Առանց ջանք ու եռանդի անհնար է մուտք գործել Երկնային Արքայություն, այս մասին ուսուցանում է Սուրբ Գիրքը, վկայում են սրբերի վարքագրությունները: Երկնքի Արքայությունը մեծագույն բարիք է, որ մարդուց պահանջում է մեղքի դեմ մշտական պայքար, ապաշխարելու և առաքինություններ ձեռք բերելու մեծագույն ձգտում ու հարատև աղոթք: Այսինքն՝ Երկնային Արքայության արժանանում են նրանք, ովքեր դիմադրում են մեղքին և ձգտում են սրբության: Այսինքն՝ մարդը կոչված է աստվածնմանության: Իսկ նա, ով ընտրում է աստվածնմանության ուղին, ժամանակ առ ժամանակ աղոթքի ճանապարհ է անցնում և հոգեպես զորանում է Աստծու տուն այցելությամբ:
Աստվածնմանության ուղին հերթական անգամ՝ հունիսի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությանն առաջնորդեց՝ անցնելու աղոթքի հերթական ուղին: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ՝ «Զորավոր արանց» միությունն ուղևորվեց դեպի Կոտայքի թեմ: Ուխտավորներն ացելեցին Կարենիսի վանք (5-րդ դ.), որ կոչվում է նաև սբ. Մատթեոս և սբ. Անդրեաս առաքյալների վանական համալիր: Վաղ միջնադարյան սրբավայրում ուխտավորները, Տեր Հոր գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին և Հայոց ազգի համար Տիրոջ ողորմածությունը խնդրեցին՝ բարեխոսությամբ սբ. Մատթեոսի, սբ. Անդրեասի, մյուս առաքյալների և սբ. Պողոսի, որոնց հիշատակությունն էր այդ օրը նշում Հայ եկեղեցին:
Միասնական աղոթքի ավարտին Տեր Գրիգորը զրուցեց ուխտավորների հետ փրկության ուղու վերաբերյալ և մասնավորաբար ասաց. «Սա այն ճանապարհն էր, որով անցավ Աստծու Միածին Որդին՝ վճարելով այն գինը, որը փրկեց մեզ ադամական մեղքից և Երկնային Արքայությունը ժառանգելու հնարավորություն պարգևեց: Սա այն ճանապարհն է, որ մեզանից յուրաքանչյուրը պիտի անցնի, եթե Աստծու ժառանգորդը լինելու իրական փափագ ունի, եթե իր կյանքի իմաստը Քրիստոսով և Քրիստոսի մեջ է տեսնում, եթե կյանքի գլխավոր նպատակը Արքայության երանությունն է, եթե Աստծու սուրբ կամքը սեփական ցանկություններից վեր է դասում: Աստծուց համբերության շնորհ խնդրենք, որպեսզի դրանով ժամանակի մեջ տեղի ունեցող փորձություններին համբերելով՝ փրկության արժանանանք հավիտենության մեջ, քանի որ «Ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:13)»:
Սիրո ճաշով եզրափակվեց «Զորավոր արանց» միության աղոթքի հերթական ուղին:
Կարինե Սուգիկյան