Մի անգամ վաճառականը հրաշալի տրամադրությամբ վերադառնում էր տոնավաճառից և ճանապարհին երկու գյուղացու հանդիպեց: Վաճառականը կանգ առավ ու հարցրեց, թե ուր են գնում: Գյուղացիները պատասխանեցին, որ տոնավաճառ են գնում՝ երեխաների համար քաղցրաբլիթ գնելու: Եվ քանի որ վաճառականը բարձր տրամադրություն ուներ, ամեն մեկին մեկ ռուբլի տվեց: Նրանցից մեկը շատ ուրախացավ և սկսեց ջերմորեն շնորհակալություն հայտնել վաճառականին: Նրա դեմքը երջանկությունից փայլում էր և նա ասաց, որ այժմ ոչ միայն քաղցրաբլիթ կգնի երեխաների համար, այլև կնոջ համար էլ մի նվեր կգնի: Իսկ երկրորդ գյուղացին չէր շտապում շնորհակալություն հայտնել վաճառականին, և դեմքի արտահայտությունն էլ ոչինչ չէր ասում: Զարմացավ վաճառականը և հարցրեց, թե նա ինչու ուրախ չէ: Մարդը պատասխանեց, թե իբր ի՞նչ կարող ես մեկ ռուբլով գնել: Կով չես գնի, այծի համար էլ չի հերիքի, այդ պատճառով էլ ուրախանալու պատճառ չկա… Բարկացավ վաճառականը, հետ վերցրեց իր գումարը և տվեց նրան, ում շնորհակալությունից ինքը զգացվել էր: Եվ կրկին նվեր ստացողը խոնարհվեց իր բարերարին և մեծ ուրախությամբ շնորհակալություն հայտնեց նրան: Իսկ իր ընկերոջն էլ մխիթարեց՝ ասելով, որ այժմ նրա ընտանիքի համար էլ նվերներ կգնի, քանի որ բոլորի համար կբավականացնի: Այս լսելով վաճառականն այնքան ազդվեց, որ իր ողջ գումարով լի քսակը նրան տվեց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի