Գրքեր

Եկեղեցու համայնքն ապրեց հույսի և կյանքի տոնի ուրախությունը

Քրիստոնեական մտածողության համար պատահական չէ Ամանորի և Սուրբծննդյան տոների հաջորդականությունը, ժամանակի և կյանքի խորհուրդների այս ներքին կապը: Քրիստոսի ծնունդը մարդկության մեծ ընտանիքի համար ուրախության, երջանկության, նորոգության, «առավել» կյանքով ապրելու և աշխատելու սրբազան կոչ պարունակող տոն է: Հոգեպարար այդ ուրախության և երջանկության զգացումներով լի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, Սուրբ Ծննդյան ութօրէքի վեցերորդ օրը՝ հունվարի 12-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Նոյան» ռեստորանում նշեց Սուրբ Ծնունդը և հին տոմարով Նոր Տարին:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ պատահական չէ ընտրված «Նոյան տապան» խորհրդանշական անունը կրող սրահը, քանի որ այն սոսկ անուն չէ, այն աստվածաշնչյան նախադեպով եղել և խորհրդանշական իմաստով բոլոր ժամանակների համար մնում է ապաստան՝ անմաքրությունից և անկումից զատվածների համար: Այնուհետև տիկնանց միության անդամները «Տերը քեզ հետ է» երգով այն կարևոր գաղափարին անդրադարձան, որ տոնը քեզ հետ է, երբ քո սրտում է Տերը: Երկնքի Արքայությունը մարդու սրտում է, այն ուրիշ տեղ փնտրել պետք չէ, հատկապես օտար ափերում:

Ամանորյա և Սուրբծննդյան ուրախ սեղանների շուրջ համախմբված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ճանապարհեց անցնող տարին, որ հոգևոր, եկեղեցական, մշակութային և սոցիալական իրադարձություններով լի տարի էր և վառ հույսերով, անկոտրում հավատով ու լավատեսությամբ ողջունեց նոր տարին, որ նոր կյանքի և ծառայության մի նոր էջ է իր համար: Սեղանների շուրջ Ամանորի և Սուրբծննդյան խոհերով ու մտորումներով լեցուն ջերմիկ մթնոլորտ էր տիրում: Համայնքի յուրաքանչյուր անդամ հույսի և կյանքի տոնի ուրախությունն էր ապրում: Տոնական երեկոն հագեցած էր անակնկալներով, որ պատրաստել էին տիկնանց միության անդամները:

Տեր Գրիգորը տոների առթիվ իր շնորհավորանքի խոսքն ուղղեց համայնքի անդամներին. «Խնդության և հրճվանքի, մտորելու և նոր եռանդով կյանքի հորձանքն ի վեր Տիրոջով մաքառելու նոր հնարավորություն ունենք բոլորս: Ամանորն այն հանգրվանն է, որ մարդը կանգ է առնում և հետադարձ հայացք գցում իր անցած ճանապարհին՝ տեսնելու ժամանակի և տարածության մեջ իր ծրագրերի և երազանքների իրականացման պատկերը: Աղոթքս ու մաղթանքս է, որ լցվենք Սուրբ Ծնունդի կենարար լույսով, փրկության հույսով: Կրողները լինենք այդ լույսի մեծ պատասխանատվության: Ստանձնե՛նք Սուրբծննդյան լույսը մեր հոգիներում անմար պահելու և շրջապատող աշխարհի խավարում տարածելու առաքելությունը: Նրա հետ նոր կյանքով ծնվենք՝ Քրիստոսապատգամ անձնազոհ սիրով լցված կյանքով, և թող այդ կյանքից մշտապես ճառագի Տիրոջ Ծննդյան փրկչական լույսն ու ավետի ամենքին. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Հույսի և կյանքի տոնի խորհրդի առջև համախմբված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր դասի առաջնորդությամբ, ցնծությամբ և գոհությամբ մուտք գործեց Նոր տարի՝ պատրաստակամորեն շարունակելու եկեղեցաշեն ու հայրենանվեր իր առաքելությունը: Մարդկային կյանքի արժեքը ապրված տարիների մեջ չէ, «ոչ թուով ամացն չափեսցի», այլ հոգևոր, իմացական հասունության և կատարելության մեջ:

 

Կարինե Սուգիկյան

12.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․