5 Հոկտեմբեր, Շբ
Մի գյուղացի պարկով լի ցորենն իջեցնում է ուսից, դնում իր անջրդի, անմշակ, մոլախոտով ծածկված վարելահողի եզրին և ասում.
- Գնամ լեռան ստորոտում գտնվող մատուռը, մի զորավոր աղոթք ասեմ, Աստված ինձ մի գութան ու երկու լծկան եզ ուղարկի, այս իմ արտը վարեմ, ցորենը ցանեմ:
Երբ աղոթքը վերջացնում է, գոհացած իր հավատքից և աղոթքից դուրս է գալիս մատուռից, անակնկալի է գալիս, հեռվից գոռգոռալով, վազելով, շտապում է դեպի իր հողատարածքը, ուր մի հրեշտակ պարկի ցորենը ձեռքով լցնում, ցանում էր անմշակ, մոլախոտով պատված վարելահողի մեջ:
Գյուղացին բացականչում է.
- Տե՛ր Աստված, այս ի՞նչ ես անում. այս հրեշտակը ցորենս վատնեց ու անմշակ հողի վրա լցրեց:
Հրեշտակը դադարեցնում է իր գործը, պատասխանում.
-Խնդրանքներ ես ուղղում Աստծուն, սակայն չես նկատում, թե ինչպես այս դաշտն է խոտածածկ, հոգիդ էլ նույն դաշտի պես է պատված: Նախ սիրտդ ու հոգիդ ամբողջովին մաքրի՛ր, մշակի՛ր, այնուհետև սպասելիքներիդ հետամուտ եղիր, քանի որ ինքդ ես ասում, թե ցորենդ վատնեցի և մոլախոտերի մեջ ցանք կատարեցի, առավել ևս Աստված իր պարգևները չի վատնում անմշակ ու անջրդի հոգիներում...
Հովհաննես Մանուկյան