Մի անգամ, մի որսորդ՝ իր որսին հետևելով, ստիպված էր երկար քայլել սարն ի վեր: Հոգնելով՝ նստեց մի քարի՝ հանգստանալու: Մի բարձունքից մյուսը թռչող թռչունների երամը տեսնելով՝ մտածեց. «Աստված մարդուն ինչո՞ւ թևեր չի տվել, որպեսզի նա էլ կարողանա թռչել»:
Այդ ժամանակ խոնարհության մեջ ապրող մի ճգնավոր էր անցնում այդ տեղերով և որսորդի մտքերն իմանալով՝ ասաց.
- Մտածում ես, թե Աստված ինչու քեզ թևեր չի տվել: Սակայն, եթե քեզ թևեր տա, միևնույն է գոհ չես լինի ու կասես. «Թևերս թույլ են ու չեմ կարող մինչև երկինք թռչել, որպեսզի տեսնեմ, թե այնտեղ ինչ կա»: Եթե քեզ այնքան ուժեղ թևեր տա, որ կարողանաս մինչև երկինք բարձրանալ, ապա այդ ժամանակ էլ կդժգոհես՝ ասելով. «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է այստեղ կատարվում»: Եվ եթե քեզ գիտակցություն էլ տրվի, ապա կրկին դժգոհելու ես ու ասես. «Ես ինչո՞ւ հրեշտակ չեմ»: Եվ եթե քեզ հրեշտակ էլ դարձնեն՝ ասելու ես. «Ինչո՞ւ քերովբե չեմ»: Եվ եթե քերովբե դառնաս՝ կասես. «Երկնքի կառավարումն Աստված ինչո՞ւ ինձ չի տալիս»: Եվ եթե երկինքն էլ կառավարես, ապա, միևնույն է, գոհ չես լինի, ինչպես ժամանակին այն մեկը և հանդգնորեն ավելին կուզես: Այդ պատճառով էլ միշտ խոնարհեցրու ինքդ քեզ և կգոհանաս նրանով, ինչ տրվում է քեզ և այդ ժամանակ կապրես Աստծո հետ:
Որսորդը տեսավ, որ ճգնավորը ճշմարտությունն է ասում ու փառաբանեց Աստծուն, որ այդ վանականին ուղարկեց իր մոտ, ով խրատեց իրեն ու խոնարհության ճամփան բացեց իր առջև:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի