Երեք լիբանանյան մայրի

Ժամանակին Լիբանանի հիասքանչ պուրակներում երեք մայրի կային: Մայրիները դանդաղ են աճում, և այդ երեք ծառերը դարեր անցկացրեցին կյանքի ու մահվան, մարդկության ու բնության մասին մտորումներով:

Նրանք տեսան, թե Սողոմոն թագավորի պատվիրակներն ինչպես Լիբանան եկան և այնուհետև ասորիների հետ ճակատամարտերում այդ հողն արյամբ ներկվեց: Տեսան Եղիա մարգարեին ու նրա թշնամի Հեզաբել թագուհուն: Իրենց կողքով անցնող բազմաթիվ քարավանների շարքեր տեսան:

Եվ մի գեղեցիկ օր էլ որոշեցին ապագայի մասին խոսել:

- Այն ամենից հետո ինչ տեսա,- ասաց առաջինը,- կուզենայի գահ դառնալ, որի վրա աշխարհի ամենազորեղ արքան կնստեր:

- Իսկ ես կուզենայի մի այնպիսի բան դառնալ, որ հավիտյանս չարը բարու կվերածեր,- ասաց երկրորդը:

- Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով՝ Աստծուն հիշեին:

Տարիներ անցան, անտառում փայտահատներ հայտնվեցին ու կտրեցին մայրիները: Առաջին մայրիով անասնագոմ կառուցեցին, իսկ մնացած կտորտանքով մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից մի կոպիտ գյուղական սեղան պատրաստեցին: Իսկ երրորդ մայրու գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ կտրեցին ու մի մեծ քաղաքի պահեստում պահեցին:

Սկսեցին գանգատվել մայրիները. «Մեր փայտն այնքան լավն է, բայց մեզանից ոչ մեկն արժանի կերպով չգործածվեց»:

Որոշ ժամանակ անց, մի աստղազարդ գիշեր, մի ամուսնական զույգ, գիշերելու տեղ չգտնելով, որոշեց այն անասնագոմում գիշերել, որ առաջին մայրու փայտից էր կառուցվել: Հենց այդ գիշեր էլ հղի կինն իր որդուն լույս աշխարհ բերեց և դրեց մսուրի մեջ, փափուկ խոտի վրա: Եվ այդ նույն պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվել է՝ ինքը որպես հենարան էր ծառայել Մեծագույն Արքային:

Մի քանի տարի անց, մի համեստ գյուղական տանը մարդիկ երկրորդ մայրու փայտից պատրաստված սեղանի շուրջը նստեցին: Նախքան ուտելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց հացի և գինու մասին, որ սեղանի վրա էին:

Եվ այստեղ երկրորդ մայրին հասկացավ, որ այդ պահին նեցուկ հանդիսացավ ոչ միայն գինուն և հացին, այլև՝ մարդ և Աստված կապին:

Հաջորդ օրը երրորդ ծառի տախտակներից խաչ պատրաստեցին: Մի քանի ժամից վիրավոր ու տանջահար մի մարդու բերեցին և գամերով մեխեցին խաչին: Երրորդ մայրին սարսափեց իրեն բաժին հասած դաժան ճակատագրից ու սկսեց անիծել այն:

Բայց երեք օր չանցած հասկացավ, թե ինչ էր իրեն բաժին հասել՝ խաչվածն Աշխարհի Լույսը դարձավ: Այդ մայրու փայտից պատրաստված խաչը տանջանքի գործիքից հաղթանակի խորհրդանիշի վերածվեց:

Այսպիսով կատարվեցին երեք մայրիների երազանքները՝ այնպես, ինչպես երազանքների պարագայում է պատահում, երազանքները կատարվում են, բայց բոլորովին այլ կերպ, քան պատկերացնում ենք:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

16.02.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․