22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Մայիսի 7-ին՝ Հինանց շրջանի Կարմիր կիրակի օրը, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում տեղի ունեցավ «Ձեզ հետ եմ» խորագիրը կրող ներկայացում, որ կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը:
Ներկայացմանը մասնակից դերակատարները կարողացել էին հանդիսատեսին տեղափոխել Քրիստոսի երկրային կյանքի ժամանակաշրջան՝ ականատեսը դարձնելով Խաչելությունից մինչև Ս. Համբարձում ձգվող իրադարձություններին: Իսկ իրադարձությունների կենտրոնում Քրիստոսի կողմից հարություն տված Հայրոսի աղջիկն էր, և տասներկու տարիներ արյունահոսությունից տառապող կինը, որ բուժվել էր Քրիստոսի հագուստին հավատքով դիպչելուց հետո: Քրիստոսի միջոցով կյանքի վերադարձած աղջկա համար անտանելի էին այն անարդարությունները, որ տեղի էին ունենում Քրիստոսի հետ չարչարանաց շաբաթվա ընթացքում: «Ինչո՞ւ է աշխարհն այսքան անարդար, Նա միայն բարիք էր գործում»,- հեկեկալով հարցնում էր նա: Իսկ Քրիստոսի խաչելության լուրը լսելուց հետո, ո՛չ ուտում էր, ո՛չ խոսում: Մոլորված ու շփոթված Հայրոսը, վախենում էր այն սարսափելի մտքից, որ կարող է նորից կորցնել աղջկան: Եվ հանկարծ լսում է կյանք պարգևող ավետիսը՝
Քրիստոս հարություն է առել: Այս ավետիսը կրկին անգամ կյանք է պարգևում Սառային և բոլոր նրանց, ովքեր հուսահատության մեջ էին հայտնվել Քրիստոսի խաչելության և մահվան լուրը լսելուց հետո:
«Ձեզ հետ եմ,- ասաց Քրիստոս Իր առաքյալներին համբարձումից առաջ,- ձեզ հետ կլինեմ միշտ մինչև աշխարհի վախճանը»: Ձիթենյաց լեռան բարձունքին, ի լուր աշխարհին հնչած Տիրոջ ուրախարար խոստումը ՝ ձեզ հետ եմ, հուսադրել, հուսադրում և հուսադրելու է Քրիստոսի հետևորդներին մինչև աշխարհի վախճանը: Քրիստոսի հետ բաժանումը հաղթահարված էր, հրեշտակներն էլ, ի լրումն այս ուրախության, հավելեցին. «Ո՛վ գալիլեացիներ, ինչո՞ւ եք կանգնել նայում երկնքին: Այս Հիսուսը, որ երկինք վերացավ, մի օր դարձյալ կգա այնպես, ինչպես տեսաք Նրա երկինք գնալը» (Գործք Առաքելոց 1:11):
Լեփ-լեցուն դահլիճի երկարատև ծափահարությունները վկայում էին այն հոգևոր ուրախությունը, որ համակել էր դահլիճին: Կյանք պարգևող Քրիստոսի հարությունը և մինչ Տիրոջ երկրորդ գալուստը, Տիրոջ ներկայությունը զգալու և Նրանով ապրելու ուրախությունը, կրկին անգամ յուրաքանչյուրի սրտում ամրագրեց այն ճշմարտությունը, որ իրենք հաղթանակած կրոնի հետևորդներն են՝ Ո՞ւր է, մահ, քո հաղթանակը, ո՞ւր է, մահ, քո խայթոցը (Ա Կորնթացիներ 15:54-55):
Ներկայացման ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը և գոհություն հայտնեց Տիրոջը, որ առիթ ընձեռեց իրենց Ս. Հարության խորհուրդը կրկին վերապրելու: «Ապրեցինք հարության հրաշքը, կենդանի և զորեղ կերպով տեսանք Քրիստոսի ներկայությունը մարդու կյանքում, տեսանք, որ Քրիստոս Իր պարգևած կյանքով մարդուն հարատևելու և հավիտենական կյանքի շնորհն ունենալու գրավականն է պարգևում: Հայրոսի աղջկա օրինակը, լավագույն օրինակն է ընկալելու, թե ինչպես է Քրիստոս կյանք պարգևում: Հարություն առած աղջնակը չէր կարողանում իր կյանքն արժևորել՝ իմանալով, որ իրեն կյանք պարգևողն այլևս չկա, բայց նա վերակենդանացավ, գտավ իր կյանքի իմաստն ու նշանակությունը, քանի որ տեսավ հարուցյալ Տիրոջն՝ Իր աստվածային փառքով երկինք համբառանալիս: Մեզանից յուրաքանչյուրի կյանքն էլ է վերաիմաստավորվում, երբ ընդունում և հավատում ենք Քրիստոսին՝ իբրև հարուցյալ Տիրոջ և Փրկչի, և շարունակում ենք ապրել մեր կյանքն այն հույսով և գիտակցությամբ, որ մեր Փրկիչը մեզ հետ է»,- ասաց Տեր Վահանը՝ շնորհակալություն հայտնելով ներկայացման կազմակերպիչներին և դերակատարներին:
«Առաջին անգամ էի հոգևոր թեմայի շուրջ ներկայացման մասնակցում, բոլորովին այլ զգացումներ և ապրումներ ունեմ: Հայրոսի աղջկա դերն օգնեց ինձ հոգևոր հայացք ունենալու աշխարհի և կյանքի հանդեպ, խորությամբ հետևելու հոգևոր կյանքիս՝ Աստծուն ինձ առավել մոտ զգալով»,- ասաց Քրիստինե Ղազարյանը, ով ուսանում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնում:
Տիկնանց միության անդամ Տաթև Պետրոսյանը, ով «Ձեզ հետ եմ» ներկայացման սցենարի հեղինակն էր և բժշկված կնոջ դերակատարը, նշեց որ ներկայացմանն իրենց մասնակցությունն էին բերել «Զորավոր» երիտասարդաց միության անդամները, կիրակնօրյա դպրոցի սաները, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երեք ուսանողներ, դերասան Ջիվան Սարգսյանը և իր աշակերտները, որ ուսանում են Երևանի թիվ 122 դպրոցում: Ներկայացման գլխավոր նպատակն, ըստ
Տաթևի, վեր հանելն էր Տիրոջ սերը մեր հանդեպ և մեր սերը Տիրոջ հանդեպ. «Հոգևոր ներկայացումը քարոզչության հրաշալի մի ձև է, մենք սերմանողն ենք, աճեցնողը Տերն է և վստահ ենք, որ Տիրոջով աստվածահաճո պտուղներ կունենանք: Ինձ համար կարևոր է վերականգնել թանկ մի արժեք՝ երկյուղած հայ քրիստոնյայի ճշմարիտ կերպարը, և վստահ եմ, որ հայ ժողովուրդն ունենալու է վերելքներ, քանի որ Տերը մեզ հետ է»:
Կարինե Սուգիկյան