25 Նոյեմբեր, Բշ
Այս ծանր ժամանակներում, երբ հավատացյալ ժողովուրդը բացակայում է եկեղեցուց, նրանք, ովքեր ի սրտե ցանկանում են մասնակցել սուրբ արարողություններին, բայց ներկա իրավիճակից ելնելով՝ ստիպված են տանը մնալ, պետք է իմանան, որ Տիրոջ համար իրենք որպես մասնակիցներ են համարվում: Սրա մասին մեզ տեղեկացնում է Աբբա Դորոթեոս Գազացին՝ իր «Հոգեշահ ուսուցումներ» գրքում:
«Պատմեմ ձեզ սրա վերաբերյալ մի սքանչելիք, որ լսել եմ մի մեծ և պայծառատես ծերից: Եկեղեցում կանգնած՝ նա ականատես եղավ այն բանին, որ երբ եղբայրները սկսեցին սաղմոսերգությունը, մի լուսակիր այր դուրս եկավ ավագ խորանից՝ մյուռոնով լի անոթը և վրձինը ձեռքին պահած: Նա վրձինը թաթախում էր անոթի մեջ և շրջում բոլոր եղբայրների միջով՝ նշան դնելով նրանցից յուրաքանչյուրի վրա և որոշ բացակաների տեղերում, իսկ այլ բացակայողների տեղերը շրջանցում էր: Ժամերգության ավարտից առաջ ծերը կրկին տեսավ, թե ինչպես նա դուրս եկավ ավագ խորանից և կատարեց նույն բանը: Ծերը կանգնեցրեց նրան և, ընկնելով նրա ոտքերը, աղաչեց, որ բացատրի իրեն՝ ո՞վ է նա և ի՞նչ է անում: Այդ լուսակիր այրը պատասխանեց նրան. «Ես Աստծո հրեշտակն եմ, և ինձ հրամայված է կնքել այս նշանով նրանց, ովքեր եկեղեցի են գալիս սաղմոսերգության սկզբում և մնում են մինչև վերջ՝ շնորհիվ իրենց ջերմեռանդության, ջանասիրության և բարի հոժարակամության»: Ծերը հարցրեց նրան. «Ինչո՞ւ ես դու նշան դնում որոշ բացակայող եղբայրների տեղերում»: Ի պատասխան՝ սուրբ հրեշտակն ասաց նրան. «Եղբայրներից նրանք, ովքեր ջերմեռանդ են և ունեն բարի հոժարակամություն, սակայն, հայրերի օրհնությամբ դուրս են եկել եկեղեցուց ծայրահեղ տկարության պատճառով, կամ ինչ-որ հանձնարարություն ստանալով՝ զբաղված են այն կատարելով և այդ պատճառով այստեղ չեն գտնվում, ստանում են իրենց նշանը, որովհետև իրենց հոժարակամությամբ ներկա են լինում երգողների հետ: Միայն նրանց, ովքեր կարող են լինել եկեղեցում և չեն գալիս իրենց ծուլության պատճառով, ինձ կարգադրված է չտալ նշան, քանի որ այդպիսիներն իրենք իրենց անարժան են դարձնում դրան»:
Ջանացե՛ք, ուրեմն, եղբայրնե՛ր, երբեք չզրկվել սուրբ հրեշտակի նշանից»:
Աբբա Դորոթեոս Գազացի