Եղբայրական անհիշաչարություն

Եղբայրական անհիշաչարություն | Eghbayrakan Anhishacharutyun

Սիրելի՛  քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,

Այսօրվա ավետարանական ընթերցումից ցանկանում եմ մի հատված առանձնացնել, և ձեր ուշադրությունը հրավիրել դրա վրա, քանի որ հույժ կարևոր և հոգեշահ է յուրաքանչյուր քրիստոնյայի համար: Այդ հատվածում Տեր Հիսուս Քրիստոս պատվիրում է. «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան։ Եվ եթե յոթն անգամ մեղանչի քո դեմ և յոթն անգամ դառնա քեզ և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»: Զարմանալի ներողամտության, մեծահոգության, ողորմածության և անհիշաչարության դրսևորման պատվիրան, որ պետք է լինի մերձավորների կամ հոգևոր եղբայրների ու քույրերի միջև:

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, քանի որ Տիրոջ և ոչ մի պատվիրան ինքնանպատակ չէ, ուստի վերոհիշյալ տողերի մասին մտորելիս առաջարկում եմ նախ քննել և հասկանալ, թե ինչ է հիշաչարությունը: Առաջին հերթին դա հոգու տառապանքներով լի ու շատ վնասաբեր կիրք է: Եկեղեցու Սուրբ հայրերն ասում են, որ հիշաչարությունը զայրույթի իրականացում է, մեղքերի պահպանում, արդարության հանդեպ ատելություն, առաքինությունների կործանում, հոգու ժանգ, մտքի որդ, աղոթքի անարգանք, սիրո բացակայություն, հոգու մեջ խրված մեխ, չար ոգու կնիք:

Մարդու սիրտը, որը կրում է հիշաչարության սև կնիքը, չի կարող խաղաղ լինել: Նա իր շրջապատին էլ խաղաղության փոխարեն թշնամանք, սիրո փոխարեն ատելություն է հաղորդում: Շատերը, մերձավորի հանդեպ չարություն զգալով, մոռանում են, որ դա մեծագույն խոչընդոտ է հոգու փրկության ճանապարհին: Իրենց եղբայրների հանդեպ ունեցած չարությունը սրտներում պահած` նրանք եկեղեցի են գնում, աղոթք են ուղղում Աստծուն, մասնակցում են սուրբ խորհուրդներին, ողորմություն են բաժանում` մոռանալով, որ Աստված առաջին հերթին մարդու սրտին է նայում և հետևաբար չի ընդունում չարությունից սևացած սրտից բխած աղոթքները, ոչ էլ արված բարի գործերը: Եվ նրանց չի ներում այնքան ժամանակ, քանի դեռ սրտներից դուրս չեն վանել չարության թույնն ու չեն հաշտվել  մերձավորների հետ: Մարկոսի ավետարանում Տեր Հիսուս ասում է. «Եվ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն է, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները» (11:25): 

Չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սովորեցրած աղոթքում էլ մենք ասում ենք. «Եվ ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես որ մենք ենք ներում նրանց, որ հանցանք են գործում մեր դեմ» (Մատթ. 6:13): Այսինքն՝ մենք ինքներս ենք խնդրում մեզ հասանելիք դատավճռի մասին` ասելով. «Տե՛ր, ներիր մեզ, եթե մենք ինքներս էլ ուրիշներին ենք ներում…»

Սիրելի՛ հավատացյալներ, ուզում եմ ձեզ հատկապես զգուշացնել հիշաչարության կործանարար մեղքից, քանի որ այն քայքայում է բարի սիրտը՝ վերածելով մաղձի պահեստարանի: Հիշաչար մարդը, ինչով էլ զբաղված լինի, ինչ գործ էլ անի, թող հիշի, որ օձի թույն է կրում իր սրտում: Եվ այս մոլուցքով բռնված մեկը չի կարող ո՛չ Աստծու ողորմությանն արժանանալ, ո՛չ էլ Նրա Արքայությանը: Եվ ինչպես արդեն նշեցի, ո՛չ բարեգործությունը, ո՛չ պահքը, ո՛չ ողորմությունը ոչ մի օգուտ չեն բերի, քանի որ հիշաչարությունը կործանում է ամեն ինչ: Մատթեոսի ավետարանում Տերը ցույց է տալիս այս կործանարար ախտից միակ ելքը` ասելով. «Եթե սեղանի վրա քո ընծան մատուցելու լինես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ մի ոխ ունի, քո ընծան թո՛ղ սեղանի առաջ և գնա՛ նախ հաշտվի՛ր քո եղբոր հետ և ապա ե՛կ քո ընծան մատուցի՛ր» (Մատթ. 5:23-24):

Ի՞նչ օգուտ մեր աղոթքից, սիրելի՛ հավատացյալներ, եթե մենք միևնույն շուրթերով փառաբանում ենք Աստծուն և անիծում` մեր եղբորը: Աստծուն Հայր ենք անվանում, իսկ մեր մերձավորներին, որ Երկնավոր Հայրը զավակներ անվանեց, չարախոսում ենք, ատում ու նեղություն պատճառում մեր հիշաչարությամբ: Ի՞նչ օգուտ աղոթքից, եթե մենք միայն արտաքուստ ենք խոնարհ և ինքներս մեզ վերջիններից ամենավերջինն ենք անվանում, իսկ ներքուստ նմանվում ենք գոռոզամիտ փարիսեցուն, որ գոհություն էր հայտնում Աստծուն՝ մաքսավորին նման չլինելու համար (Ղուկ. 18:11): Ի՞նչ օգուտ մեր աղոթքից, երբ մեզ դատավորի տեղ դրած` մեր եղբոր աչքի շյուղն ենք տեսնում, մեր աչքի գերանը հանելու փոխարեն (Մատթ. 7:3): Եվ, վերջապես, հարցնում եմ ձեզ, սիրելի´ քրիստոնյաներ, ի՞նձ օգուտ այն ապաշխարությունից, երբ մարդիկ եկեղեցում ծնկաչոք ասում են  «մեղա՜, Տե՛ր և ողորմյա՛», սակայն իրենք անողորմ ու անդրդվելի սառնասրտությամբ պատրաստ են հետապնդել ու հալածել իրենց եղբայրներին:

Երբեմն էլ պատրաստ ենք ներել ամբողջ աշխարհին, բացի մի հոգուց, որը չափից ավելի շատ ցավ է պատճառել մեզ, ու այդ մեկին ներել չենք կարող: Ու հենց այս դեպքում է շատ կարևոր հիշել, որ քանի դեռ չենք ներել այն միակ մարդուն, որ կանգնած է մեր ու Տիրոջ միջև, փակ կմնա Երկնային Արքայություն տանող ճանապարհը, և աստվածային կենարար լույսը չի ծագի մեր սրտերում: Արդ, սթափվենք, սիրելինե՛ր: Եվս մեկ անգամ հիշենք, թե ինչ էր ասում մեր Տեր Հիսուս Քրիստոս Մատթեոսի ավետարանի վեցերորդ գլխում. «Եթե դուք մարդկանց ներեք իրենց հանցանքները, ձեր երկնավոր Հայրն էլ ձեզ կների։ Իսկ եթե դուք մարդկանց չներեք իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր հանցանքները»: Եթե Աստված ներում է մեր բազմաթիվ ու բազմատեսակ մեղքերը, ապա ո՞վ ենք մենք, որ մեր եղբոր գործած հանցանքը չներենք: Որպեսզի իրական անհիշաչարությունը խաղաղություն բերի մեր հոգիներին, մենք պետք է Աստծուց խնդրենք, որ Նրա անսահման սերն ու ողորմածությունը վերափոխեն մեր հոգիները և Տերը ուժ տա ներելու նույնիսկ նրանց, ում ներել անհնար է թվում: Իսկ դրա համար նախ և առաջ մեր իսկ մեղքերի համար մեր անկեղծ զղջումն է պահանջվում: Եվ որպեսզի Աստված ընդունի մեր զղջումն ու ների մեզ, պետք է ոչ միայն ի սրտե այնպես ներենք մեր մերձավորին, որ նույնիսկ չհիշենք էլ նրա գործած հանցանքի մասին, այլ նաև այնպես անենք, որ նա էլ հակվի այդպիսի ներողամտության, և թշնամուց վերածվի իսկական եղբոր: Եվ այնժամ կհամոզվենք, որ ազատվել ենք հիշաչարության թունավոր ախտից, երբ մեզ նեղացնողի համար սրտանց աղոթենք, չարությանը բարությամբ պատասխանենք և երբ լսենք, թե նրան որևէ մարմնական կամ հոգևոր դժբախտություն է պատահել` սգանք նրա համար և արտասվենք, ինչպես կանեինք ինքներս մեզ համար:

Սիրելինե՛ր, հիշենք, որ այս կյանքը մեզ միայն մեկ անգամ է տրվում, և ինչ չհասցնենք անել այսօր, այլևս երբեք չենք հասցնի, քանի որ մեղքերից հրաժարվելու և առաքինություններ ժողովելու ժամանակն այժմ է, վայրը՝ այստեղ: Արդ, եկեք ժամանակ չկորցնենք և ներողություն խնդրենք մեկս մյուսից և Աստծուց, որպեսզի հենց այսօր ևեթ մեր կյանքը վերափոխվի, խավարը հեռանա և արև ծագի մեզ համար: Եվ ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ինչ չափով հնարավոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահեցե՛ք… և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Հռոմ. 12:18, Բ Կորնթ. 13:11): Ամեն:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

14.12.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․