընդունելի չէ, որովհետեւ հող ենք եւ հողին ենք վերադառնալու: Նաեւ հոգեհանգիստ հնարաւոր չէ կատարել այդ սափորի ու մոխրի վրայ. եթէ մարմինը չկայ, ինչի՞ վրայ արարողութիւն պիտի կատարուի: Այս պատճառով, պարզորոշ կերպով, մեր Հայ Առաքելական Եկեղեցու սպասաւորի դիրքորոշումը դէմ է դիակիզմանը»[9]: Քանի որ Արեւմուտքում դիակիզման խնդիրը լրջօրէն եւ աստուածաբանօրէն ուսումնասիրուած չէ, հոգեւորականներն ու եկեղեցիները յաճախ ընդունում են դիակիզումը, որովհետեւ սրա ծախսը տնտեսապէս աւելի էժան է երեւում, քան թաղումը: Ըստ վիճակագրութեան՝ ԱՄՆ-ում թաղումը համեմատաբար աւելի թանկ է, քան ուրիշ երկրներում: 2010 թուականին թաղման ծախսը կազմում էր 6,000-8,000 դոլար, իսկ դիակիզման ծախսը համեմատաբար աւելի նուազ չէ[10]: Նոյն ժամանակաշրջանում ամերիկեան դիակիզման միջին ծախսը կազմում էր թաղումից մօտաւորապէս 500 դոլար պակաս: Դիակիզարանի նախնական վիճակագրութեան ու կանխատեսումների համաձայն՝ Ամերիկայում 2015-ին, դիակիզման քանակը նախատեսւում է 46,04 տոկոս, իսկ 2025-ին` 58,85 տոկոս: Միայն դիակիզման միջին ծախսը, առանց որեւէ արարողութեան, կազմում է 1,000-2,000 դոլար: Դիակիզումը, յիշատակումի արարողութիւնն ու մոխրի` երկրի տարրերին ցրելու պաշտօնական ծառայութիւնն արժէ 3,000-5,000 դոլար կամ էլ 6,000-16,000 դոլար եւ աւելին՝ կազմում է ամբողջական աւանդական դիակիզման ընդհանուր ծախսը, որում ընդգրկուած է բաց դագաղով հանգուցեալին այցելութիւնը, որին յաջորդում է դիակիզումը, ձեւաւորուած աճիւնասափորը, դամբարանն ու տեղադրումը դամբարանի պահարանում[11]: Եթէ այս բոլորին գումարենք նաեւ հոգեհացը, ապա որոշ դէպքերում դիակիզումը աւելի թանկ կը լինի, քան թաղումը: Եթէ նոյնիսկ դիակիզումն աւելի ժան լինի, սա պէտք չէ, որ ընդունելի պատճառ լինի դիակիզումն ընտրելու համար: Քրիստոնէական-աստուածաբանական արժէքները պէտք է գերակշռեն դիակիզարանի ծախսերը: Իսկ երբ ծախսի տարբերութիւնը բացայայտ է, այսինքն՝ եթէ թաղումն աւելի թանկ է, ուրեմն լաւ կը լինի, որ քրիստոնեայ բարեկամներն ու ընկերները նմանուէին նախնի քրիստոնեաներին, որոնք յօժարակամ ու մշտապէս օգնում էին աղքատներին ու չքաւորներին՝ թաղման ծախսերը հոգալով:
Թաղման ծախսի շատ լինելը պէտք չէ դիակիզման պատճառ լինի: Ե՞րբ է դրամը թելադրել ճշմարտութեանն ու արդարութեանը: Աստուած մի՛ արասցէ: Յուդան ուրացաւ Յիսուս Քրիստոսին ընդամէնը երեսուն արծաթ դրամով: Արդեօ՞ք դուք եւս կարող էք ուրանալ Քրիստոսին փոքր-ինչ ֆինանսական շահով` թաղման փոխարէն նախապատւութիւնը տալով դիակիզմանը: Եթէ դուք որոշել էիք ձեր սիրելիին դիակիզել, կամ էլ, եթէ ձեր կամքին հակառակ ձեզ դիակիզեն, խնդիր չկայ, Աստուած հեշտութեամբ կարող է վերակենդանացնել ու յարութիւն տալ ձեզ կամ ձեր ննջեցեալներին: Բնական տարրալուծման պատճառով քայքայուած մարմինը վերակենդանացնելը հեշտ է Աստծու համար, եւ սա Աստծու գործն է, այլ ոչ նրա, ով այրում է մարմինը:
[1] Skarup S. Substance Flow Analysis for Mercury / Skarup S. [et al.] //Environmental project № 808, The Danish EPA. - 2003.
[2] Leicester College-UK, Department of Geology.
[3] Диоксины. Под. научн. ред. д.б.н. Коровина Л. К., Балтика и вредные вещества. Информ. вып. №3, С-Пб., 2003.
[4] Babylomian Talmud, Tractate Sotah 14a, (Folio 14a).
[5] Այս մօտեցումն առաջարկւում է խնդրով մտահոգ որոշ հետազօտողների կողմից, ինչն առայժմ միանշանակ չի ընդունւում եւ քննարկման փուլում է՝ վրաթաղման (նաեւ՝ վերաթաղման) ժամանակ առաջացող ծիսական-աստուածաբանական շեղումները բացառելու միտումով։
[6] Տե՛ս http://www.panorama.am/am/news/2013/09/23/crematorium/439162 (առ 12/26/15)։
[7] Տ. Խորեն աբղ. Առաքելյան, «Դիակիզո՞ւմ, թէ՞ թաղում», տե՛ս http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2013/04/308_308_DIAKIZUM.pdf (առ 25/10/15)։
[8] Տե՛ս http://www.ynker.am/ես-հող-եմ-հողին-պիտի-դառնամ (առ 10/25/15)։
[9] Նոյն տեղում։
[10] NFDA, 2010 Selected Funeral Service Information and Statistics.
[11] Տե՛ս http://personalfinance.costhelper.com/cremation.html (առ 25/10/15)։
Գևորգ սրկ. Գևորգյան
«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից