Մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մարդիկ միջին հաշվով օրական 3 ժամ հեռուստացույց են դիտում: Այսօր շատ ավելի տարբեր վիճակագրություն է ձևավորվում համակարգչի, բջջային հեռախոսի առջև օրական անցկացվող ժամերի վերաբերյալ: Դա նույնը չէ, ինչ թմրամոլ լինելը, թեև նմանություններ կան: Արդյո՞ք մարդիկ դրանից իսկապես անվնաս հաճույք կամ օգուտ են ստանում, թե՞ ուղղակի թմրամոլի պես չեն կարողանում հրաժարվել վատ սովորությունից:
Աշխատանքի, դասընթացների մեջ օրական լարվածությունը պահանջում է մտքի լիցքաթափում, հանգիստ, օրվա բերած մտավոր լարվածության թոթափում: Դրա համար մարդիկ հատկապես երեկոյան ժամերն անցկացնում են հեռուստացույցի կամ համակարգչի, ոմանք էլ` արդեն հեռուստացույցի և համակարգչի ֆունկցիաներն ունեցող բջջային հեռախոսների առջև: Երբ զբաղմունքի այս ձևը կլանում է մարդու ողջ ուշադրությունն ու ժամանակը, կտրում է իրականությունից, հարազատների հետ շփումից, ընտանիքի հետ հաղորդակցվելուց, այն դառնում է մոլուցք: Դա չի նույնանում թմրամոլության հետ, բայց շատ նման է դրան այն իմաստով, որ մարդն անպայման իրեն հաճույք պատճառող, բայց և իր առողջությանն ու շրջապատին վնասող մի միջոցի համապատասխան քանակ պիտի ստանա, որ հանգստանա:
Ֆիլմեր դիտելը հոգեբանության բացատրությամբ կապված է նաև մարդու ինքնավստահության հաստատման, իրեն հերոսների հետ նույնացնելու, ճնշող կամ մտահոգիչ իրականությունն այլ կերպ ընկալելու, գործելու շարժառիթներ գտնելու ու ոգևորվելու և նման այլ իրողությունների հետ: Բայց ֆիլմերը, համակարգչային խաղերը, գովազդները ցուցադրում են նաև բռնության տեսարաններ, անբարոյականություններ, սեռական սանձարձակություններ, որոնք վնասում են մարդու հոգևոր վիճակը: Մեղավոր տեսարանը կարող է բերել մեղսալի մտածում, դառնալ չարի գայթակղության միջոց կամ պատճառ: Մտքով շնությունն իրականում կատարվածի հետ հավասարեցնելու ավետարանական հաստատումը (Մատթ. 5.27-28) վերաբերում է նաև շնության ու սպանության տեսարանների դիտմանը` հոգևոր վիճակին վնասելու, մեղքին հակվածություն առաջացնելու առկա վտանգի նկատառումով: Եկեղեցական հեղինակներից մեկի խոսքերով՝ հաճույքի զգացումով սպանության տեսարան դիտած անձն ինչպե՞ս կարող է հաջորդ օրը եկեղեցում աղոթել Աստծուն, որի անունն է Սեր: Ուրեմն, շնության հակվելու վտանգից պետք է զգուշանալ և աչքերը զսպել ոչ միայն անձնական հարաբերություններում, որի մասին խոսում է Քրիստոս, ինչպես նաև՝ Հոբ Երանելին (31.1), Սիրաք իմաստունը (25.28), այլև ֆիլմեր դիտելիս: Այն միտքը կա, որ սիրողները նրանք են, ովքեր ոչ թե նայում են իրար, այլ նայում են միևնույն ուղղությամբ: Բայց դա ամենևին էլ չի նշանակում հեռուստացույցի կամ համակարգչի առջև իրար կողքի նստած, նույն ուղղությամբ նայելով, ժամեր շարունակ ֆիլմեր դիտել: Այլ խոսքը վերաբերում է անձանց զգացումների, մտածումների, հարաբերությունների մեջ ներդաշնակությանը:
Երբ մարդն իր ողջ ազատ ժամանակը կամ ժամանակի մեծ մասն անցկացնում է անշունչ առարկաների հետ, անշունչ ու անկենդան է դառնում նաև նրա կապը ընտանիքի անդամների հետ, մարդն ավելի քիչ է զբաղվում երեխաներով: Ֆիլմը կամ սերիալն այդ պահին համարվում է առավել կարևոր, որի հետևանքով ծնողներն անտեսում են երեխաներին: Դա կարող է հանգեցնել և փոքրիկ երեխաներին առնչվող ողբերգական դեպքերի, ինչպիսիք որ, դժբախտաբար, եղել են մեր իրականության մեջ: Երեխաներին նույնպես չպետք է քաջալերել ժամեր շարունակ համակարգչի, հեռուստացույցի կամ հեռախոսի առջև անցկացնելը, այլ ծնողները երեխաների հետ պետք է պահպանեն կենդանի շփումն ընտանիքում` միասին Սուրբ Գիրք ընթերցելով, խաղեր խաղալով, ինչքան էլ որ տարիքի բերումով ծնողներին պարզունակ թվա մանկական զբաղմունքներին մասնակցելը: Բայց այդ ամենը պետք է անել հանուն երեխաների առողջ հոգեվիճակի ձևավորման, ճիշտ դաստիարակության մատուցման, հեռուստացույցի ու համացանցի բերած վտանգներից հեռու պահելու, ինչպես և դրանով երեխաների տեսողությանն ու առողջությանը պատճառվող վնասները կանխելու:
Տարիներ շարունակ հեռուստացույցին կամ համակարգչին կպած մարդու համար դժվար է պոկվել այդ ամենից, բայց նա պետք է գիտակցի նման վատ սովորության վտանգն ու սպառնալիքը, և գիտակցումը այդ մոլությունից ազատվելու առաջին քայլն է:
Եթե երեսուն վայրկյան տևող գովազդն ազդում է տեսակետների և վարքագծի վրա, ապա նման հանգամանքներում կարո՞ղ ենք արդյոք վստահ լինել, որ ժամերով հեռուստացույցի առջև կամ համացանցում գտնվելով` չի փոխվի անձի մտածելակերպը: Չէ՞ որ շատ հաճախ տեղեկատվության բովանդակությունը հակառակ է այն սկզբունքներին և չափանիշներին, որ ուսուցանում է Աստվածաշունչը:
Անձի մտածելակերպը հաճախ կարող է փոխվել ըստ այն տեղեկության, որով լցնում է իր գլուխը: Մարդկությանը և հասարակարգերը փոխել են ոչ այնքան հեղափոխությունները, որքան նոր մտքերն ու փիլիսոփայական ընկալումները: 18-րդ դարում լուսավորականության փիլիսոփաները փոխեցին մարդկանց մտածելակերպը, ոմանք սկիզբ դրեցին կասկածամտության ու սկեպտիցիզմի հատկապես կրոնի հանդեպ, Կանտը բերեց ավելի բանականության գերակայությունը, քան հավատքի և զգացմունքների: 19-րդ դարում Եվրոպան ներթափանցվեց աթեիզմով ընդամենը մեկ փիլիսոփայի` Նիցշեի գրվածքներով: Մտքի հզոր ալիքների բերած այս փոփոխությունները վնասում են դեռևս անկայուն, սեփական հաստատուն արժեհամակարգ ու հստակ հայացքներ չունեցող մարդկանց, որոնց այսօր էլ սպառնում են հեռուստացույցի կամ համակարգչի մատուցած հաճախ բարոյազուրկ տեղեկությունները:
Ինչ վերաբերում է հեռուստատեսությամբ տրվող լուրերին, լրաբերներին և նման հաղորդումներին, ապա այստեղ, եթե դիտենք միջազգային ասպարեզով սփռվող մեծագույն լրատվական ընկերությունների թողարկումները, կարող ենք փաստել, որ այսօր աշխարհում չկա տեղեկատվություն, այլ մեծ մասամբ` տեղեկատվությանն առնչվող մեքենայություններ: Ամեն երկիր ըստ իր քաղաքական շահերի ու հետաքրքրությունների է մատուցում կամ ձևափոխում տեղեկությունը: Ընդհանուր առմամբ լուրերն առավելաբար վատ իրողությունների կամ իրադարձությունների հայտարարումն են` վթարներ, հակամարտություններ, ահաբեկչություններ, տնտեսական խնդիրներ, հասարակական մարտահրավերներ և այլն: Դրական երևույթներ լրատվական բաժինների հաղորդումներով հաճախ մատուցվում են որպես իշխող համակարգի կամ կուսակցության գովազդներ, ինչն առավել ակնբախ է հատկապես տոտալիտար համակարգ ունեցող երկրներում, որոնցից ամենահայտնին այսօր Հյուսիսային Կորեան է: Այսօրվա լրաբերներն այդպիսով վերածվում են գույժ բերողների: Մեր երկրի լրատվական դաշտում լուրերի նոր տեսակ է ի հայտ եկել` լուրերի վթարային բաժինը, որով մանրամասնորեն ներկայացնում են ավտովթարները: Մեկ մեքենա վթարվել է, բայց հազարավոր մեքենաներ բարեհաջող և երջանիկ հասել են իրենց նպատակային վայրերը: Սակայն լուրերը մեծ մասամբ կենտրոնանում են բացասական իրողությունների վրա:
Միջազգային նորությունները նույնպես կենտրոնանում են բացասական երանգավորման վրա` ինքնաթիռ է վայր ընկել, ահաբեկչությունները շարունակվում են, նորից այսինչ երկիրը ռմբահարել է այնինչ երկրին, ֆինանսական ճգնաժամը խեղդում է մարդկանց, այսինչն ինքնասպան է եղել հենց այդ պատճառով: Կարծես թե աշխարհում ընդհանրապես ոչ մի լավ բան չկա: Լուրերը մեկնաբանվում են հոռետեսական դիրքերից, և այսօրվա լուրերին հատուկ է հոռետեսական ժանրը: Մարդկանց հետաքրքրությունը մեծ է ողբերգության հանդեպ, և կարծես թե այս հատկության շահարկմամբ ջանում են լուրերը ներկայացնել ողբերգության ժանրին հատուկ բովանդակությամբ: Գրականության մեջ նույնպես մեծ հաջողություն են ունեցել ողբերգությունները, ինչպես օրինակ` Շեքսպիրի հայտնի ստեղծագործությունները: Բայց Շեքսպիրը բացի «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա»,«Մակբեթ», «Օթելլո», «Համլետ» և այլ ողբերգություններ գրելուց, գրել է նաև «Սխալների կատակերգություն», «Շատ աղմուկ ոչնչից», «Երկու վերոնացի ազնվականներ», «Վենետիկի վաճառականը», «Տասներկուերորդ գիշեր» և այլ կատակերգություններ, որոնք նույնպես մեծ ընդունելության են արժանացել: Այնպես որ լուրեր մատուցելիս կարելի է նկատի առնել, որ դրականը ևս հետաքրքրական է, նույնիսկ` օգտակար: Այլապես այս ամբողջ իրողությունը նմանվում է մի մարդու, ով Նոր տարվա գեղեցիկ տոնի մեջ տեսնում է միայն տոնածառի փչացած լույսերը:
Առօրյայում մեծ մասամբ հեռուստացույցի և համացանցի կողմից տարածվող բացասական լուրերին շփվելիս տկարանում է Աստծո հետ հաղորդակցվելու մարդու հոգևոր ձգտումը: Եվ երբ միտքը սնվում է հիմնականում հոռետեսության ու անբարոյականության տարածման աղբյուրներից, ունայնանում քրիստոնեական արժեքներից, բարոյազրկվում կամ ապաբարոյականացվում է և ենթարկվում չարի ազդեցությամբ բերվող հուսահատության ու հիասթափության, երբեմն նույնիսկ հասնում Աստծուն մեղադրելու, անգամ՝ աստվածմերժության:
Տեխնիկան լավ բան է, բայց դրան պետք չէ շատ ժամանակ հատկացնել. այն կարող է բաժանել ընտանիքից և ընկերներից: Իրո՞ք վտանգը մեծ է:
Վտանգը մեծ է և լուրջ սպառնալիք է ներկայացնում նաև մարդու հավասարակշռված հոգեբանության ու ցանկալի հոգեվիճակի համար: Մարդը դադարեցնում է շփումը ոչ միայն շրջապատի, այլ նաև` ինքն իր հետ: Դադարեցնում է իր մտորումները, քննությունն իր արարքների ու գործերի, անդրադարձը կյանքին կամ օրվա ընթացքին և վերջապես` հաղորդակցությունն Աստծո հետ: Արևմտյան երկրներում հատուկ հիվանդանոցներ կան համակարգչային կախվածություն ունեցողներին բուժելու համար: Մեզ մոտ, ցավոք, դեռ չկան նորմալ պայմաններ ու բավարար մասնագետներ նույնիսկ ալկոհոլից կախվածություն ունեցողներին բուժելու, էլ ուր մնաց համակարգչից կախվածությունը բուժելու համար: Այսօր առաջադեմ երկրներում սկսում են մտածել նույնիսկ հեռուստացույցից հոգեբանական կախվածությունը բուժելու մասին:
Նախկինում թագավորներին զվարճացնում էին տարբեր ներկայացումներով, և հին ժամանակներում հասարակ ժողովուրդը չէր կարող հաճախ իրեն նման զվարճալիքներ թույլ տալ: Այսօր ժամանցային ներկայացումների հասանելիությունը հեռուստացույցի և համացանցի շնորհիվ դարձել է բավականին մատչելի, և դրական է զվարճանքի, լիցքաթափման համար այդ տեսարանները դիտելու հնարավորությունը: Բայց դրա չափազանցումն է արձանգրվում այսօր: Եկեղեցու Հայրերը խիստ են արտահայտվել թատրոնի մասին, որովհետև այն մարդկանց կտրում էր իրականությունից, հաճախ անբարոյական տեսարանների ներկայացումով տկարացնում մարդկային առաքինությունը, սպառում կյանքի թանկ ժամանակը: Նույն զգուշացումներն արդիական են նաև այսօր: Սակայն Եկեղեցին խիստ դիրքորոշում չունի կինոարվեստի և թատերարվեստի մասին, որովհետև եթե դրանք արվեստի դրսևորումներ են և ցուցադրում են մարդկային բարձրագույն, վսեմ զգացմունքներ ու գործողություններ, նպաստում բարու, առաքինության տարածմանը, ուրեմն նպաստավոր են նաև արժեքների քարոզչության առումով: Բայց այդպիսի գեղարվեստական ֆիլմեր այնքան էլ շատ չեն, համեմատաբար թվաքանակով ավելի են բարձր արժեքների մասին պատմող վավերագրական ֆիլմերը: Ամեն դեպքում պետք է զգույշ լինել չափազանցությունից զերծ մնալու համար:
Պետք է նաև նկատի ունենալ, որ նման զվարճանքներին ժամեր նվիրելով` սպառում ենք մեր կյանքի թանկ ժամանակը: Ուրեմն, հարկ է չափավոր լինել այս հարցում: Փիլիսոփաներից մեկն ասել է. «Մենք դառնապես գանգատվում ենք, թե մեր ժամանակը կարճ է: Միշտ դժգոհ ենք, թե մեր օրերը սակավաթիվ են, բայց գործում ենք այնպես, իբր թե դրանք վերջ չունեն»: Սուրբ Եփրեմ Ասորին ասում է, թե մարդիկ չեն հիշում, որ ժամանակը կարճ է` չհոգալով Աստծո հետ հաշտվելու մասին: Իսկ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը. դրա համար էլ պետք է այս կյանքի ժամանակն ի բարին օգտագործել, որովհետև այս ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ»:
Էլեկտրոնային մեդիայի միջոցով հնարավոր է ստեղծել և ձեռք բերել կարևոր հարաբերություններ` գործնական կամ անձնական: Այսօր նման համացանցային կապերից պարզապես հնարավոր չէ խուսափել: Ինչպե՞ս վարվել:
Այսօր մեծ տարածում ունեն սոցիալական ցանցերը, որոնք հնարավորություն են տալիս նոր հարաբերությունների հաստատման: Բայց հանուն ինչի՞ են հաստատվում այդ հարաբերությունները, շատ դեպքերում` հանուն շատախոսության, զրույցների, զվարճալի ժամանակ անցկացնելու, բամբասանքների: Ավելի շատ սա է գերակշռում սոցիալական ցանցերի բովանդակության մեջ: Ճիշտ է, նման կայքերում ներկա են նաև հոգևորականներ, ովքեր ունեն շատ հետևորդներ և այդ ոլորտում են քարոզչություն իրականացնում: Բայց դա իր մեջ վտանգ ունի, քանզի այդպիսով մարդկային հարաբերությունները և հաղորդակցությունն իջեցվում են ցածր աստիճանի և վերածվում պարզապես նամակագրության: Գրավոր խոսքի բացասական գնահատականն այս դեպքում, իհարկե, գրական ստեղծագործությունների կամ աշխատությունների մասին չէ: Պողոս առաքյալը, մյուս առաքյալները նամակներ էին գրում, երբ հարկավոր էր, և այդպես է, որ կազմվել է Նոր Կտակարանի մեծ մասը: Բայց նրանք կենտրոնանում էին ավելի շատ կենդանի քարոզչության, մարդկանց հանդիպելու, նրանց հետ հաղորդակցություն հաստատելու վրա:
Ճիշտ է այն դիտարկումը, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են ոչ միայն արտերկիր, այլև արտագաղթում են սոցիալական ցանցեր ու այնտեղից էլ դուրս չեն գալիս: Սոցիալական ցանցերի օգտագործումն արդարացված է մեծ տարածություններ ունեցող երկրներում, տարբեր երկրների բնակիչների հետ հարաբերություններում, բայց Հայաստանում, որտեղ տարածությունը փոքր է, մարդիկ անում են նույնը, ինչ տարբեր երկրներում ապրողները միմյանց հետ շփումներում: Պետք է հաճախ դուրս գալ այդ ցանցերից, նաև՝ սեփական տանը պարփակվելուց, հանդիպել միմյանց անձնապես, հաստատել միջանձնային կենդանի հարաբերություններ, հավաքվել միասին մեկ տեղում, լինել կենդանի շփման իրագործողները: Քարոզչության առումով առավել նպատակահարմար է այդ քարոզչությունն իրականացնել ե-կեղեցիներում, իսկ սոցիալական ցանցերը նպատակահարմար են այդ ժամադրությունները կազմակերպելու համար:
Քրիստոս ասաց. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. 18.20), և ոչ թե ասաց` ուր երկու կամ երեք հոգի իրար նամակ գրեն: Այսինքն` մարդկային համախմբման մասին է Քրիստոսի խոսքը, և այդ համախմբումով է, որ կայանում է Եկեղեցին` հավատացյալ ժողովրդի հավաքականությունը: Բացի դրանից, մարդիկ ցանցային շփումներում հաճախ թաքցնում են իրենց ինքնությունը, հոգեբանական խնդիրների առջև կանգնում, վախենում իրենք իրենց բացահայտելուց իրենց նամակային զրուցակցի առջև: Ինչպես նաև շատերը հոխորտում են համարձակ քննադատություններով պետության, Եկեղեցու և եկեղեցականների դեմ, բայց սոցիալական ցանցերից դուրս գալով իրականություն` անմիջապես կորցնում են բամբասելու, փնովելու ու վիրավորելու իրենց համարձակությունը և քաջություն չեն գտնում անգամ բարձրաձայնելու այն վիրավորական խոսքերը, որոնցով լցնում են համացանցը: Ուրեմն, համացանցից, սոցիալական ցանցերից կախվածությունը ևս հոգեբանական շեղումների է հանգեցնում: Բացասական են ցանցային մեծածավալ և ժամանակատար շփումները, մարդիկ պետք է դուրս գան այդ վիրտուալ շրջանից և վերադառնան դեպի իրականություն` մարդկային շփման ու հարաբերությունների վերահաստատման համար:
Երբ օգտվում ես համակարգչից, բջջային հեռախոսից կամ մեկ այլ սարքից, հնարավոր չէ վերահսկել տրվող տեղեկատվության բովանդակությունը: Մեր օրերում անգամ երեխաները բջջային հեռախոսներ ունեն կամ տարված են համակարգչային, համացանցային` ինտերնետային խաղերով: Կա՞ այլընտրանք և համացանցին փոխարինող բովանդակալից այլ գործունեություն:
Երեխաներին չափից շուտ հեռախոսներ տալը, եթե խիստ անհրաժեշտությունը չկա, խրախուսելի չէ: Երեխայի համար դա հաճախ ոչ թե շփման միջոց է, այլ մեծերին նմանվելու, ինքնահաստատման փորձ: Վատ է, երբ երեխայի ինքնահաստատումը հիմնվում է ոչ թե հավատքի, հոգևոր արժեքների հիմքի, այլ բջջային հեռախոսի, համակարգչի կամ նյութական հիմքի վրա: Բժիշկները զգուշացնում են, որ երեխաների համակարգչային խաղերը չպետք է գերազանցեն կես ժամը, համակարգչի առջև նստողները տասը րոպեն մեկ պետք է մեկ-երկու րոպեով հանգստություն տան աչքերին: Ծնողները պետք է ուշադիր լինեն` թույլ չտալով երեխաներին ժամանակի մեծ մասը սխալ կերպով անցկացնելու:
Համակարգիչը երեխային հիպնոսացնում է: Փորձի՛ր նրան պոկել իր սիրած խաղից, և երեխան հոգեկան ցնցումների մեջ կընկնի, կսկսի գոռգոռալ ու լաց լինել, ոտքերը գետնին խփել, իր զվարճալիքը պահանջել: Այն ծնողները, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին ժամեր ու ժամեր անցկացնել համակարգչի առջև, ճիշտ չեն կատարում իրենց դաստիարակությունը, թերանում են ծնողական պարտականությունների մեջ: Երեխան լուռ է, իրենց գլուխն էլ ազատ է երեխաների աղմուկից, դրանով բավարարվում են: Բայց ընդհանուր առմամբ իրենց երեխաներին անուշադրության մատնող ծնողներն արժանի չեն ծնող կոչվելու բարձրագույն պատվին: Պետք է երեխաներին քաջալերել միմյանց հետ շփվելու, բնության մեջ լինելու, դրսում խաղալու, թեկուզ և ավազով, հողով փոշոտվելու, այլապես վիրտուալ իրականությունը կկլանի նաև երեխային, և նա կկորցնի կապն այս աշխարհի իրականության հետ: Հոբ Երանելին շեշտում է, որ Տերն է զավակներ տալիս (Հոբ 1.22): Արդ, մենք պատասխանատու ենք աստվածային այդ մեծագույն պարգևի համար, և հարկ է երեխաներին չզայրացնելով և չհուսահատեցնելով, ըստ աստվածային պատվիրանի (Կող. 3.21), բացատրելով հեռու պահել վատ սովորություններից:
Բրիտանացի մի հեռուստահաղորդավար ժամանակին ասել է. «Հեռուստացույցը մի հայտնագործություն է, որի շնորհիվ ձեր իսկ սենյակում ձեզ զվարճացնում են մարդիկ, որոնց դուք երբեք չէիք հրավիրի ձեր տուն»: Այսօր համակարգիչները, բջջային հեռախոսները, հեռուստացույցն ու ինտերնետը սովորական ու հասանելի բաներ են: Ինչպե՞ս թույլ չտալ, որ էլեկտրոնային մեդիան խլի այն ժամանակը, որ կարող է տրամադրվել ընտանիքին, ընկերներին, աշխատանքին կամ պարզապես բարի գործերին:
Խորհուրդ տալն այստեղ ավելի հեշտ է, քան այն իրագործելը: Մեծ մասը, կարծում եմ, ունի այս խնդիրը, զգում է, որ էլեկտրոնային բաներն ավելի շատ են խլում իր ժամանակը` իրեն հեռացնելով ընտանիքից ու իրական կյանքից: Սա վերաբերում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, քանի որ կանայք էլ տարվում են իրենց սերիալներով կամ կարող են ժամերով կորչել համակարգչային լաբիրինթոսներում, սոցիալական կայքերում:
Ասում են, որ մարդկությունը շատ է սովոր ստրուկներ ունենալու: Երբ ստրկատիրական հասարակարգի ժամանակը վերջացավ, մարդն իր փոխարեն աշխատողներ ունենալու, ստրուկներ ունենալու ցանկությունը չկորցրեց: Ստեղծվեցին նոր ստրուկներ` մեքենաներ, սարքեր, որոնք եկան փոխարինելու մարդկային ստրուկներին: Այսօր լվացքն անում են ոչ թե ստրկուհիները կամ աղախինները, այլ լվացքի մեքենաները, կրակը վառ է պահում գազօջախը, մարդուն տեղափոխում են ոչ թե ստրուկների ուսերին դրված պատգարակները, այլ մեքենաները, զվարճացնում են ոչ թե տարբեր երկրներից ստրկության բերված գլադիատորները կամ ծաղրածուները, այլ հեռուստացույցն ու համակարգիչը: Եվ մեր օրերում տեսնում ենք, որ հատկապես այս վերջինները, լինելով մարդուն ծառայության համար, դառնում են մարդու տերերը, իսկ մարդիկ` դրանց գերիները: Կարծես թե արդի ազատության հասկացության պայմաններում ձևավորվում է շատերին անտեսանելի ստրկական մի հասարակարգ՝ տեխնոլոգիական առարկաների տիրապետության ներքո: Եվ նման պայմաններում այս իրողությունը տեսնելու կարողություն ու մեծ ձգտում է պետք այդ ստրկությունից ազատվելու, այդ կախվածությունից բուժվելու համար:
Տեր Ադամ քհն. Մակարյան