«Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իրականացվող սոցիալական ծրագրերի շնորհիվ ինչպես համայնքի, այնպես էլ Հայաստանում և արտերկրում բնակվող հավատավոր հայորդիներ, միախմբվելով եղբայրասիրության առաքինության շուրջ, կյանքի են կոչում սուրբգրային հետևյալ պատգամը, որ ասում է. «Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար» (Եբր. 13:1): Ճշմարիտ կրոնի մեծագույն նշանն այն է, որ մարդ-Աստված հարաբերությամբ ձևավորվում և ամրանում է նաև մարդ-մարդ հարաբերությունը:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Դեկտեմբերի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մարկոսյան Անահիտին (61 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Անահիտն իր որդու՝ Դաունի համախտանիշ ունեցող Ախվերդյան Վազգենի (21 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Դավթաշեն 7-րդ փ. 1-ին տուն հասցեում: Վազգենը սովորել է Երևանի թիվ 6 արհեստապետական ուսումնարանի ներկարարական բաժնում, վերականգնողական կենտրոն է հաճախել, իսկ այժմ ոչնչով չի զբաղվում: Կարիքավոր ընտանիքը միայն ընտանեկան նպաստի և Վազգենին տրամադրվող հաշմանդամության գումարով դժվարությամբ է հոգում իր կարիքները: Տիկին Անահիտն անչափ շնորհակալ էր աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

«Բնությունից տրված ամեն բան պետք է հիանալի համարել, և եթե մեկը գերակշռում է մյուսներին իր հարստությամբ, սակայն այն, ինչ ունի բարի գործերի համար է ծառայեցնում, ապա նրան պետք է սիրել և հարգել ինչպես մարդու, ով առատաձեռնորեն ողորմություն է տալիս աղքատներին և սեփական ձեռքերով ծառայում կարիքավորներին, իսկ ով նման կերպով չի վարվում հարստության հետ, ապա դրան առավել թշվառ պիտի համարենք, քան՝ նախանձի արժան: Քանզի դա նշանակում է մեծ ջանասիրությամբ նպաստել սեփական կորստին: Իսկ եթե դրանք ծառայում են առաքինությունների համար, ապա նախանձի տեղ չկա, որովհետև հարստությունն օգտագործվում է բոլորի շահի համար»,- ասել է Ս. Բարսեղ Կեսարացին:

 

Կարինե Սուգիկյան

23.12.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․