Էկոլոգիա. բնության և շրջակա միջավայրի մասին

Մարդկությունն իր գոյության ողջ ընթացքում օգտվում է բնության բարիքներից` բուսական, կենդանական աշխարհից, իր կենսական կարիքներն ապահովելու համար: Սակայն բնության օգտագործումը հանգեցնում է նաև բնական ռեսուրսների սպառման, բնության աղտոտման ու վնասման: Ինչպիսի՞ն է քրիստոնեական տեսակետը բնության հանդեպ վերաբերմունքի մասին:

Բնությանն ու դրան առնչվող խնդիրների վերաբերյալ գիտությունն անվանում են էկոլոգիա: Էկոլոգիան կենդանի օրգանիզմների, նրանց համակեցության և նրանց շրջապատող միջավայրի միջև փոխհարաբերությունն ուսումնասիրող գիտություն է: «Էկոլոգիա» բառը ծագում է հունարեն «οἶκος»` կացարան, բնակավայր նշանակող բառից և «λόγος» բառից, որը թարգմանվում է խոսք, նաև` կապակցությունների մեջ գիտության իմաստն ունի: Այս եզրն սկսել է օգտագործվել 19-րդ դարի կեսերից, սակայն հետագայում դրա իմաստն ընդլայնվել է և այսօր ներառում է նաև բնապահպանության, շրջակա միջավայրի պահպանության հարցերը:

Բնապահպանության խնդիրների լուծման համար կարևոր է բնության մասին քրիստոնեական տեսակետի իմացությունը: Աստված առաջին մարդկանց իշխանություն տվեց բուսական և կենդանական աշխարհի վրա. «Աճեցե՛ք, բազմա-ցե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»,- ասվում է առաջին մարդկանց (Ծննդ. 1.28): Այս նույն իշխանությունը տրվում է նաև ջրհեղեղից հետո Նոյին և նրա ընտանիքին (Ծննդ. 9.1-3): Քրիստոնեական տեսակետի համաձայն` «իշխանություն» հասկացությունը բացատրվում է կարող մեկի կողմից հոգատարության, հոգածության ցուցաբերման նշանակությամբ: Այդպիսին է «իշխանություն» հասկացությունը բացատրվում քրիստոնեության շրջանակներում գտնվող թե՛ տիրոջ ու ծառայի, թե՛ ամուսնու և կնոջ և թե՛ Քրիստոսի ու Եկեղեցու միջև հարաբերություններում (Մատթ. 20.28, Մարկ. 9.34, 10.45, Եփ. 5.22-25, 32): Հետևաբար, բնության հանդեպ իշխանությունը, որը Սուրբ Գրքի հավաստմամբ մարդուն տրվեց Աստծո կողմից, նույնպես պետք է հասկանալ ոչ թե տիրելու, տիրապետելու, վնասելու, այլ հոգածության ու խնամքի դրսևորման իմաստով: Բնության բարիքներից պետք է օգտվել և ոչ թե բնությունն անխնա օգտագործել, և կամ` բնության պարգևած բարիքները խնայողությամբ ու հոգատարությամբ օգտագործել և ոչ թե բնությունը շահագործել:

Քրիստոնեական վարդապետության համաձայն` Ծննդոց գրքի վերոնշյալ խոսքերը մեկնաբանվում և ընկալվում են որպես արարչագործության վրա մարդու` իբրև տնտես ու խնամակալ հաստատումը: Քրիստոսի պատմած անիրավ տնտեսի մասին առակը (Ղուկ. 16.1-8), երբ տերն իր կողմից տնտես կարգված մարդուց հաշիվ է պահանջում, կարող ենք հասկանալ ոչ միայն մարդու անձնական, աստվածաշնորհ կյանքի տնօրինմանը վերաբերող հաշվետվության առնչությամբ, այլև ընդհանուր իմաստով` աշխարհի տնտես հաստատված մարդուց հաշվետվության պահանջի նկատառումով, քանզի Աստված մարդուց պահանջում է նաև խնամք ու հոգատարություն ցուցաբերել բնության հանդեպ:

 

Բնության շահագործումն իրապես հանգեցնում է բնության օրինաչափ վիճակի խաթարման: Որո՞նք են հիմնական վտանգները և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ:

Մարդու կողմից բնության անխնա շահագործման հետևանքներն իրենց զգացնել են տալիս հենց մարդկության կյանքում բացասական ազդեցություններով և իրողություններով: Այսօր բնության հետ կապված մտահոգիչ խնդիրներից են գլոբալ տաքացումը, կլիմայական օրինաչափությունների խաթարումը, դրա հետևանքով բնական աղետների ավելացումը, երկրագնդի հյուսիսային ու հարավային բևեռների սառույցների հնարավոր մեծամասշտաբ հալչելը, ինչն անցանկալի և անդառնալի լուրջ հետևանքների կարող է հանգեցնել ընդհանրապես ողջ մոլորակի վիճակը, երկրի աղտոտվածությունը, որը մեծապես վտանգում է ոչ միայն մարդկային, այլև ցամաքային, ջրային կենդանիների, թռչունների կյանքը:

Մարդկային գործոնով բնությանը վնասներ են հասցվում ոչ միայն երկրի, հողի վրա, ջրային տարածքներում` գետերում, լճերում, ծովերում և օվկիանոսներում, այլև օդային տարածության մեջ: Գիտության զարգացմամբ նոր տեխնոլոգիաների օգտագործումն ապահովում է մարդու կամ մարդու կողմից ստեղծված սարքերի հասանելիությունն օդային տարածքներ: Դա պատճառ է դառնում ավտոմեքենաների, գործարանների արտանետումների պատճառով օդի աղտոտումից զատ նաև` տիեզերքի ուսումնասիրման նպատակով անզեն աչքով տեսանելի երկնքից ավելի վեր բարձրացող սարքավորումների կողմից քայքայման օզոնային շերտի, որը պաշտպանում է երկիրն արեգակի վնասակար, ուլտրա-մանուշակագույն ճառագայթներից: Օզոնային շերտի քայքայումը վտանգավոր է ողջ բնության, ներառյալ մարդկային կյանքի համար. այն հանգեցնում է բուսականության աճի նվազման, օրգանիզմի գենետիկ ձևափոխումների, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման և այլն:

Մարդու կողմից նաև ոչնչացվել են շատ կենդանատեսակներ, շատերը գտնվում են ոչնչացման եզրին, ինչը լուրջ վնաս է հասցնում էկոհամակարգին` կենդանի օրգանիզմների, նրանց բնակության միջավայրի, միմյանց միջև կապի և նյութի փոխանակության կենսաբանական ընդհանրությանը: Այս ամենը, իհարկե, չի կարող բացասաբար չանդրադառնալ մարդկության կյանքի վրա: Հարկ է նշել, որ կենդանական աշխարհի սպառումն ու ոչնչացումը կապված է եղել և է ոչ միայն մարդու կենսական պահանջների, անհրաժեշտ կարիքների բավարարման, այլև մարդկային հաճույքի կամ քմահաճույքի հետ, ինչպիսիք են զվարճանքի համար կատարվող որսորդությունը, կենդանիների մորթիների կամ գլուխների, կենդանիներից պատրաստվող խրտվիլակների անհարկի գործածումը, զարդեղենների պատրաստման համար փղոսկրի օգտագործումը և այլն:

Այս տխուր իրողության դեմ պայքարելու, բնության շահագործումից արդեն առաջ եկած անցանկալի հետևանքները վերացնելու համար գործում են բնապահպանական կազմակերպություններ, որոնց խնամատար, բացատրողական, քարոզչական գործունեությունը միանգամայն խրախուսելի է Եկեղեցու կողմից: Կենդանական աշխարհի չարաշահման դեմ ներկայումս հանդես են գալիս նաև «կենդանիների իրավունքների» պաշտպանության կազմակերպություններ, որոնք, սակայն, երբեմն որոշ ծայրահեղ դիրքորոշումներ են արտահայտում: Իսկ օզոնային շերտի քայքայման վերաբերյալ լուրջ մտահոգությամբ դեռևս 1994 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան սեպտեմբերի 16-ը հռչակել է օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Օզոնային շերտի պահպանման մասին կազմվել են տարբեր միջազգային համաձայնագրեր, որոնց անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը:

 

Նկատի ունենալով արդի աշխարհում բնության վիճակը, բնության, շրջակա միջավայրի հանդեպ հանդիպող անընդունելի վերաբերմունքն ու վարմունքը` Եկեղեցին ինքն ուղղակիորեն ի՞նչ է անում էկոլոգիական խնդիրների լուծման ուղղությամբ:

Մարդու հոգևոր վիճակը, մտածելակերպն արտահայտվում են նրա վարվեցողության արտաքին դրսևորումներով: Աստծո կամքին հակառակ ընթացքները` մեղքը, մեղավոր արարքներն են, որ մարդուն ու բնությանը վնասներ են պատճառում: Հետևաբար, անձին, ժողովրդին, աշխարհին հասցվող հարվածները չարի ու չարիքի հարձակում են, մարդու ձեռամբ կատարված ու կատարվող չարագործություններ: Եկեղեցին ավելի խորն է տեսնում խնդիրը` այն որպես մեղք արմատավորված համարելով հոգևոր ոլորտում, որտեղից մեղքը պետք է մաքրել, մեղավոր, անկյալ վիճակն ու մտածելակերպը հաղթահարել ու մարդուն սրբության առաջնորդել: Քրիստոս հաղթեց մահվանն ու մեղքին, մարդուն զորություն տվեց գերության մեջ չմնալու մեղքի ու մահվան ճիրաններում և Իր շնորհները բաշխեց` չարին հաղթելու, բարին հաստատելու, սրբության հասնելու համար:

Մարդու փրկության համար իրականացվող Եկեղեցու առաքելությունը զորացնում է հոգևոր կյանքն ու գիտակցությունը, բերում Աստծո պատվիրանների իրագործման ու աստվածային կամքի համաձայն ապրելու կարևորության ընկալումը: Ճշմարիտ աստվածճանաչողության ու աշխարհընկալման հաստատումը, այլոց կամ շրջակա միջավայրը վնասող շահամոլ և նյութապաշտ նկրտումներից զգուշացումները, աստվածաշնորհ կյանքի հանդեպ խորին հարգանքն ու Աստծո պատկերով ստեղծված մարդուն որպես մեծագույն արժեք ընկալելը էկոլոգիական խնդիրների հիմնական լուծումներից են:

 

Կյանքի հանդեպ հարգանքի անհրաժեշտությունն ի՞նչ անմիջական առնչություն ունի բնության հետ կապված խնդիրների լուծման գործում:

«Կյանք» ասելով` մենք միայն մարդկային կյանքը չենք հասկանում, այլև բույսերի, կենդանիների: Ընդհանրապես կյանք երևույթի հանդեպ գիտակցություն ունեցող, բանականությամբ օժտված մարդու կողմից մեծագույն հարգանք և խնամք պետք է դրսևորվի: Բույսերը, կենդանիները նույնպես ապրում են, ցանկանում են վայելել արևի լույսն ու ջերմությունը, օդը, կենդանիները (ձագերն իրենց ծնողների և ծնողներն իրենց ձագերի) անասուններին հատուկ սերը, հոգատարությունն ու քնքշությունը:

Մարդու և կենդանիների տարբերակումը կատարվում է նաև «ասուն» և «անասուն» բառերով, որոնք նշանակում են` ասելու, խոսելու ունակությամբ օժտված բանական և այդ ունակությունը չունեցող, անբանական, ոչ բանական: Կենդանիների ոչ բանական լինելը, սակայն, չի բացառում նրանց հատուկ զգացականությունը: Սա համաձայն է քրիստոնեական ուսուցմանը հոգու մասին, ըստ որի` հոգին լինում է տնկական կամ բուսական, զգացական և բանական: Մարդու հոգու մեջ առկա են այս երեք զորությունները, որոնցից բանականը բարձրագույնն է, և այդ հատկությունն ունեցող հոգին օժտված է անմահությամբ: Մինչդեռ բույսերի մեջ առկա է միայն տնկականը` աճելու, շնչելու զորությամբ, կենդանիների մեջ` տնկականն ու զգացականը` նաև զգալու, վերաբերմունք արտահայտելու, տխրելու և ուրախանալու, անգամ արտասվելու ունակությամբ: Տնկական և զգացական հոգին չունի անմահության հատկությունը, այն սոսկ կենդանություն, կենսունակություն հաղորդելու ուժն ունի: Սակայն բույսերի ու կենդանիների ապրելու, կյանք ունենալու գիտակցումով պետք է հոգատարությամբ ու փայփայանքով վերաբերվել այդ կյանքին, ընդհանրապես Աստծո կողմից շնորհված կյանք երևույթին և կենսական խիստ անհրաժեշտ կարիքների համար խնամքով ու խնայողությամբ օգտվել բուսական ու կենդանական աշխարհից:

 

Մարդն իր սննդակարգում օգտագործում է կենդանիներին ու բույսերին: Բույսերն ու կենդանիները, օրինակի համար, ծառերի փայտը կամ կենդանիների կաշին գործածվում են կենցաղային իրերի պատրաստման համար: Աստվածաշնչում նշվում է, որ Աստված Ինքը մարդուն թույլատրեց այդպես օգտվել բնությունից: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ մարդն Աստծո կամքին հակառակ ոչինչ չի անում` բնությունն իր շահերի համար օգտագործելով:

Մարդն այսօր բնությունն օգտագործում է հաճախ անխնա կերպով` այն նկատելով իբրև մի պահեստ, որտեղ օգտակար նյութեր ու մթերքներ կան իր կյանքի համար: Բնությունից օգտվելիս այն իբրև պահեստ դիտարկելը հակառակ է ոչ միայն քրիստոնեական վարդապետությանը, այլև ողջ Աստվածաշնչի դիրքորոշմանը: Ճիշտ է, Հին Կտակարանում տրվեց բույսերն իբրև կերակուր գործածելու, ապա` ջրհեղեղից հետո նաև կենդանիներին որպես ուտելիք, ինչպես նաև զոհաբերությունների համար օգտագործելու պատվերը: Սակայն Աստված մարգարեի միջոցով ասաց. «Ողորմություն եմ կամենում և ոչ թե` զոհ» (Օսեե 6.6): Սա կրկնեց նաև Քրիստոս Նոր Կտակարանում (Մատթ. 9.13, 12.7): Թեև Աստվածաշնչում կան բույսերն ու կենդանիներին մարդու համար օգտագործելու թույլտվությունները (Ծննդ. 1.28, 2.16, 9.1-3), բայց Սուրբ Գրքում արձանագրված են նաև Աստծո կողմից տրված հրահանգներ` բնության և հատկապես զգացականությամբ օժտված կենդանիների հանդեպ խղճահարությամբ ու խնամքով վարվելու համար (Ելք 20.10, Ղևտ. 25.1-7, 23-24, Բ Օր. 5.14, 22.6-7,10, Առ. 12.10, Հովհ. 10.2-4): Ուրեմն, բնությունը մարդու համար նյութ և ուտելիք հայթայթելու պահեստ չէ, այլ ենթակա է խնամակալության, սիրո և հոգածության:

Կաթոլիկ Եկեղեցին սրբեր ունի, ովքեր բնության հետ խորը, ներքին կապ են պահպանել, խոսել, անգամ քարոզել են կենդանիներին, ինչպիսիք են Ֆիլիպ Ներին, Ֆրանցիսկոս Ասիզացին, ում անունը նախընտրել և կրում է ներկայիս Հռոմի Պապը: Այս սրբերի օրինակով ևս Կաթոլիկ Եկեղեցին իր հավատացյալներին ուսուցանում է սեր և հարգանք դրսևորել բնության հանդեպ: Բնությունը սոսկ որպես պահեստ նկատելու և միայն սպառողականության դիրքորոշմամբ վերցնելու, օգտագործելու, սպառելու նպատակով կատարվող հսկայական և համընդհանուր ընթացքները տանում են ոչ միայն բնական աշխարհի խաթարման, այլև շատ բնական ռեսուրսների սպառումով հետագա սերունդներին զրկում են բնության պաշարներից օգտվելու իրավունքից և հնարավորությունից:

 

Հասկանալի է, որ մարդու կողմից պետք է հարգանք դրսևորվի նաև բնության մեջ առկա կյանքի հանդեպ: Սակայն մարդկությունը լայնորեն օգտագործում է նաև հողը, երկրի ընդերքը, որն ինքը կյանք չի պարունակում: Այս դեպքում ինչպիսի՞ն պիտի լինի վերաբերմունքը:

Հողը շնչավոր և զգայական չէ այն իմաստով, ինչ բույսերն ու կենդանիները: Քարը, քարածուխը, երկաթը և այլ մետաղներ ու հանածոներ ընդհանրապես անկենդան ու անշունչ են: Սակայն հողի հորատումներով օգտակար հանածոների ձեռքբերումը բնության ծայրահեղ շահագործումով ընդունելի չէ: Թեկուզ և հանածոներն անկենդան են, բայց բնության աղճատումով դրանց ձեռքբերումը վնասում է շրջակա բուսական ու կենդանական, ինչպես և մարդկային կյանքը:

Հողի ու ընդերքի օգտագործումն առանց բնությանը կործանարար վնաս հասցնելու՝ գովելի է և օգտակար է մարդկության բարօր գոյության ապահովման համար: Բայց հաճախ բնության մեջ մարդու բացասական գործողությունների հետևանքներն անդառնալի են: Դրանք ազդում են ոչ միայն անշունչ, այլև շնչավոր բնության վրա: Հանածոների մշակման պրոցեսները, որոնք կատարվում են քիմիական տարբեր նյութերով, հաճախ թունավորում են շրջապատը, տարածքում ապրող ոչ միայն բույսերի ու կենդանիների, այլև մարդկանց կյանքը, քայքայում բնակիչների առողջությունը: Ուրեմն, ոչ միայն բուսական ու կենդանական աշխարհի գործածումը, այլև հողի, երկրի ընդերքի օգտագործումը պետք է կատարվի բնության հանդեպ խնամքի և մարդու` մեծագույն արժեք լինելու գիտակցությամբ:

 

Մարդու արժեք լինելու ընկալումն ի՞նչ կապ ունի բնապահպանական խնդիրների կամ դրանց լուծման հետ:

«Մարդն իբրև արժեք» գաղափարի շուրջ տարբեր մտորումներ կան: Ըստ մի կարծիքի` արժեքն ինքնին չի արտահայտվում, այլ մարդու նկատմամբ հարաբերության մեջ է դրսևորվում, որով մարդը, ինքն իր հանդեպ իրեն գնահատող լինելով, ինքնահռչակվում է որպես արժեք: Եվ մարդու հայտարարումը որպես գերագույն արժեք՝ բերում է ավելի ցածր կամ ցածրագույն արժեքների առկայության հաստատումը: Աշխարհիկ, հումանիստական տեսակետի համաձայն` արժեք են մարդն ու իր իրավունքները: Նմանատիպ մոտեցմամբ վերածննդի ժամանակաշրջանում մարդն արժեք էր համարվում մարդակենտրոնությամբ, մարդկային արժանիքները, տաղանդը սոսկ մարդուն վերագրելու, աստվածային շնորհի ներգործությունը կարևոր չհամարելու, իր սեփական կյանքի ու ճակատագրի արարողը լինելու հաստատումներով: Հավանաբար վերոնշյալ դիրքորոշումն է պատճառը, որ այսօր աշխարհում մարդու իրավունքների վկայակոչումով անտեսվում են քրիստոնեական-բարոյական արժեքները, քանզի նման դիրքորոշմանը հարողներն ընդունելի են նկատում մարդու կողմից իր կարիքների բավարարման իրավունքը, եթե նույնիսկ դրանք հակասում են քրիստոնեության բարոյականության ընկալումներին: Հանուն այդ արժեք հանդիսացող մարդու և իր իրավունքերի` նոր ժամանակներում կարող են անգամ այլ «քրիստոնեական» մեկնաբանություն տալ բարոյականությանը, ինչն ակնհայտ է արևմտյան երկրներում և այդտեղ հաստատված եկեղեցիների գործունեության մեջ: Մեկ այլ կարծիքով` մարդն արժեք է, քանզի գերագույն արժեք հանդիսացող մարդկային կյանքն է կրում իր մեջ: Այստեղ նույնանում են մարդու և կյանքի արժեք լինելու հաստատումները, ինչի եզրահանգումն այն է, որ մարդկային կյանքն է արժեքը: Սա համահունչ է քրիստոնեության մեջ արտահայտված տեսակետին մարդկային կյանքի գերագույն արժեք լինելու վերաբերյալ: Սակայն մարդկային կյանքն ինքնին չի գոյավորվում, այլ կայանում է մարդու վրա, մարդու միջոցով: Այս իմաստով ևս կարող ենք ասել, որ մարդն արժեք է:

Կաթոլիկ Եկեղեցին հայտարարում է, որ մարդկային կյանքը սուրբ է, և մարդկային անձի արժանապատվությունը հասարակության համար բարոյական տեսլականի հիմքն է: Կաթոլիկ Եկեղեցու պաշտոնական «Կատեխիզիսում»` «Մարդ» ենթավերնագրի ներքո, 6-րդ պարբերության 363-րդ կետում արձանագրված է հետևյալը: Սուրբ Գրքում «հոգի» եզրը հաճախ վերաբերում է մարդկային կյանքին կամ ողջ մարդկային անձին: Բայց «հոգին» նաև վերաբերում է մարդու ներքին կողմին, ինչը նրանում ամենամեծ արժեքն է, որով նա հիմնականում արտահայտում է իր աստվածային պատկերը. «հոգին» նշանակում է մարդու հոգևոր սկիզբը: Այստեղ մեջբերվում է միայն Կաթոլիկ Եկեղեցու պաշտոնական տեսակետը, քանզի Օրթոդոքս Եկեղեցիները, ինչպես և Հայ Առաքելական Եկեղեցին Կատեխիզիսներ` քրիստոնեական հավատքի պաշտոնապես հաստատված ուսուցարաններ չունեն: Սակայն մարդու վերաբերյալ Կաթոլիկ Եկեղեցու արտահայտած այս ուսուցումն ընդհանուր քրիստոնեական վարդապետության արտահայտումն է: Ըստ այդմ` կարող ենք ասել, որ քրիստոնեական տեսակետով մարդն արժեք է աստվածաշնորհ կյանքով, իր աստվածային պատկերով, նաև հոգևոր լինելու իրողությամբ:

Բնապահպանական խնդիրների և դրանց լուծման հետ մարդու արժեք լինելու ընկալումն առնչվում է հետևյալ կերպ: Բնության վնասումը բերում է մարդու և նրա կյանքի վտանգման: Մարդիկ հաճախ անտեսվում են բնության խոշոր շահագործողների կողմից: Բացի այդ, մարդիկ նաև ստորադասվում են բնության բարիքներից ստացվող օգուտներին: Այսպես, օրինակ, հանքափորները երկրի ընդերքից օգտակար հանածոներ են հանում: Հանքատերերը կա՛մ ոչինչ չեն անում, եթե բաժնետերեր են, կա՛մ զբաղվում են աշխատանքի կազմակերպմամբ, ինչը, հանքերում աշխատողների գործի դժվարության հետ համեմատած, թեթև, թեև անհրաժեշտ զբաղմունք է: Հանքատերերը հանքերից խոշորագույն շահույթներ են ստանում: Հանքափորներն այդ շահույթի համեմատ տաժանակիր ու քրտնաջան աշխատանքով միայն հասցնում են իրենց և իրենց ընտանիքների կենսական կարիքները հոգալ: Հանքատերերը մեծահարուստներ են, մինչդեռ նրանց իշխանության տակ աշխատող հանքափորները հանապազորյա հացի համար աշխատում են` վտանգելով իրենց առողջությունը, անգամ` կյանքը:

Այս օրինակի մեջ հարուստ սեփականատերերը կարող են իրենց շահույթներից մշտական շահութաբաժին հատկացնել քրտնաջան աշխատողներին` նրանց ու նրանց ընտանիքների կենսամակարդակն ավելի բարձրացնելու համար: Բայց շատերն այդպիսի «շռայլություն» չեն անում: Նրանց հետաքրքրում է առավելաբար ստացվող նյութական շահը, որի համար օգտագործում են ոչ միայն բնությունը, այլև մարդուն ու մարդկային կյանքը: Հանքերի և դրանց մշակման գործարանների շուրջը վնասվում է միջավայրը, ըստ որոշ տվյալների` նաև` բնակիչների առողջությունը: Այս դեպքում հանուն շահի անտեսվում են ոչ միայն աշխատողները, այլև շրջակա բնակիչները: Բնության շահագործումը, որից առաջացած բարիքներն օգտակար են մարդկանց համար, նույնպես կատարվում են առհասարակ մարդկանց անտեսումով, քանզի հաճախ նկատի է առնվում և նպատակ լինում այդ գործողությունից ստացվող նյութական շահը և ոչ թե առաջին հերթին մարդկանց, մարդկությանը, աշխարհին օգուտ բերելու վեհ ու առաքինի ձգտումը:

Այսպիսի իրավիճակներում մարդը կամ մարդկային կյանքն արժեքից վերածվում է միջոցի: Մարդը դառնում է գործիք՝ շահույթների ձեռքբերման: Մարդն օգտագործվում է տարբեր նպատակների համար, որոնք ավելի են արժևորվում, քան մարդը, որը դիտարկվում է սոսկ միջոց` նախատեսված օգուտներին հասնելու: Այսպիսով, մարդու արժեքը ոչնչացվում է հանուն նյութականի, կենդանի մարդը վերածվում է միջոցի նյութական արժեքների համար, որոնք ավելի են մեծարվում, քանի մարդն ու մարդկային կյանքը: Այս է պատճառը, որ հասարակություններում թշվառությունների, աղքատությունների առկայությունը կասկածի տակ է դնում արդի աշխարհում մարդու կամ մարդկային կյանքի արժեք լինելու ընկալման ներկայությունը: Գործատուների կողմից աշխատանքի, դրա արդյունքի և դրանից ստացված շահույթի գերարժևորումը և աշխատողներին այդ նպատակի համար միջոց նկատումն առանց նրանց հանդեպ հատուկ հոգածության, կենսամակարդակի ու բարօրության առավել բարելավման ջանքերի և այլ հոգատարության դրսևորման, վկայությունն է նյութի նախապատվությամբ աստվածային պատկերով ստեղված մարդու ստորակարգման ու շահագործման: «Սիրեցեք միմյանց» քրիստոնեական սկզբունքը (Հովհ. 13.34-34) և դրա գործադրումը հաստատումն է մարդու և մարդկային կյանքի արժեքի, որի հանդեպ մտահոգությունը նաև բարերար է բնության ու շրջակա միջավայրի համար:

 

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

17.01.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․