Սեպտեմբերի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մոլդովական 29/4, 507 հասցեում բնակվող Մաթևոսյան ընտանիքին: Երկու հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը մի շարք դժվարությունների առջև է կանգնած. Մաթևոսյան Թերեզան (73 տ.) մի շարք առողջական խնդիրներ ունի, վերջերս միկրոինֆարկտ է տարել և մեծ դժվարությամբ խնամում է իր քրոջը՝ Օվսաննային (70 տ.), ով 1-ին խմբի հաշմանդամ է և անկողնային հիվանդ:
«Քույրս տառապում է սկլերոզ հիվանդությամբ. ոչ խոսում է, ոչ լսում, ոչինչ չի հասկանում: Փորձում ենք գոյատևել մեր թոշակների գումարներով, մեկ ամիս է, որ մեզ ընտանեկան նպաստ չեն տրամադրում՝ պահանջելով, որ քույրս իր վարկային պատմությունը ներկայացնի: Բազմաթիվ խնդրանքներս, որ քույրս ի վիճակի չէ տանից դուրս գալու, զուր են անցնում»,- ասաց Թերեզան:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Թերեզան իր երախտագիտությունը հայտնեց Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:
Բարուն հետամուտ անձը պատրաստակամ է ամեն պահին բարին արարելու: Սաղմոսերգուն ասում է. «Պատրաստվեցի և չվախեցա պահել Քո պատվիրանները» (Սաղմ. 118:60): Իսկ պատվիրաններից գլխավորը մերձավորին գործով սիրելու պատվիրանն է: Ամենափոքր սիրո արարքն անգամ Տիրոջ կողմից անվարձահատույց չի մնում. «Ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի» (Մատթ. 10:42): Գթասրտության մեծագույն օրինակը հանդիսացող Մայր Թերեզան ասել է. «Այնքան փոքր ենք, որ ամեն ինչ փոքր ենք տեսնում: Սակայն Աստված, լինելով ամենակարող, ամեն ինչ մեծ է տեսնում, նույնիսկ երբ նամակ ես գրում կույր մարդու համար կամ գնում նստում և լսում ես նրան, կամ նրա նամակներն ես տանում կամ այցելում մեկին, կամ ծաղիկ տանում, աննշան բաներ, կամ մեկի հագուստն ես լվանում կամ տունը մաքրում: Շատ խոնարհ աշխատանք՝ այնտեղ պետք է լինենք ես և դու: Որովհետև շատ մարդիկ կան, որոնք մեծ բաներ են անում, քչերն են, որոնք փոքրերն են անում»:
Կարինե Սուգիկյան