Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, մշտապես հոգևոր և նյութական աջակցություն է ցուցաբերում սիրիահայ ընտանիքներին: Սիրիայում սկիզբ առած պատերազմական տարիներից ի վեր Հայաստան գաղթած սիրիահայ ընտանիքներից, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ձևավորվեց սիրիահայ համայնք: Մարտի 9-ին Տեր Գրիգորը սիրիահայ համայնքից Լուսին Չոփուրյանին (84 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Լուսին իր որդու՝ Կարապետ Գասպարյանի (52 տ.) հետ Հայաստան է եկել 2016 թ.-ին և վարձակալությամբ բնակվում է Աջափնյակի Էստոնական փ. 7 հասցեում: Նա նշեց, որ որդին շինարարությամբ է զբաղվում և նրա նվազագույն աշխատավարձն ու իր կենսաթոշակի գումարը չեն բավարարում, որ հոգան իրենց նվազագույն կարիքները, վճարեն տան և կոմունալ վարձերը: Նա անչափ շնորհակալ էր Տեր Գրիգորին և աջակից անձին՝ հոգածու վերաբերմունք ցուցաբերելու համար:
«Դուք իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ»,- ասում է մեր Տերը (Հովհ. 15:14): Այս տողերը վկայում են Արարչի անսահմանելի սիրո արտահայտությունն Իր արարածների հանդեպ, ովքեր պատվիրանապահությամբ կարող են արժանանալ Աստծո բարեկամը լինելու մեծ պատվին: Եկեղեցու հայրերը նշում են, որ եթե մեծ նշանակություն ունի երկրային արքայի ընկեր լինելը, ապա որքան մեծ պատիվ է երկնային արքայի բարեկամ և ընկեր լինելը, Նրա, Ով պահպանում է ողջ աշխարհը: Զարմանալի է Աստծո Որդու սերը մարդկանց հանդեպ. միայն նրա համար, որ սիրում ենք մեր նմանին, Նա արժանացնում է մեզ Իր ընկերը լինելու մեծագույն պատվին:
Կարինե Սուգիկյան