12 Հոկտեմբեր, Շբ
Մի երիտասարդ վանական նստած բլրի վրա նայում է երկնքին, արևածագին: Մեկ այլ վանական մոտենում է ու ասում.
- Եղբա՛յր, ժամերգության ժամանակն է, եկ գնանք վանք, օգնիր մեզ ժամերգությանը:
Երիտասարդ վանականը պատասխանում է.
- Ես մի մեծ ու բարի նպատակ ունեմ. սպասում եմ այն պահին, երբ ժամանակը գա, ես դառնամ եպիսկոպոս ու հանուն Աստծո փառքի գործեմ ու ծառայեմ այնչափ, որչափ ոչ ոք չի ծառայել:
Կեսօրին մոտենում է մի այլ վանական և հարցնում.
- Ի՞նչ ես անում այդ բլրի վրա. ընկերներդ քո կարիքն ունեն, հիմա պետք է նրանց օգնել:
Երիտասարդ վանականը պատասխանում է.
- Երբ այս երեկո վանահայրը վերադառնա և ինձ շնորհի խոստացված հնարավորությունն ու կարողությունը, ես կօգնեմ ոչ միայն իմ ընկերներին, այլև բոլոր նրանց, ում Աստված իմ առջև կբերի:
Երեկոյան` արևամուտին, երիտասարդ վանականը լսում է, որ վանահայրը յոթ օր հետո է վերադառնալու վանք և տխրում է ու շրջվում, ետ նայում, տեսնում է Հիսուս վանքի բակում մի դույլով թառամած ու թոշնած ծաղիկներն է ջրում`հարցնելով ու ասելով երիտասարդ վանականին.- Ինչո՞ւ ես մենակ մնացել այդտեղ: Նախ ցած իջիր այդ բլրից, ապա օգնիր ջրել քո խնամքին թողնված այս թառամած ծաղիկները, չէ՞ որ ինձ համար նույնքան թանկ են այս փոքրիկ ծաղիկները, որքան և խրոխտ ու բարձրաբերձ լեռները: Նպատակդ պետք է լինի այն, որ գործես ու ծառայես տվյալ պահին քո շրջապատում այնքանով, որքանով կարող ես օգնել, այլ ոչ թե բարձրանաս բլրի վրա ու սպասես, թե երբ է գալու այդ պահը, չէ որ ես երբեք չեմ սպասել, թե երբ ինձ պետք է թագավոր հռչակեն, որպեսզի մարդկանց օգնեմ, այլ մեծ եռանդով ու սիրով գործել եմ ու ծառայել ոչ թե ինձ համար, այլ մարդկանց համար:
Շատ անգամ այն նպատակը, որը մարդը համարում է բարի ու աստվածահաճո, չի արժանանում Աստծո արձագանքին ու կամքին, քանի որ այդ նպատակի մեջ մարդը կենտրոնանում է իր անձի, <<ես>>-ի ինքնադրսևորման վրա, այլ ոչ թե այն պարզ ու հասարակ ծառայությունը իրագործում, որն Աստված ակնկալում է իրենից և որը կարող է ամեն օր իրականացնել ու իր կյանքը հոգևոր օրհնություններով զարդարել:
Հովհաննես Մանուկյան