Գրքեր

Ձեր բոլոր հոգսերը Նրան թողեք, որովհետև Նա հոգում է ձեզ համար

Ավետարանական լույսն ուղենշում է երջանիկ ապրելու կեցության արվեստը: Առավոտյան արփիավառ լուսաբացն ազդարարում է արեգակի շուրջ երկրային ընդհանուր շրջապտույտից առանձնացած նոր օրվա սկիզբը, ճառագայթներով ողողում, ջերմացնում բնությունն ու մարդկանց հոգիները: Յուրաքանչյուր օր մարդու համար նորովի բացահայտում է ապրելու, գործելու, արարելու՝ լցված աստվածային սիրո գիտակցությամբ և ներուժով, որն ամբողջանում է տվյալ օրվա մեջ արդյունք և իմաստ ստեղծելու խորհրդով: Ամեն օր առանձնահատուկ է, ինչպես մնացյալ օրերը, և էապես նոր սկիզբ և լուսավոր նոր էջ սկսելու հնարավորություն է: Այս պատգամն արտացոլված է Սուրբ գրքում: Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլխում կարդում ենք, թե ձեր կյանքի համար հոգ մի արեք, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինը, քան զգեստը (Մատթ. 5.25): Այստեղ Հիսուս մատնանշում է մարդու հոգին լարվածության մեջ պահող առանցքային մի հանգամանք, որը կոչվում է անհանգստություն: Նա օրինակ է բերում, թե նայեցեք երկնքի թռչուններին, որոնք ո՛չ վարում, ո՛չ ցանում և ո՛չ էլ հնձում են, բայց Երկնավոր Հայրը կերակրում է նրանց, չէ՞ որ մարդիկ ավելին են, քան թռչունները (Մատթ. 5.26): Սակայն թռչուններին օրինակ բերելով ամենևին էլ մարդուն կոչ չի անում ծուլության, անհոգության: Չի նշանակում, թե պետք չէ աշխատել, ծրագրեր չնախագծել, այլ վստահել, ապավինել Աստծուն: Արարիչն իր նախախնամությամբ կերակրում է թռչուններին, սակայն ուշադրություն դարձնենք, որ նրանք պետք է կերակուր փնտրեն: Աստված մարդուն նույնպես սնունդ է տալիս, բայց մարդն էլ պետք է աշխատի: Պետք է այսօր մտածենք, տնկենք, որպեսզի վաղը բերք ստանանք: Սբ. Պողոս առաքյալը հստակ ասում է, թե ով չի ուզում աշխատել, թող հաց էլ չուտի (Բ Թես. 3.10), բայց նաև նշում է, որ hոգ մի արեք, այլ աղոթքներով և աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ հայտնի թող լինեն Աստծուն (Փիլիպ 4.6): ՈՒստի հարցը մարդու մտահոգության բեռից կքված հոգեբանական վիճակին է վերաբերում: 
Ավետարանում ասվում է՝ ինչպես Աստված կերակրում է թռչուններին, այնպես էլ հագցնում է ծաղիկներին, որոնք ստեղծված չեն Աստծո նմանությամբ և պատկերով և Աստծո որդիները չեն: Արդ, եթե դրանք Աստծո որդիները չեն, անշուշտ, կհագցնի նաև մեզ, որովհետև իր զավակներն ենք: Նույնիսկ Սողոմոնը` Դավթի որդին, հրեաների ամենահարուստ թագավորը, երբեք այնպես գեղեցիկ չհագնվեց, ինչպես շուշանը: Այնուհետև ասվում է, թե Աստված չի՞ հագցնի առավել ևս ձեզ, թերահավատնե՛ր: Մտահոգությունը թերահավատության դրսևորում է: Չի նշվում, թե հավատ չունեք, բայց իրականությունն այն է, որ բազմաթիվ քրիստոնյաներ թերահավատ են: Նրանք Աստծուն հավատում են, բայց հաճախ երկմտում, թերահավատ են դառնում տարբեր իրադրություններում և իրավիճակներում և չեն ունկնդրում Երկնավոր Հոր յուրաքանչյուր խոսքին ու հայտնվում մտահոգության լաբիրինթոսում: 
Ինչո՞ւ է Ավետարանը շեշտում, որ մտահոգությունն անիմաստ է: Հիսուս ասում է, որ ոչ միայն պետք չէ մտահոգվել, այլև անիմաստ է մտահոգվել, որովհետև մտահոգվելով մեր կյանքին ոչ մի ժամ չենք ավելացնի կամ էլ «մեր հասակին»` ոչ մի կանգուն: Ղուկասի Ավետարանում Նա ասում է` եթե ամենափոքր բանն անգամ չեք կարող անել, ուրիշ բաների համար ինչո՞ւ եք հոգ անում (Ղուկ. 12.26): Հիսուս ուզում է ասել, որ մտահոգվելը ոչինչ չի տալիս, այլ ընդհակառակը, խանգարում է մարդուն հաջողություններ ունենալ, ծրագրեր, նպատակներ իրականացնելու ճանապարհին: 
Մտահոգության պատճառներից մեկն այն է, որ անհատն ավելի շատ անդրադառնում է անհաջողություններին ու մանրուքներին, որոնք նրան պահում են ներքին լարվածության մեջ, քան իր ունեցած հաջողություններին ու գալիք հնարավորություններին: Կենտրոնացումը անցյալի և ապագայի խնդիրների վրա կարող է մարդուն հասցնել ամենօրյա փորձությունների, ջլատել նրա կամքը, վհատեցնել ու անգործության, հուսահատության մատնել, քանի որ մարդը կորցնում է իր ներդաշնակ ու նպատակաուղղված ապրելու իմաստը: Մյուս կողմից, եթե անհատը փորձում է իր ծրագրածին միանգամից հասնել, մեծ մասամբ ձախողվում է: Ինչպես օրինակ՝ գիրքը կազմված է էջերից, երաժշտությունը՝ նոտաներից: Երբ մեղեդին հնչում է, այն հնչում է համակարգված, միաժամանակ բոլոր նոտաները չեն հնչում, այլապես երաժշտությունը կամ երգն անհաջողության է մատնվում, և եթե այդպես մարդիկ ստեղծագործեին, նման դեպքում մենք չէինք կարողանա ունկնդրել Բեթհովենի, Բախի կամ այլ հայտնի երաժիշտների ստեղծագործությունները, որոնք համակարգված են սիմֆոնիայի սկզբունքով: Դրա համար է, որ Հիսուս պատգամում է մարդուն կյանքի նպատակները համակարգել ամենօրյա իմաստի իրագործման ուղենիշով, ապրելու մշակույթի մեջ կարգ ու կանոն, կարգապահություն հաստատել, ինչպես ասում է սբ. Բարսեղ Կեսարացին. «Հսկիր ինքդ քեզ», որտեղ մեծ դերակատարություն ունեն մտքի արթնությունը և կամքը: Այդ իմաստով է նաև «Հայր մեր» աղոթքը սովորեցնում մեզ, թե տուր մեզ հանապազօրյա հացը: Արդ, մեր հոգեկան հանգստությունն ու ուրախությունը կախված չեն այն հանգամանքից, թե որտեղ ենք գտնվում, ինչ ունենք կամ ինչպիսի դիրք ունենք հասարակության մեջ, այլ ինչպիսին են մեր մտածողության տրամադրվածությունը, ուղղությունը: Հարցն այն է, թե ինչպես ենք մտածում ու ինչպես ենք գնահատում իրողությունները: 
Ֆրանսիացի փիլիսոփա Միշել Մոնտենն ասում է, որ անհատը տառապում է ոչ այնքան նրանից, թե իսկության մեջ ինչ է տեղի ունեցել, այլ թե ինչպես է գնահատում ու արժևորում տվյալ եղելությունը: Մեզ ավելի շատ խանգարում են ոչ թե բուն պատճառները, այլ այդ պատճառներից ծնված անհանգստությունները: Հիսուս Քրիստոս սովորեցնում է ապրել ու գործել Աստծո ներկայությունն ու ապավինությունն իրապես ունենալու գիտակցությամբ և հոգևոր կերպով գնահատել և արժևորել, որովհետև հոգևոր գիտակցությունը մարդուն օժտում է մտքի արթնությամբ, իրադարձությունների ճիշտ և համակողմանի գնահատմամբ, խնդիրների լուծման եղանակների լուսաբանմամբ: Դեռևս բազում դարեր առաջ ապրած Պյութագորասը փիլիսոփայական փնտրտուքների մեջ ասել է, որ երջանկություն մի փնտրիր ուրիշ տեղ, այն միշտ քո ներսում է: Իսկ քրիստոնյայի համար այս միտքը դառնում է ավելի ամբողջական, երբ Հիսուս մատնանշում է, որ անհատը երջանիկ է ոչ միայն այն պատճառով, որ հասկացել է` այդ իրականությունն իրենից դուրս չէ, այլև իր կողքին ունի Երկնավոր Հոր անսահման հոգատարությունն ու աջակցությունը և ներկայությունը: Բայց մարդու թերահավատությունը խանգարում է նրան: Հիմնարար պատճառներից մեկն այն է, որ Հիսուս նշում է, թե գանձեր մի դիզեք ձեզ համար երկրի վրա, որոնք ոչնչանում, փոշիանում ու անցնում են, այլ գանձեր դիզեք երկնքում, որոնք մնայուն են և հավիտենական, քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն (Մատթ. 6.19-22): 
Անհատի սիրտը կենտրոնանում է կյանքի այնպիսի իրողությունների վրա, որոնք նա սիրում է: Մարդը ոչ միայն սիրում է այս կամ այն «գանձերը», այլև աշխատում է ապրել դրանցով: Որտեղ գտնվում են այդ արժեքները, որոնք նա համարում է իր «գանձերը», այդտեղ էլ նպատակաուղղված են նրա մտածումներն ու սիրտը և սերը: Արդ, մեր կյանքն այնպիսին է, ինչպես մենք մտածում ենք ու սրտով տենչում, այլ ոչ թե այնպես, ինչպես կարծում ենք ինքներս մեր մասին: Նա, ով հավիտենականն է փնտրում, հավերժականն է ձեռք բերում, նա, ով ժամանակավորն է փնտրում, ժամանակավորն է ձեռք բերում: Դրա համար Սուրբ գրքում ասվում է, թե խնդրեք Աստծո արդարությունը և երկնքի արքայությունը, մնացյալն ավելիով կտրվի ձեզ (Մատթ.6.33): 
Աստծո արդարությունը Հիսուս Քրիստոսի նմանությամբ ապրելն է, Նրան նմանվելն է: Իսկ Հիսուսին նմանվել նշանակում Է երկնքի արքայության ուղին բռնել, որովհետև այն հիմնված է աստվածային սիրո վրա: ՈՒստի, երբ Հիսուս ասում է, թե հոգ մի արեք վաղվա օրվա համար, նշանակում է, թե ձեր կյանքի առանցքը կառուցեք աստվածային սիրո գիտակցության վրա: Կարողանալ ոչ թե պարզապես սիրել` ունենալու համար «գանձեր», այլ կարողանալ սիրել, ինչպես Ավետարանում Երկնավոր Հոր մոտեցումն է բխում արեգակի և անձրևի օրինակի միջոցով. «որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5.45): 
Անվերապահ սիրելու արվեստը խարսխված է Քրիստոսով ապրելու կեցության մեջ: Մեծ մասամբ մարդկանց մեջ այս ընկալումները խառնված են և ավելին՝ նրանց մոտ առաջնայինն այն է, ինչը ժամանակավորն է՝ դա կլինի տուն, մեքենա, հարստություն, գիտելիք, արվեստ և այլն, որն այսօր կամ վաղը կորցնելու են... և անհանգստության ու տառապանքի մեջ են հայտնվելու, որովհետև միանշանակորեն ուշ, թե շուտ կորցնելու են այն, ինչը սիրում են։ Մյուս կողմից, եթե մարդ սիրել կարողանալու հոգևոր էությունը չընկալի, եթե աշխարհի ամբողջ հարստությունն էլ տան, նա երջանիկ չի լինի: Իսկ նա, ով ունենա աստվածային սիրո գիտակցությունը և ապրի այդ սիրով, ինչպես լույսը, ապա մշտապես երջանիկ կլինի, քանի որ կախված չի լինի որևէ իրից կամ իրողությունից: Դրա համար Աստված երբեմն քրիստոնյաներին սովորեցնում է կորցնել այն «գանձերը», որոնք կախման մեջ են պահում տվյալ անձին և շղթայում են նրան: «Գանձեր», որոնք ժամանակավոր են և հետագայում կորստյան ժամանակ մեծ հարված կարող են պատճառել անհատին, նույնիսկ կործանել: Այս ամենով երկնային նախախնամությունը մարդուն ուսանում է կյանքի կենտրոնում Աստծուն տեսնել և հիմնվել հավիտենական արժեքների վրա, որոնց հիմնասյունը աստվածային սիրով լցված հոգեվիճակն է: Յուրաքանչյուր հանգամանք Աստծո հսկողության տակ է, իսկ Աստված սիրող հայր է: Նա թույլ չի տա, որ մեզ այնպիսի բան պատահի, ինչը մեր իսկ լավի համար չէ (Հռոմ 8.28): ՈՒրեմն ինչո՞ւ անհանգստանալ: Եթե ճշմարտապես հավատանք սիրող Աստծուն, չենք անհանգստանա (Հռոմ. 8.35-39): Նույնիսկ առաքյալները սկզբում թերահավատ էին: Ամեն մի քրիստոնյա հավատի մեջ աճելու կարիք ունի: Այն շարունակական գործընթաց է ողջ կյանքի ընթացքում: Ով չի ապավինում Աստծուն, նա մտահոգված է հագուստի և սննդի համար: Նա Աստծուց առավել դա է փնտրում: Շատ հավատացյալներ հեթանոսների նման են, նրանք անհանգստանում են սննդի, հագուստի, այլ պիտույքների համար: Նրանք հիմնականում մտածում են աշխարհիկ երևույթների մասին: Այսպիսի հավատացյալները, իրոք, թերահավատ են: 
Արդ, Հիսուս սովորեցնում է, որ ամեն այգաբաց հնարավորություն պարգևող նոր օր է, որ մարդուն ներշնչում է գործել, ստեղծագործել, աշխատել, որովհետև ամեն մեկ օրն էլ կյանքի նոր ուղի է` լցված բազմագույն գեղեցիկ նրբերանգներով: Պետք չէ կորցնել այն՝ հետ նայելով, կամ վաղվա օրով ու երազանքներով տարվելով: Հիսուս սովորեցնում է մեր ուժերը ճիշտ օգտագործել, որովհետև վաղվա օրն իր հետ բերում է իր յուրօրինակ խնդիրները: Օրը լեցուն է տարբեր զբաղմունքներով ու գործերով: Եթե նույնիսկ այդ պահին չունենք աշխատանք, նայենք մեր շուրջը և կհայտնաբերենք այնքան գործ ու աշխատանք` թե՛ տանը, թե՛ շրջապատում, որ մեր առօրյան լցված կլինի ամբողջական կյանքով և նույնիսկ ժամանակ չենք ունենա մտածելու անհանգստություն պատճառող երևույթների մասին, քանի որ գործողությունները, զբաղմունքն ու աշխատանքը փոխում են մարդու տրամադրությունը: Մարդն իր ամենօրյա խնդիրներին անդրադառնալով ու լուծում տալով է հաջողություն ձեռք բերում: Նրա ներուժն այնքան մեծ չէ, որ մի քանի օրվա հոգս վերցնի իր վրա, հակառակ դեպքում նրա հոգին հոգսերի ծանրությունից ալեկոծվում է: Հավատն առ Աստված չեզոքացնում է անհանգստությունը: Աստված խոստացել է մեր կարիքները հոգալ, եթե առաջին հերթին նրան փնտրենք: Սբ. Պողոսն ասում է. «Եվ իմ Աստվածը ձեր կարիքները կլցնի իր ճոխության չափով, փառքով` Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպ. 4.9): Պետք չէ մտահոգվել, թե անձնական, թե գործնական հարցերում, այլ իմաստության լույսով և ներդաշնակությամբ լցված լուծումներ գտնել՝ վստահելով Աստծուն: Սբ. Պետրոսը գրում է, որ ձեր բոլոր հոգսերը Նրան թողեք, որովհետև Նա հոգում է ձեզ համար (Ա Պետր. 5.7): Երկնավոր Հայրը տալիս է մեր կարիքի չափով, այլ ոչ թե այն չափով, ինչպիսին շատ անգամ մենք ենք ցանկանում: Աստծո նախատեսած չափը կարող է հաճախ տարբերվել մեր ուզած չափից և մեզ մեծ կամ փոքր թվալ տվյալ հարցի շուրջ: Աստված պատրաստ է մեզ տալու այն ամենը, ինչի կարիքն ունենք, միայն թե հավատանք և մոտենանք նրան: Նա ասում է, որ նախ Իրեն փնտրենք և ամեն բան կտրվի մեզ: Նա տվել է նաև Իր թագավորությունը: Արդ, Ավետարանը հորդորում է՝ հոգս մի արեք վաղվա կամ նախորդ օրվա համար, այլ ապրեք նոր օրով ու վերստին լցված գարնանային նոր շնչով:


Հովհաննես սրկ. Մանուկյան

 

22.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․