Դպրոցականների հագեցած օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Մայիսի 19-ին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի 3-րդի «Բ» դասարանի աշակերտներն իրենց դասվարի՝ Գալստյան Քրիստինեի ուղեկցությամբ այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Մեծ էր տարրական դասարանի աշակերտների ուրախությունը. նրանք եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ միասնական աղոթք ունեցան թե՛ եկեղեցում և թե՛ եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում: Ապա Տեր Հոր ներկայացմամբ տեղեկացան, թե ինչու է եկեղեցին «Զորավոր» կոչվում, ծանոթացան Ս. Անանիա առաքյալի վարքին, «Զորավոր» Ավետարանի պատմությանը և որ եկեղեցին տարվա ընթացքում երեք մեծ սրբությունների՝ «Զորավոր» Ավետարանի, Ս. Անանիայի մասունքակիր Աջի և Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օրերն ունի: Աշակերտները, ծնողներն ու մանկավարժն ուրախությամբ արձագանքեցին նաև այն փաստին, որ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն է նվիրաբերվել Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչը, որը երկու շաբաթ առաջ՝ Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը, օծվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի ձեռամբ: Այնուհետև Տեր Վահանը դպրոցականների հետ զրուցեց մկրտության խորհրդի կարևորության և սնոտիապաշտական երևույթներին կյանքում տեղիք չտալու մասին: Երեխաները համակ ուշադրությամբ լսում էին Տեր Հորը, նրանց զարմանք պատճառեց այն տեղեկությունը, որ, ըստ եկեղեցու կանոնի, երեխան ութ օրեկանում է մկրտվում, բացի այդ իրենք հստակեցրին այն, որ քրիստոնյան պետք է ապավինի խաչի զորությանը և ոչ թե աչքի ուլունքին կամ այլ սնոտիապաշտական առարկաներին:

Աշակերտների դասվար Գալստյան Քրիստինեն կարևորեց նմանատիպ այցերն ու հանդիպումները՝ նշելով, որ դրանք կլինեն շարունակական. «Այսօր երեխաները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի այցելելով, տեղեկացան և հաղորդ դարձան եկեղեցու պատմությանն ու զորավոր սրբություններին, իսկ զրույցի շնորհիվ մեծ գիտելիքներ պաշարեցին մկրտության խորհրդի և ճշմարիտ քրիստոնյայի կերպարի վերաբերյալ»:

Դպրոցականները տուն վերադարձան՝ իրենց հետ տանելով օրհնությամբ և կարևորագույն գիտելիքներով լի հագեցած օրվա տպավորությունները:

 

Կարինե Սուգիկյան

19.05.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․