Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով Մեծ պահքի շրջանը հոգևոր գարնան մի շրջան է, երբ սերը ծաղկում է և կյանքի բուրմունքը իր շուրջը տարածում: Մարտի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ, այցելեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն՝ վայելելով սիրո ծաղկունքի բուրմունքը: Տեր Գրիգորը մանկատան տնօրինությանը, աշխատակիցներին և երեխաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը և բժշկության աղոթք կարդաց: Համայնքի անդամներն իրենց նյութական միջոցներով մանկատան մի քանի խմբի սաներին տրամադրեցին տակդիրներ, զարգացնող խաղեր և քաղցրավենիք (114 000 դրամ արժողությամբ): Այցը սիրով լիացրեց մանկատան սաների օրը. համայնքի անդամները երեխաների հետ զրուցում էին, նրանց հետ խաղում, խճանկարներ հավաքում, գունավորում նկարազարդ գրքույկները, քաղցրավենիք հյուրասիրում և կերակրում: Առավել փոքրիկներին գրավել էին իրենց նոր խաղալիքի՝ ծաղրածուի շարժումները: Դաունի սինդրոմ և այլ համախտանիշներով տառապող երեխաները, որոնց մեծ մասը գամված էր հաշմանդամության սայլակներին, առավել շատ սիրո և գուրգուրանքի կարիք ունեին: Հոգևորականների և համայնքի անդամների կողմից ցուցաբերած սերը, ուշադրությունն ու ջերմությունը նրանց ոգևորել էր և մեծ ուրախություն պարգևել: Ջերմ մթնոլորտում երեխաներն արդեն իսկ հարազատ դարձած իրենց ացելուներին վերաբերվում էին որպես ընտանիքի անդամների: Ուրախությունը երկուստեք էր, քանի որ Քրիստոսի հետևորդի համար ուրախալի առիթ է իր սիրո գանձարանից դիմացինին սեր ու գուրգուրանք նվիրելը:
Մանկատան դաստիարակչական գծով փոխտնօրեն Իրինա Յաղուբյանը նշեց, որ նման այցելությունները խրախուսելի են և դրական ազդեցություն են թողնում երեխաների վրա. «Նրանք ուշադրության կենտրոնում են հայտնվում, ներգրավվում են հասարակության մեջ, իսկ այցելությունների շարունակական լինելու դեպքում երեխաները ճանաչում և սպասում են արդեն հարազատ դարձած իրենց ընկերներին»:
«Քրիստոնեության մեջ բարին գործելը համեմատվում է «հոգևոր օդի» հետ, իսկ օդն, ինչպես հասկանում ենք, կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում կյանքի շարունակականության: Ծնողական սիրուց զուրկ այս երեխաների հետ մեր անցկացրած մի քանի ժամերը իրապես մեզ համար կենարար հոգևոր օդ էր, նրանց մաքուր աշխարհը մեզ լույս ու թեթևություն պարգևեց»,- ասաց Տեր Գրիգորը:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները հրաժեշտ տվեցին երեխաներին՝ առաջիկայում նոր հանդիպումների ակնկալիքով:
Կարինե Սուգիկյան