22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
- Հա՛յր, մի տիկին հարցրեց մեզ, թե ինչպես վարվի իր երկու զարմուհիների հետ, ովքեր երկար տարիներ իր հաշվին են ապրում:
- Իսկ նա ի՞նչ է ուզում: Ի՞նչ է, նոր Ավետարան գրե՞նք: Աստված կամենում է, որ նա օգնի նրանց, իսկ Ինքն էլ կանի այն, ինչ օգտակար է նրանց հոգիների համար:
- Հա՛յր, եթե հարազատների միջև թյուրիմացություն է առաջ գալիս, ապա պե՞տք է արդյոք ինչ-որ բան ասել նրանց օգնելու համար:
- Այո՛, պետք է խոսել նրանց հետ, բայց նրբանկատորեն: Քանի որ լռությունը կարող է չարիքի հանգեցնել: Իսկ եթե միմյանց հետ վիճաբանած ազգականներին բարի խորհուրդ տված մարդուն սխալ հասկանան և նեղանան նրանից, ապա նա պետք է ասի. «Ներեցեք ինձ, որ վշտացրեցի ձեզ», հանգիստ թողնի նրանց դրանից հետո և աղոթի նրանց համար:
Այն մարդն, ով ուզում է խաղաղ ապրել՝ հատկապես պետք է ուշադիր լինի հարազատների և ընկերների հետ հարաբերություններում: Նա չպետք է խաբվի այն դաստիարակությամբ և լավ վարվելակերպով, որ միգուցե տեսնում է մյուսների մեջ: Աշխարհիկ քաղաքավարությունն ու լավ վարվելակերպը կարող են ոչ պակաս չարիքի հանգեցնել, որովհետև իրենց մեջ կեղծավորություն ունեն: Մարդու արտաքին պահելաձևը կարող է նրան սուրբ ներկայացնել ուրիշների աչքին, սակայն, երբ նրա ներաշխարհը բացվի այլոց առջև՝ կպարզվի, որ իրականում ամեն ինչ հակառակն է:
- Հա՛յր, եթե մարդ զգում է, հասկանում, որ իր մերձավորն իրեն լավ է վերաբերվում, ապա ճիշտ կլինի՞ նրան երախտագիտություն հայտնել դրա համար:
- Եթե դա շատ մտերիմ մարդ է, ապա կարիք չկա, որովհետև նախ՝ ժամանակին ինքն էլ է օգնել նրան, լավություն արել, իսկ հետո՝ այդ մարդն արդեն զգում է այն ներքին երախտագիտությունը, որ մյուսն իր հանդեպ է տածում: Սակայն, եթե նա, ով իրեն լավություն է արել կամ լավ է վերաբերվել, այնքան էլ մտերիմ չէ, ապա հնարավորության դեպքում պետք է երախտագիտություն հայտնել: Օտար մարդկանց ասում ենք. «Շնորհակալություն»: Եվ եթե, օրինակ՝ երեխան ցանկանա ծնողներին շնորհակալություն հայտնել, ապա նրան ուրիշ ոչինչ չի մնա, քան օր ու գիշեր, անդադար «շնորհակալություն» ասել նրանց այն ամենի համար, որ իր համար անում են:
Մեծ օգուտ է, եթե մարդ պարզ է ուրիշների հետ իր հարաբերություններում, եթե միշտ լավ է տրամադրված նրանց հանդեպ և մարդկանց բոլոր ասածներին լուրջ չի վերաբերվում: Պետք է խուսափել այն խոսակցություններից ու վեճերից, որոնք իբրև թե հոգևոր շահի համար են սկսվում, սակայն հաճախ գլխացավի պատճառ են դառնում: Աստծուն չհավատացող մարդկանցից պետք չէ հոգևոր ըմբռնում ակնկալել: Ավելի լավ է աղոթել այդպիսի մարդկանց համար, որպեսզի Աստված ների և լուսավորի նրանց: Ամեն մեկի հետ պետք է այն լեզվով խոսել, որը հասկանում է, և կարիք չկա, որ (հավատացյալ մարդը) ուրիշների առաջ բացահայտի այն մեծագույն ճշմարտությունները, որոնց ինքը հավատում է և վերապրում, որովհետև ուրիշներն իրեն չեն հասկանա, քանի որ նա այլ հաճախության վրա է խոսում, այլ հաճախության (հոգևոր) ալիքի վրա է գտնվում:
Որոշ մարդիկ ասում են. «Ուզում եմ, որպեսզի ուրիշներն էլ ճանաչեն Քրիստոսին այնպես, ինչպես ես եմ ճանաչել»: Եվ այդ մարդիկ սկսում են ուրիշների հետ ուսուցիչների պես վարվել: Սակայն նրանց կյանքը պետք է համապատասխանի այն բանին, ինչին սովորեցնում են: Իրենց կյանքով այլ «քրիստոսի» ուսուցանելով և չհամապատասխանելով իրենց իսկ խոսքերին՝ նրանք չեն կարող ասել, թե ճանաչել են Քրիստոսին: (Հոգևոր կյանքի) փորձ չունենալով՝ մարդն իրականությունից դուրս է գտնվում և ուշ, թե շուտ նրա ներքին մարդը «կմատնի» իրեն այլոց: Երբ մեր մերձավորին իսկական սիրով ու սրտացավությամբ ենք վերաբերվում, ապա Քրիստոսի այդ ճշմարիտ սերը փոխում է նրան: Սրբություն ունեցող մարդը, որտեղ էլ որ հայտնվի, իր շուրջը, եթե կարելի է այդպես արտահայտվել, մի որոշակի հոգևոր էլեկտրամագնիսական դաշտ է ստեղծում և ազդում է բոլոր նրանց վրա, ով այդ դաշտում է հայտնվում: Իհարկե, մենք պետք է ուշադիր լինենք, և չվատնենք մեր սերը, և մեր սիրտը հեշտությամբ չտանք ուրիշներին, որովհետև հաճախ որոշ մարդիկ մեր սիրտն իրենց ձեռքն են առնում և այն (անիմաստ) տառապում է: Կամ էլ նրանք չեն կարողանում հասկանալ մեզ և վիրավորվում են մեզանից:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի