17 Ապրիլ, Եշ, պահք
Աղոթքը քրիստոնյայի համար ուժի և երջանկության աղբյուր է: «Առաքինի մարդը կարող է ամենագեղեցիկ և ամենալավ բանն անել. նա կարող է անընդհատ հաղորդակցվել Աստծու հետ աղոթքի միջոցով, աղոթքն ամենից շատ նպաստում է կյանքի բարգավաճմանը»,- ասել է հույն փիլիսոփա Պլատոնը, որ հեթանոս էր: Աղոթող անձը, մի կողմ թողնելով կյանքի հոգսերն ու տագնապները, մուտք գործում է իր հոգու սրբարանը ու խորասուզվելով աղոթքի սուրբ լռության մեջ՝ նորոգում և զորացնում է իր հոգին: Աստծու հետ հաղորդակցությամբ քրիստոնյան ինքն իրեն՝ իր հոգու ուրախությունները, հույսերը, ցանկությունները, վշտերն ու դառնությունները, հանձնում է Աստծուն: Քրիստոս Իր Մարմինը՝ Եկեղեցին, հիմնեց երկրի վրա, որպեսզի մարդը եկեղեցու միջոցով ստանա ունակություն ու շնորհ Աստվածճանաչողության և Աստծու հետ հաղորդակցության:
Աստծու հետ հաղորդակցության լավագույն միջոցներից մեկը ուխտի ճանապարհն է: Հոկտեմբերի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտի մեկնեց Արագածոտնի թեմի սրբավայրեր: Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որ հայ քրիստոնյայի համար նվիրական մի սրբավայր է, երիտասարդները մասնակից եղան Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդության ճաշակմամբ միավորվեցին Տիրոջ հետ՝ Նրա խոսքի համաձայն. «Ով ուտի իմ մարմնից և խմի իմ արյունից, կբնակվի իմ մեջ, և ես՝ նրա մեջ» (Հովհ. 6:56): Դեպի Երկնային Արքայության ճանապարհին Աստծու հետ միավորվելն ու աստվածացումը քրիստոնյայի կյանքի կարևորագույն խնդիրն է: Սուրբ Պատարագի ավարտին երիտասարդները սիրո ճաշը վայելեցին, ապա Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի հետ հոգեշահ զրույց ունեցան:
Այնուհետև երիտասարդ ուխտավորներն այցելեցին Օշականի Ս. Աստվածածին մատուռը, ուր սաղմոսներ ընթերցեցին և միասնաբար աղոթեցին՝ Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը հայցելով Հայոց ազգի, Հայ եկեղեցու և Հայոց բանակի համար: Հաջորդ սրբավայրում՝ Աշտարակի Ս. Մարիանե եկեղեցում, ուխտավորները մասնակից եղան Հանգստյան ժամերգությանը: Երիտասարդների համար ուխտի հոգենորոգ օրն ավարտվեց Աշտարակի Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցի այցելությամբ: Յոթերորդ դարում կառուցված այս սրբավայրում «Զորավոր» երիտասարդաց միությունը, հանուն հայրենիքի խաղաղության, կրկին համախմբվեց միասնական աղոթքի շուրջ և ընթերցեց սբ. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարը:
Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանն աղոթքի կարևորության մասին ասել է. «Օրհնաբեր աղբյուր է աղոթքը, եթե ինչ-որ մեկն առաքինի մարդու հետ զրուցելիս զգալի օգուտ է ստանում, ապա ի՞նչ օգուտ կստանա Աստծու հետ զրուցելիս: Աղոթքը զրույց է Աստծու հետ: Ծանոթ լինելով չարի խաբեությանը՝ փորձենք, հատկապես աղոթքի ժամանակ, հեռու վանել նրան մեզանից, կարծես նա կանգնած լինի մեր առջև, փորձենք հեռացնել մեզանից հոգին շփոթեցնող ամեն միտք և ջերմեռանդ աղոթել, որպեսզի ոչ միայն լեզուն արտասանի աղոթքի խոսքերը, այլ հոգին խոսքերի հետ միասին բարձրանա առ Աստված: Աղոթքը հոգու փրկության և անմահության պատճառ է։ Այն հեռու է վանում մարդուց ամեն վիշտ, հոգուն խաղաղություն և ուրախություն է պարգևում, այն իմաստության մայրն է»:
Կարինե Սուգիկյան