Եկեղեցին Երկնքի Արքայությունն է երկրի վրա: Եկեղեցին` իբրև շինություն, այն միակ վայրն է, որտեղ առավել արդյունավետ են լինում մարդկային աղոթքները, և դարձյալ` եկեղեցին այն միակ վայրն է, որտեղ մարդը կարողանում է հաղորդակցվել Աստծո հետ ոչ միայն հոգեպես, այլև նյութապես` Սուրբ Հաղորդության` Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակմամբ: Եկեղեցուն բամբասողները, հայհոյողները իրենց վրա մեծ մեղք են բարդում, որով և մեծ պատիժ են ստանալու, եթե այստեղ չապաշխարեն և թողություն չստանան: Եթե քահանան առաքյալներից փոխանցված իշխանությամբ այստեղ մեղքը չի թողնում, այն չի թողնվում նաև Աստծո կողմից, և եթե այստեղ մեղքը չի թողնվում, այնտեղ էլ չի թողնվում նաև պատիժը, ինչպես որ ասաց նաև մեր Տերը` Հիսուս Քրիստոս (Հովհ. 20.23):
Քրիստոսի և Եկեղեցու միասնությունը հաճախ համեմատում են Պսակի խորհդի հետ: Այսպես ուսացանողներից է հատկապես Սուրբ Պողոս առաքյալը, ով ասում է, որ ինչպես Եկեղեցին հնազանդ է Քրիստոսին, այդպես էլ կանայք պետք է հնազանդ լինեն իրենց ամուսիններին (Եփ. 5.24): Ամուսնության մասին Աստվածաշնչում նշվում է, որ «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից» (Ծննդ. 2.24, Մարկ. 10.7, Եփ. 5.31): Եվ սրա իրագործումը լինում է հենց ամուսնության ժամանակ, երբ փեսան թողնում է իր հորն ու մորը և գնում հարսի ետևից: Այսպես նաև Քրիստոս հանուն հարսի` Եկեղեցու, նախ թողեց Իր Հորը և մարդացավ, մարմնացավ, աշխարհ եկավ, այնուհետև, երբ խաչի վրա էր, թողեց իր մորը: Սակայն ծնողներին թողնելու և ընտրյալի ետևից գնալու աստվածաշնչյան խոսքերը վերաբերում են ոչ միայն փեսային` տղամարդուն, այլև կնոջը, ով ևս ամուսնանալիս թողնում է իր հորն ու մորը և գնում ամուսնու ետևից: Այսպես նաև Եկեղեցին` իբրև հարս, Քրիստոսին միանալով` թողեց իր հայրական սովորությունը` կռապաշտությունը, և մայրական սովորությունը` անընդհատ մեղանչելը, և այժմ գնում է փեսայի` Քրիստոսի ետևից նրա Հայրական տուն, այսինքն` Երկնքի Արքայություն: Եկեղեցին երբեմն համեմատում են նաև Քրիստոսի պատմուճանի հետ: Երբ հրեաները հռոմեացիների ձեռքով խաչեցին Քրրստոսին, Նրա պատմուճանը չպատռվեց ու չբաժանվեց (Հովհ. 19.23), ու թեև այսօր որոշ կազմակերպություններ, աղանդներ, կրոններ պայքարում են Եկեղեցու դեմ, այն, այնուամենայնիվ, Քրիստոսի պատմուճանի պես մնալու է անբաժանելի:
Հավատացյալներին դեպի եկեղեցի` արարողությանը մասնակցելու է կանչում եկեղեցու զանգը իր ղողանջով: Հնում սովորություն կար եկեղեցու զանգը երեք անգամ հնչեցնել, որպեսզի եթե մարդը առաջին երկու անգամները ծուլանար, ապա երրորդ անգամ մարմնական հակումները հաղթահարելով` հետևեր հոգու կանչին և գնար եկեղեցի: Այս երեք անգամ հնչեցնելը կարգվել էր Պետրոս առաքյալի հետ տեղի ունեցած դեպքի նկատառումով: Պետրոս առաքյալը Քրիստոսին ուրանալուց ետ չդարձավ աքաղաղի երկու անգամ կանչելու ժամանակ (Մարկ. 14.72), բայց աքաղաղի երրորդ կանչի ժամանակ առաքյալն արդեն դուրս էր եկել սխալ ընթացքից` դառնապես լաց լինելով: Այդ երեք անգամները խորհրդանշում են մարգարեներին, առաքյալներին և վարդապետներին, ովքեր մարդկանց հետ խոսում էին Աստծո մասին և հորդորում ճիշտ կյանքով և հավատքով ապրելու: Մարգարեները հիմնականում գործում էին իրենց ժողովրդի մեջ, առաքյալները քրիստոնեությունը տարածեցին ամբողջ աշխարհում, բայց նրանց օրոք դեռ շատերը հեռու մնացին Քրիստոսից: Սակայն այժմ շարունակվում է քրիստոնյա վարդապետների քարոզչությունը, որով ի վերջո քրիստոնյա է դառնալու նաև ողջ աշխարհը, ինչպես մարգարեանում է Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված իր նամակում (11.25):
Որպես ճշմարիտ հավատացյալներ` մենք պետք է մեր հավատքը վկայենք և մարդկանց դեպի եկեղեցի բերենք, նկատի ունենալով եկեղեցին լայն իմաստով, այսինքն` հավատքի ճշմարիտ գիտակցություն չունեցողներին ճշմարտության բերելով միացնել հավատացողների խմբին: Սակայն բացի դրանից մենք ինքներս պետք է օինակելի գործեր անենք, առաքինությամբ ապրենք, այլապես կնմանվենք քիչ առաջ հիշված եկեղեցու զանգին, որը մարդկանց դեպի եկեղեցի է կանչում, բայց ինքը միշտ մնում է դրսում: Եվ այս իմաստով պետք է ոչ միայն զանգ լինենք, այսինքն` մեր հավատը հնչեցնող, մարդկանց եկեղեցի բերող, այլև պետք է նմանվենք եկեղեցու մշտավառ կանթեղին, այսինքն` մեր սրտերում և հոգիներում միշտ վառ պահենք հավատքի լույսը մեր բարի կյանքով և առաքինություններով:
Եկեղեցու և հավատացյալների խորհուրդը
Նոր կառուցվող եկեղեցու հիմնօրհնեքի ժամանակ հիմքի մեջ տեղադրվում են տասնվեց քարեր` ըստ Քրիստոսի առաքյալների և չորս ավետարանիչների թվի: Տասներկու առաքյալներից երկուսը` Մատթեոսն ու Հովհաննեսը, ավետարանիչներ են, և քանի որ նրանք հիշվում են որպես ավետարանիչներ, մյուս առաքյալների տասներկու թիվը լրացվում է Պողոս առաքյալի և Գրիգոր Լուսավորչի անունների հիշատակումով: Հիմնօրհնեքի արարողության ընթացքում քարերը լվանում են նախ ջրով, հետո` գինով, այնուհետ օծում մեռոնով, որից հետո քարերը տեղադրվում են հիմքի մեջ հատուկ նախատեսված վայրերում: Քարերի ջրով լվացումը հիշեցնում է ոտնլվան և ակնարկում մկրտությունը, գինով լվացումը` վերնատանը Վերջին Ընթրիքը և հաղորդությունը, իսկ մյուռոնով օծումը` այն, որ Աստծո Հոգով օծվեցին առաքյալները և զորություն առան Սուրբ Հոգով մկրտելու: Եկեղեցին կառուցվում է տարբեր չափսերի քարերից` դառնալով մեկ ամուր կառույց: Սա խորհրդանշում է տարբերի տարիքի մարդկանց, ինչպես և տղամարդկանց ու կանանց միությունը` ըստ առաքյալի խոսքի. «Խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղ. 3.28): Գեղեցիկ խորհրդանիշ է նաև եկեղեցու ներքին կառուցվածքը: Եկեղեցու սյուները խորհրդանշում են առաքինությունները, սյուները միացնող կամարները` սերը, որով գործվում են առաքինի գործերը, խաչով զարդարված երկնասլաց գմբեթը` հավատքով և խաչի զորությամբ դեպի երկինք բարձրանալը: Եկեղեցին համեմատվում է երեք մասից բաղկացած նոյյան տապանի հետ: Եկեղեցին ևս եռամաս է` նախամուտք-գավիթ, եկեղեցու բուն մասը և խորանը, որտեղ մատուցվում է Սուրբ Պատարագը: Նոյյան տապան մտնողները փրկվեցին ջրհեղեղից: Այսպես էլ եկեղեցի մտնողները փրկվում են մեղքերի ալեկոծություններից: Նոյը տապանից բաց թողեց սև ագռավին, որ հեռանալով` այլևս չվերադարձավ (Ծննդ. 8.7): Այսպես էլ Քրիստոս եկեղեցուց` հավատացյալներից, հեռացրեց սևացած սատանային: Ջրհեղեղի ջրերի ցամաքելուց հետո Նոյը զոհասեղան կանգնեցրեց և զոհ մատուցեց (Ծննդ. 8.20):Նույն կերպ էլ մարդն իր մեղքերի ցամաքելուց հետո իր բարի գործերը դարձնում է զոհասեղան և ընծա մատուցում իր մտքի աղոթքները: Եկեղեցին համեմատվում է նաև բաբելոնյան աշտարակի հետ, սակայն` դրական իմաստի նկատառումով: Եթե բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ մարդիկ հպարտությամբ էին ցանկանում աշտարակ շինել և դեպի երկինք բարձրանալ (Ծննդ. 11.4), ապա Եկեղեցու պարագային այն իբրև աշտարակ կառուցվում է Քրիստոսի վեմի վրա, և մարդը դեպի Աստված է բարձրանում խոնարհությամբ և պատվիրանների աստիճաններով: Ամբարտավան աշտարակաշինության պատճառով մարդիկ բաժանվեցին յոթանասուներկու ազգերի և ցրվեցին տարբեր կողմեր, իսկ Քրիստոսի յոթանասուներկու առաքյալները ազգերին միավորեցին ի Քրիստոս հավատով:
Եկեղեցում արարողությունների ժամանակ առավել հաճախ գործածվող եկեղեցական սպասքներից են քշոցը, բուրվառը, խնկամանը: Քշոցը բոլորակ մետաղյա թիթեղ է բոժոժներով և երկար կոթով, որը շարժելով հնչեցնում են եկեղեցական արարողությունների հանդիսավոր պահերին: Այն խորհրդանիշն է եկեղեցում ներկա անտեսանելի երկնային զորությունների և հիշեցնում է Դանիելի մարգարեության մեջ հիշատակվող, Աստծուն պաշտող հազար-հազարավոր հրեշտակներին (Դան. 10.7): Խնկամանը խորհրդանշում է Աստվածածնին` լի անուշավետ շնորհներով, բուրվառը`խունկ ծխելու և խնկարկելու մետաղյա, չորս երկար շղթաներով եկեղեցական անոթը, և դրանով խնկարկությունը հիշեցնում են Գաբրիել հրեշտակապետի անուշաբեր ավետիսը: Խնկարկությունը և անուշահոտ ծխի ելնելը վեր խորհրդանշում է նաև եկեղեցում ի մի հավաքված հավատացյալների աստվածահաճո աղոթքների երկինք բարձրանալը: Պատարագի արարողության նախատեսված ժամանակամիջոցում քահանայապետի նստելը խորանին դրված հատուկ աթոռին հավատացյալներին հիշեցնում է Քրիստոսի փառավոր գալուստը:
Ե՛վ եկեղեցական շինությունը, և՛ հավատացյալները եկեղեցի են, առաջինը` որպես աղոթավայր, իսկ երկրորդը` հոգևոր իմաստով: Եվ երկուսի մեջ էլ ներկա է Աստված. եկեղեցի-աղոթավայրում նաև պատարագումով ներկա է Քրիստոս, իսկ հավատացյալները հաղորդությամբ միանում են պատարագյալ Քրիստոսին, զորանում որպես Աստծո հոգեղեն տաճարներ, ինչպես առաքյալն է ասում. «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ» (Ա Կորնթ. 3.16): Նորակառույց եկեղեցին օրհնվում է Աստծո անունով և օծվում: Նույնպես հավատացյալը օրհնվում է, մկրտվում Սուրբ Երրորդության անունով և օծվում Քրիստոսի անունով: Եկեղեցում Սուրբ Հաղորդության ճաշակումը հիշեցնում է Քրիստոսի խոսքերը. «Ուտեք և խմեք Իմ սեղանից Իմ արքայութեան մեջ» (Ղուկ. 22.30):
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից