Տասնչորսերորդ դարի սկզբներին, Կենտրոնական Եվրոպայում մի սքանչելի տաճարի շինարարություն սկսվեց: Աշխատանքները մի վանական էր ղեկավարում: Նա պետք է հետևեր բոլոր սևագործ բանվորների ու արհեստավորների աշխատանքին: Եվ մի օր որոշեց տեսնել, թե որմնադիրներն ինչպես են աշխատում: Մոտեցավ առաջինին ու հարցրեց.
- Եղբա՛յր, պատմիր ինձ աշխատանքիդ մասին:
Մարդը կտրվեց աշխատանքից և չարությամբ ու զայրույթով լի ձայնով պատասխանեց.
- Ինչպես տեսնում ես, նստած եմ մեկ մետր բարձրությամբ և կես մետր լայնությամբ քարակտորի առջև: Եվ հատիչիս ամեն հարվածի հետ զգում եմ, թե կյանքիս մի մասնիկն ինչպես է հեռանում: Ձեռքերս կոշտուկներով են պատվել, դեմքս սրվել է, մազերս՝ սպիտակել: Այս աշխատանքը երբեք չի ավարտվի և դա ուժասպառ է անում ինձ: Որտե՞ղ է բավարարությունը: Ես կմեռնեմ՝ այդպես էլ չտեսնելով այս տաճարի կառուցումն ավարտված:
Վանականը երկրորդ որմնադրի մոտ գնաց:
- Եղբա՛յր,- ասաց նա,- պատմիր աշխատանքիդ մասին:
- Եղբա՛յր,- մեղմ ու հանգիստ ձայնով պատասխանեց նա,- ինչպես տեսնում ես, նստած եմ մեկ մետր բարձրությամբ և կես մետր լայնությամբ քարակտորի առջև: Եվ հատիչիս ամեն հարվածի հետ զգում եմ, որ կյանք եմ ստեղծում, ապագա: Տե՛ս, կարողացել եմ ընտանիքիս համար լավ տուն կառուցել, շատ ավելի լավը, քան այն, որտեղ ես եմ մեծացել: Երեխաներս դպրոց են գնում և անկասկած կյանքում շատ ավելիին կհասնեն, քան՝ ես: Եվ այդ ամենը հնարավոր դարձավ աշխատանքիս շնորհիվ: Ես իմ հմտությունն եմ տաճարին տալիս և այն նույնպես պարգևատրում է ինձ:
Վանականը երրորդ վարպետին էլ մոտեցավ:
- Եղբա՛յր, պատմիր ինձ աշխատանքիդ մասին:
- Եղբա՛յր,- ուրախությամբ լի ձայնով ու լայն ժպիտով պատասխանեց նա,- ինչպես տեսնում ես, նստած եմ մեկ մետր բարձրությամբ և կես մետր լայնությամբ քարակտորի առջև: Եվ հատիչիս ամեն հարվածի հետ զգում եմ, որ ճակատագիրս եմ կերտում: Այստեղ նստած ոչ միայն իմ գործն եմ կատարում, այլև իմ ներդրումն եմ անում նրա մեջ, ինչին հավատում եմ և ինչը գնահատում: Այստեղ, այս քարի մոտ խաղաղություն է ներսումս և գիտեմ, որ չնայած այս տաճարն ավարտուն չեմ տեսնի, բայց այն դեռևս հազար տարի կանգուն կմնա՝ ծառայելով այն նպատակին, հանուն որի Ամենակարողն այս աշխարհ ուղարկեց նաև ինձ:
Վանականը հեռացավ և որոշ ժամանակ մտածում էր իր լսածների մասին: Նա խաղաղ քուն մտավ, իսկ հաջորդ առավոտ հրաժարվեց աշխատանքների ղեկավարի իր լիազորություններից՝ դրանք առաջարկելով երրորդ վարպետին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի