23 Դեկտեմբեր, Բշ
Սույն թվականի մարտի մեկից սկսյալ ամեն շաբաթ Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության անդամները մասնակցում են «Եկեղեցին մենք ենք» խորագրով բանախոսություններին և քննարկումներին: Բանախոսները հոգևորականներ և մշակույթային գործիչներ են, իսկ երիտասարդներին հետաքրքրող թեմաների շղթան բազմաբնույթ են՝ քայքայիչ աղանդների գործունեություն, բանակում Հայ եկեղեցու դերը, եկեղեցին որպես փրկության միջոց, Սուրբ Հաղորդություն, Աստվածային սեր, հավատք և գործ, փրկության ճանապարհ, մարդու կյանքում Սուրբ Հոգու ներգործության և ժամանակակից քրիստոնեության ընթացքը և զարգացումները, յոթ մահացու մեղքեր և առողջություն, մշակույթի մեջ հոգևորի արտահայտումը, ՄԻԱՎ, հրեշտակներ և կյանքի իմաստին առնչվող այլ թեմաներ:
Նոյեմբերի 22-ին շարունակվող թեմաների շղթան աղոթական բանաստեղծություններն էին: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հրավերքով «Եկեղեցին մենք ենք» խորագրի հերթական հյուրը՝ «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն, մասնագիտությամբ ինժեներ-էներգետիկ և արձակագիր Սամվել Մհերյանն էր: Հանդիպման քննարկման նյութը «Այբ Քէ» հոգևոր բանաստեղծությունների ժողովածուն էր:
«Ես եմ Ալֆան և Օմեգան», այսինքն` Սկիզբը և Վախճանը,- ասում է Տեր Աստվածը, Նա որ է, որ էր և որ գալու է, Ինքը՝ Ամենակալը» (Հայտնություն 1.8):
«Այբ Քէ» հոգևոր բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը, ով առաջինն է հայ իրականության մեջ նմանատիպ ժանրում ստեղծագործում, աստվածաշնչյան վերոնշյալ համարով, նաև հայոց այբուբենի Այբ-Արարիչ և Քէ-Քրիստոս բացատրությամբ բնորոշեց ժողովածուի անվանումը, իմաստը և խորհուրդը:
«Այբուբենի տառերի թվի համաձայն՝ երեսունվեց խորհրդանշական գլուխներ, երեսունվեց հոգևոր բանաստեղծություններ, հեռավոր ակնարկ ունենալով, որ մեր այբուբենն ու ամբողջ մշակույթը քրիստոնեացված է»,- ներկայացրեց «Եկեղեցին մենք ենք» խորագիրը կրող ծրագրի հերթական բանախոսը:
Տեր, մարգարեիդ թագավորական գրվածքն ասում է՝
Սովորիր առակ, այլաբանություն, գիտություն, հանճար
Եվ իմաստության խրատն ընդունիր,
Ինչպես ծարաված հողն է կլանում ջուրն աղբյուրների,
Որպեսզի դալար մարգագետնի պես ծաղկես էությամբ
Եվ հանդարտ լինես չարիքի վախից (հատված Է գլխից):
Բանախոսության սկզբում Սամվել Մհերյանը, ընթերցելով «Այբ Քէ»-ից մի քանի գլուխներ, նշեց, որ այս հոգևոր բանաստեղծություններն առավելը կասեն ժողովածուի մասին:
Ապա ներկաների բազմաթիվ հարցերի շուրջ ծավալվեց քննարկում:
Թե ինչպե՞ս մտահղացվեց «Այբ Քէ» հոգևոր բանաստեղծությունների ժողովածուն, հեղինակն ասաց. «Մտահղացում չէր, ուղղակի մեր ապրելու ձևն էր, Քրիստոսի սրբության հանդեպ ունեցած սիրո և խոնարհության արտահայտումը և մեր սրտի փառաբանական խոսքն էր առ Աստված գեղարվեստորեն շարադրված»:
Տեր Գրիգորը հյուրին ուղղեց հետևյալ հարցերը. «Առաջին անգա՞մ են հեղինակի կողմից գրվել աղոթական բանաստեղծություններ», «Ի՞նչն է հանդիսացել նրա ներշնչանքի աղբյուրը և կա՞ ներշնչում Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից»: Գրքի հեղինակը, պատասխանելով
հարցերին, ներկայացրեց, որ մինչ այդ խոհափիլիսոփայական բանաստեղծություններ է գրել, որ վերաճել են հոգևորի՝ առաջինը 2011թ-ին Վեհափառ Հայրապետի օրհնությամբ լույս ընծայված «Ճշմարիտ լույս» հոգևոր բանաստեղծությունների ժողովածուն, ապա նրա շարունակությունը՝ «Այբ Քէ»-ն: Նարեկացու աղոթքներին հեղինակը ծանոթացել է այն ժամանակ, երբ արդեն գրել էր իր ժողովածուի կեսը: «Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթամատյանում հոգևորը այնքան ընդգրկուն է, որ նման է մի հորդահոս գետի, իսկ ինչ էլ, որ գրվել է հետո, նման է փոքրիկ մի առվակի, որ նույն ջուրը և նույն ոգին ունի: Ոգեշնչման միակ աղբյուրն ինձ համար եղել է Աստվածաշունչը, երկու հարյուր հղում կա այնտեղից»,- ասաց Սամվել Մհերյանը:
Երիտասարդաց միության ատենապետ՝ Տիգրան Հարությունյանի համար հետաքրքիր էր իմանալ, թե գրքի հեղինակը հոգևոր բանաստեղծությունները գրելիս օգտվե՞լ է որևէ տերմինաբանությունից:
Հեղինակն ասաց, որ բոլոր բառերն ու բառակապակցություններն ինքնաբուխ են եղել, և ինքն էլ չգիտեր, որ այդ ամենն իր մեջ կար, որևէ միտք արտահայտելու համար հոգով է զգացել տվյալ բառերը:
Սամվել Մհերյանը ներկայացրեց, որ հոգևոր բանաստեղծությունների այս ժողովածուն բաղկացած է երեք՝ «Այբ Քէ», «Լուսաբաց» և «Հարսանիք» բաժիններից. «Լուսաբաց» բաժինը փոքրիկ պոեմ է ծովի մասին: Իսկ «Հարսանիք»-ում սիրային չափածո բանաստեղծություններ են աստվածաշնչային համեմատություններով «Երգ Երգոց» գրքի նմանությամբ՝ հարս ու փեսայի միությունը դիտարկված Քրիստոս և եկեղեցի միության ենթատեքստում»:
Մինչ «Այբ Քէ» հոգևոր բանաստեղծությունների ժողովածուի ծնունդը, Սամվել Մհերյանը անցել է հետևյալ ճանապարհը: Ուսումնասիրելով Խնուսի մասին փաստարկությունները, տեղեկություններ հայթայթելով թվով հազար խնուսցիներից՝ 2005թ. հիմնադրել է «Խնուս» մշակութային հիմնադրամը: Նույն տարում, որպես առաջին գիտական աշխատություն գավառների մասին, տպագրվել է Խնուս գավառի քարտեզը: Սամվել Մհերյանի երեքանգամյա այցելությունները Խնուս հանդիսացան հիմքը նրա «Եդեմի պարտեզը» փաստագրական ֆիլմի: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված մատենաշարով 2007 թ. լույս է տեսել հեղինակի «Մենավոր բազեն» պատմավեպը, որն ընգրկում է XIX-XX դդ. իրադարձություններն Արևմտյան Հայաստանի Խնուս (Հարք) գավառում, 1915 թ. Խնուսի ինքնապաշտպանությունն ու ջարդը:
«Մենավոր բազե» գրքի հիման վրա հեղինակը գրել է խաղարկային ֆիլմի սցենար, և հեռանկար կա, որ այն կդառնա գեղարվեստական մի կինոնկար՝ Խնուսի ինքնապաշտպանությունը ներկայացնող մի քաջապատում: Այս տարի էլ նկարահանվել է նաև «Տուն դարձի ճամփան» փաստագրական ֆիլմը:
«Հիմնադրամի շուրջ հավաքվելով՝ ավելի հիմնավորեցինք մեր գործունեությունը, շուրջ քառասուն միջոցառումներ են կազմակերպվել», - ավելացրեց Սամվել Մհերյանը՝ նշելով, որ առաջիկայում նաև լույս կտեսնի Աբգար թագավորի ժամանակաշրջանին վերաբերող բանաստեղծական նկարագրությամբ պատմավեպը՝ աղբյուր ունենալով Սուրբ Գիրքը և Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը»:
«Եկեղեցին մենք ենք» հերթական բանախոսությունը եզրափակվեց Հիսուս Քրիստոսի փառաբանությանը և հարությանը վերաբերող հոգևոր բանաստեղծություններով.
Սո՛ւրբ է Տերը, իմ Տերը.- փա՜ռք Հիսուսին՝ Քրիստոսին,
Փառավո՛ր իմ Տերը.- փա՜ռք Հիսուսին՝ Քրիստոսին,
Մեծանո՛ւն է իմ Տերը.- փա՜ռք Հիսուսին՝ Քրիստոսին,
Կատարյա՛լ իմ Տերը.- փա՜ռք Հիսուսին՝ Քրիստոսին… (հատված Հ գլխից)
-Աստծո կամքը կատարվեց.- դժոխքն ընկավ պարտությամբ,
-Աստծո կամքը կատարվեց.- մահվան փառքը ունայնացավ,
-Աստծո կամքը կատարվեց.- գերեզմանը դատարկվեց,
-Աստծո կամքը կատարվեց.- մութն ընկղմվեց լույսի մեջ…
Հրաշալի և օրհնյալ է հարությունը Քրիստոսի,
Հավիտյանս օրհնյալ է հարությունը Քրիստոսի (հատված Ձ գլխից):
Կարինե Սուգիկյան