28 Նոյեմբեր, Եշ
Աստվածաշնչյան այս պատգամն ամեն անգամ կյանքի է կոչում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երբ իրականություն է դարձնում սոցիալական իր մի շարք ծրագրերը:
Փետրվարի 8-ին այս ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր այց Նազարբեկյան 48 հասցեում ապրող կարիքի մեջ հայտնված Արզումանյան ընտանիքին: Նշենք, որ երիտասարդ ընտանիքի ծնողները հաշմանդամներ են և ունեն երկու զավակներ՝ ինն ամսեկան Անահիտը և ինն տարեկան Վոլոդյան, ով նույնպես առողջական խնդիր ունի սրտի հետ կապված: Հաշմանդամ լինելով հանդերձ՝ ընտանիքի հայրը քիչ թե շատ կարողացել է աշխատել՝ հոգալով ընտանիքի կարիքները: Բայց այժմ ի վիճակի չէ աշխատել, քանի որ մեկ աչքի կուրությունից զատ մյուս աչքի տեսողությունն է սկսել աստիճանաբար նվազել, իսկ ընտանիքի մայրն ունի կոնքազդրային հոդի հոդախախտ և նևրոզ հիվանդություններ:
Կիսակառույց շենքի 8-րդ հարկում ապրող Արզումանյան ընտանիքը գտնվում է բնակարանային վատթար վիճակում, իններորդ հարկի և տանիքի բացակայության պատճառով բնակարանը խոնավության մեջ է գտնվում, թեև իրենք փորձել են պայմանական տանիքը քիչ թե շատ ծածկել թիթեղներով: Ընտանիքի մայրը՝ Կարինե Հովսեփյանը նշեց, որ յուրաքանչյուր եղանակային փոփոխություն իրենք անմիջականորեն զգում են և փայտի վառարանով փորձում են չորացնել անընդհատ խոնավացող պատերը՝ նոր հիվանդություններից խուսափելու համար: Հաշմանդամ և նպաստով ապրող ամուսիններն ամեն օր պետք է լուծեն օրվա սնունդի, հագուստի, վառելափայտի և այլ բազմաթիվ խնդիրներ: Եվ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին հնարավորինս փորձում է թեթևացնել կարիքի մեջ հայտնված այս ընտանիքի խնդիրները:
Փետրվարի 8-ի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի այցն Արզումանյան ընտանիք իր արձագանքն ունեցավ. ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը ցանկություն հայտնեց օգնել այս ընտանիքին: Փետրվարի 9-ին նրա աջակցությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին ընտանիքին հանձնեց վառելափայտ, մանկան համար սնունդ, տակդիր և հիգենայի պարագաներ:
Իրենց խնդիրները տեսնելու, արձագանքելու և օգնելու համար երիտասարդ ամուսիններն իրենց շնորհակալությունը և երախտագիտությունը հայտնեցին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, համայնքին, Կարեն Վարդանյանին և այն անձանց, ովքեր, ջանասիրաբար փայտը կոտրելով, բարձրացրեցին իրենց բնակարան:
Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է, որ ողորմությունն է առաքինությունների թագուհին, որը շատ մեծ արագությամբ բարձրացնում է մարդուն մինչև երկինք և հանդիսանում է նրա ամենալավ պաշտպանը: Ապա շարունակելով՝ «Մեծ է թռիչքը ողորմության: Այն ճեղքում է օդը, անցնում է լուսնից վեր, վեր ելնում արևի ճառագայթներից՝ հասնելով բուն երկինք: Բայց այնտեղ էլ նա կանգ չի առնում, ընդհակառակը, անցնելով երկինքը՝ ընթանում է հրեշտակների դասերի միջով, հրեշտակապետերի կացարաններով և վեր ելնում բոլոր վերին զորություններից առավել՝ ներկայանալով հենց Թագավորի գահի առջև: Սովորիր այս հենց Սուրբ Գրքից, որում ասվում է. «Կոռնելիոս, քո ողորմությունները հասան Աստծո առջև» (Գործք Առաքելոց 10:4)»:
Կարինե Սուգիկյան