Հունվարի 20-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Սիրանուշին (56 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրանուշն իր ամուսնու, երկու որդիների և քրոջ հետ բնակվում է Գավառ քաղաքի Զորավոր Անդրանիկի 74 հասցեում: «Դեկտեմբերի 30-ին քրոջս՝ Տատյանայի (65 տ.) առողջական վիճակն անսպասելի վատացավ: Աղիների հետ կապված բարդ վիրահատությունից հետո նրա առողջական վիճակը դեռևս չի բարելավվել և ստացիոնար բուժման մեջ է: Վիրահատության համար անհրաժեշտ գումարը հոգացին ամուսինս և տղաներս, որ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց այժմ ֆինանսական խնդիր ունենք և բուժման համար անհրաժեշտ դեղորայքը պարտքով ենք գնում: Տատյանայի ամուսինը մահացել է, նա զավակներ չունի: Դժվարությամբ եմ խնամում քրոջս, քանի որ ինքս առողջական խնդիրներ ունեմ: Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, հոգևոր հովվին՝ Տեր Գրիգորին և աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար»,- ասաց Սիրանուշը:
Տեր Ղևոնդ վրդ. Դուրյանը վայ է տալիս սիրուց զուրկ սրտին, մինչդեռ երանի է տալիս նրան, ում սրտում միշտ վառ է սիրո ճրագը. «Որքա՜ն դժբախտ է այն մարդը, որի ներսում չկա սեր առ Աստված և առ ընկեր, վա՜յ նրան, ում սիրտը ատելության բույն է և ոչ՝ սիրո, վա՜յ այն սրտին, որը մաքուր չէ, քանզի չպիտի տեսնի Աստծուն, վա՜յ այն սրտին, որի ճրագը մարել է, սիրո ճրագը, քանզի խավարի մեջ է և այնտեղ էլ պիտի մնա: Եվ երանի՜ նրան, որ սրտով մաքուր է, որ սիրում է Աստծուն և իր ընկերոջը, քանզի նա պիտի տեսնի Երկնային Արքայությունը. երանի՜ նրան, որ թեև օրերը անցկացրած և մազերը ճերմակած է, սակայն տակավին չի կորցրել ճշմարիտ և կատարյալ սերը: Երանի՜ նրան, ով դեռ պատրաստ է անկեղծորեն աշխարհին հայտարարել, որ բարիքներից մեծագույնը և օրհնություններից լավագույնը սերն է: Երանի՜ նրան, ով թեև իր մարմնի կորովը կորցրած, թեև երակներում արյունը պաղած, թեև կրծքի տակ տրոփյունը թուլացած, սակայն սրտի ճրագը մարած չէ»:
Կարինե Սուգիկյան