Դրամական աջակցություն ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի շահառուների ընտանիքներին

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերին իրենց գործուն մասնակցությունն են բերում ոչ միայն համայնքի անդամները, այլ նաև արտերկրում բնակվող հավատավոր մեր հայրենակիցները: Ամերիկահայ Կարեն Վարդանյանը և մոսկվաբնակ Եգոր Բաղդասարյանը հերթական անգամ իրենց նյութական աջակցությամբ (յուրաքանչյուրը՝ 500-ական ԱՄՆ դոլար) նպաստեցին եկեղեցու հերթական սոց.ծրագրին, որ նպատակաուղղված էր աջակցելու ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի տասը կարիքավոր ընտանիքների: Կենտրոնում հիմնադրման իսկ օրից առ այսօր գրանցված են ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող թվով 360 շահառուներ: Տարվա ընթացքում շահառուները պարբերաբար ստանում են սննդի և հիգիենիկ փաթեթներ: Այս անգամ ընտրվեցին առավել կարիքավոր տաս ընտանիքներ՝ հաշվի առնելով նրանց խիստ կարիքավորության աստիճանը՝ վարձակալությամբ բնակվողներ, ՄԻԱՎ-ով ապրող երեխաներ, միակողմանի ծնողազուրկ երեխաներ:

«Ցերեկային կենտրոն»-ի կարիքավոր այս ընտանիքներն ապրիլի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Առավոտյան ժամերգությանը: Ժամերգության ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը զրույց ունեցավ նրանց հետ, բժշկության աղոթք կարդաց և տասը ընտանիքներից յուրաքանչյուրին փոխանցեց բարերարների կողմից տրամադրած դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար): Ընտանիքներն անչափ շնորհակալ էին Տեր Գրիգորից և աջակից անձանցից:

Նշենք, որ ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ը գործում է 2011 թ.-ից՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, և իր շահառուներին տրամադրում հոգևոր, հոգեբանական, սոցիալական աջակցություն և հավասարը հավասարին խորհրդատվություն: Կենտրոնի գլխավոր նպատակն է նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը, նպաստել նրանց ինտեգրմանը հասարակության մեջ, սոցիալական վիճակի բարելավմանը և հոգևոր արժեքների ձեռքբերմանը:

«Ողորմություն տալու մեջ մեծ առատաձեռնություն ցուցաբերենք, որպեսզի տալով մի փոքր՝ արժանանանք մեծ պարգևների: Քանի որ, ասա ինձ, ի՞նչ հավասարություն կա այստեղ, տալ մի փոքր գումար և ստանալ մեղքերի թողություն: Կերակրել քաղցածին և համարձակության արժանանալ դատաստանի ահավոր օրը և լսել խոսքերը, որ թագավորություններ արժեն. «Քաղցած էի, և Ինձ կերակրեցիք» (Մատթեոս 25:35)» (Ս. Հովհան Ոսկեբերան):

 

Կարինե Սուգիկյան

26.04.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․