22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Սեպտեմբերի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ ի հիշատակ հայրենիքի ծառայության ժամանակ զոհված զինվորների:
Արարողության ավարտին առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում զոհված զինվորների ընտանիքների անդամների, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինվորների հետ:
Սրբազան հայրն իր երախտիքի խոսքն ու շնորհակալությունը հղեց նրանց՝ ի մասնավորի ասելով.
«Մեր խոնարհումն ենք բերում ձեզ հերոս զավակներ ազգին ու բանակին նվիրելու համար, ովքեր զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքն ու առողջությունը: Մեզ համար մեծ մխիթարություն է ձեզ այստեղ տեսնելն ու Աստծո օրհնությունը հայցել յուրաքանչյուրիդ համար: Ձեր մեծ կորուստը ոչնչով փարատել չենք կարող, միայն կարող ենք աղոթք վերառաքել առ Աստված, որպեսզի Տերը հայրենիքի զոհասեղանին մեր հերոսների մատուցած ընծան ընդունի և փոխարենը ձեզ մխիթարի՝ հայրենիքի նկատմամբ նոր սեր ու ներքին հպարտություն վերընձյուղելով ձեր սրտերում: Աստծո օրհնությունն ու սերը թող հարատև լինի ձեր ընտանիքներում, թող ուժն ու կորովը, զսպանակված կամքը միշտ ուղեկից լինեն ձեզ, որպեսզի Քրիստոսի Հարությամբ իմաստավորվի ձեր կյանքը»:
Հանդիպման ընթացքում ներկաների անունից երախտիքի խոսք ասաց Անդրանիկ Հարությունյանը՝ մասնավորաբար նշելով.
«Հարգելինե՛ր, ձեր առաջ խոսք ասելու համար նախ և առաջ այդ իրավունքը պետք է վաստակել և կարծում եմ՝ ես այդ իրավունքն ունեմ: Անցյալ տարի ես նույնպես սահմանին էի և ականապատ գոտուց ընկերոջս հանելու ժամանակ ես էլ վիրավորվեցի: Մի ական էլ ինձ համար էր պահված, հիմա ոտքից զրկված եմ: Երեք տղա ունեմ: Մեծը ծառայել է, միջնեկը գումարտակի հրամանատար է, իսկ փոքր տղաս հիմա ծառայում է: Եթե թույլ կտաք բոլորիս անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սրբազան Հորը այս հանդիպման համար»:
Անդրանիկ Հարությունյանը Սրբազան հորը նվիրեց իր հեղինակած «Ապագայի հավատավորը» գիրքը, որը նվիրված է արցախյան ազատամարտում զոհված ընկերոջ հիշատակին:
Հանդիպման ավարտին Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց ներկաներին:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին