Հեզ մարդը արդարության կարիքն ունի, արդարության քաղցն ու ծարավն ունի: Արդարությունը նախ Ինքը Աստված է և հեզ մարդը հասկանում է, որ առանց արդարության, այսինքն՝ առանց Աստծո օգնության ինքը ոչինչ անել չի կարող: Այս մասին է չորրորդ երանին. «Երանի նրանց, որոնք արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան» (Մատթեոս 5:6): Մարդկային կյանքի ամենաշինիչ ուժերի աղբյուրն ու ներշնչարանը, թշվառության ամենաբուժիչ ամոքիչը, քաջության ամրապնդիչ պահպանակը, առաքինությունների դրդիչն ու մշակը արդարությունն է և նրա հավիտենական գեղեցկությունը, որի քաղցն ու ծարավ ունեցողներին է երանի տալիս Ավետարանը:
Արդարության քաղցն ու ծարավն ունեցողը քաղցում ու ծարավում է Աստծուն: «Եվ արդարև, ես ամեն բան վնաս եմ համարում՝ համեմատած այն գերազանց շահի հետ, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ճանաչումն է: Այդ գիտությունն ունենալու համար ամեն ինչ թողեցի՝ ոչնչություն համարելով դրանք, որպեսզի շահեմ Քրիստոսին և կատարելապես միանամ Նրան: Այնպես որ իմ արդարությունն այլևս չի գալիս Օրենքի գործադրությունից, այլ Քրիստոսի հանդեպ իմ ունեցած հավատից, և այդ արդարությունը Աստծո՛ւց եկած արդարությունն է՝ հիմնված հավատի վրա» (Փիլիպպեցիներ 3:8-9):
Արդարության համար քաղցածներն ու ծարավյալները նրանք են, ովքեր ամբողջ սրտով ձգտում են կատարել Աստվածային պատվիրանները, նրանք են, ովքեր ամբողջ սրտով փնտրում են Աստծուն, որովհետև Աստված Ինքը աղբյուրն է արդարության:
Արդարության գաղափարն է՝ արա ուրիշին այն, ինչ ուզում ես, որ ուրիշները քեզ անեն: Արդար լինելը ուրիշ բան չէ, եթե ոչ իրագործել բարին: Բարին Աստծո մեծագույն ստորոգելին է և բարու իրագործման այդ զորությունը նվիրական է մեր մեջ: Այն մեր մեջ է նախ՝ քաղցի և ծարավի չափ զորավոր: Այդպիսի քաղց ու ծարավ ունեցողներին պիտի հնարավորություն տրվի հագեցնելու արդարության իրենց այդ կարիքը: Ճշմարտությունը ճանաչելու և այն անփոփոխ արտահայտելու ներքին ձգտումն է արդարությունը: Ճշմարտությունը տեսնել, պահպանել և գործադրել հատուկ է արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին: Արդարությունը ճանաչելու և այն գտնելու ճանապարհի մասին Պողոս առաքյալն ասել է. «Որովհետև Աստված ի՛նքն է, որ ձեզ բերեց միացրեց Քրիստոսին, և մենք Քրիստոսո՛վ ճանաչեցինք Աստծո իմաստությունը և գտանք մեր արդարությունը, սրբությունն ու փրկությունը» (Ա Կորնթացիներ 1:30):
Արդար լինելու համար անհրաժեշտ է անհուն քաջություն: Արդար լինել՝ նշանակում է արդար լինել ինքներս մեզ հետ, նշանակում է սիրել թշնամիներին՝ նրանց ներելու աստիճան: Աստված խոստանում է այն արդարությունը, որի մասին ասել է առաքյալը. «Բոլոր նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին, Աստծո առջև արդարանում են առանց խտրության» (Հռոմեացիներ 3:22):
«Եթե որևէ մեկը չի ճաշակել որևէ ուտեստ, չգիտի, թե ինչից է զրկվում, բայց ճաշակողը ուժգին ցանկանում է այն: Այդպես է և պատվիրանների քաղցրությունը ճաշակողը»,- ասել է Ս. Բարսեղ Կեսարացին:
Հին Կտակարանում՝ մասնավորապես Սաղմոսներում, ծարավյալի կերպարը օգտագործվում է նկարագրելու համար այն մարդուն, ով ամբողջ ուժով և ջերմեռանդորեն ձգտում է դեպի Աստված՝ կատարելու Նրա պատվիրանները: «Ինչպես եղջերուն ջրի ակունքներին է փափագում, այնպես էլ ես քեզ եմ փափագում, ո՛վ Աստված. հոգիս ծարավ է քեզ, Աստված հզոր և կենդանի. ե՞րբ պիտի գամ ու երևամ Աստծո առաջ» (Սաղմոս 41:2-3), «Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, ես առավոտից քեզ եմ դիմում. հոգիս ծարավ է քեզ, առավել ևս մարմինն իմ» (Սաղմոս 62:2), «Բերանս բացեցի ու շունչ առա, հոգիս փափագեց պատվիրանները քո» (Սաղմոս 118:131), «Դեպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ. հոգիս հողի պես ծարավի է քեզ» (Սաղմոս 142:6):
Արդարություն չունեցողը երջանիկ չէ, և հակառակը, երջանիկ են նրանք, ովքեր ունեն այդ երանելի ծարավը: Քրիստոս ասում է՝ «Երանի քաղցածներին և ծարավյալներին», երանի չեն նրանք, ովքեր փափագում են ունենալ երկրային երջանկություն, պատիվ, հարստություն, դրանում չի կայանում մարդու հոգու երանությունը: Երանի են արդարության քաղցն ու ծարավն ունեցողները, առաքինիները, Աստվածային պատվիրանները կատարողները: Քրիստոս չասաց, ովքեր ցանկանում են, այլ՝ ովքեր ունեն քաղցն ու ծարավը, նրանք, ովքեր ամենայն ջանասիրությամբ փնտրում են Աստծո արդարությունը: Աստծո կամքն է այն սնունդը, որի քաղցն ունեն նրանք: Այդ սնունդի մասին է ասում Տերը. «Իմ կերակուրն այն է, որ կատարեմ ինձ ուղարկողի կամքը և իր լրումին հասցնեմ նրա գործը» (Հովհաննես 4:34): Իսկ Աստծո կամքը կարելի է իմանալ միայն Աստծո խոսքից, այդ պատճառով և Աստծո խոսքը հենց հոգու հավիտենական սնունդն է՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Մարդ միայն հացով չի ապրում, այլ այն բոլոր խոսքերով, որ Աստված է ասել» (Մատթեոս 4:4): Աստծո կամքը կատարելու համար բավական չէ Աստծո խոսքի իմացությունը, այլ այն իրագործելու համար անհրաժեշտ է ուժ և եռանդ, ինչը կարող է ստանալ մարդ, ճաշակելով երկնային հացը, որ տալիս է Քրիստոս. «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած, ով ուտի այս հացից, հավիտյան կապրի: Այն հացը, որ ես կտամ, Իմ մարմինն է. Ես այն տալիս եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Հովհաննես 6:51):
Ուստի. «Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը. երանի է այն մարդը, որ հույսը դրել է Տիրոջ վրա» (Սաղմոս 33:9): Եվ երանի են նրանք, ովքեր ունեն Աստծո ներկայության, աստվածգիտության, հոգևոր բարիքների քաղցն ու ծարավը, որովհետև նրանք պիտի հագենան աստվածային շնորհներով:
Կազմեց Գայանե Սուգիկյանը