5 Դեկտեմբեր, Եշ
Ես մեղավոր ու անցավոր,
Հազար անգամ ապաշխարող,
Սակայն երբեք չարդարացող,
Ես մեղավոր մի ուխտավոր:
Էջմիածին, Էջմիածին
Էջմիածին, Էջմիածին:
Նրանց ուխտի ճանապարհը նաև այս շարականն էր զարդարել: Հուլիսի 23-ին, վաղ առավոտյան, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Սուրբ Անանիայի մատուռում «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Զգոն քահանա Աբրահամյանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին և ուխտի մեկնեցին Ծաղկաձորում գտնվող Կեչառիսի վանական համալիր:
Ճանապարհին ուխտավորները «Տերունական աղոթք»-ից հետո Սբ. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ի օրվա 24 ժամերը խորհրդանշող 24 աղոթքներն ասացին, շարականներ երգեցին: Իսկ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Րաֆֆի սարկավագ Գույումջյանի հետ ուխտագնացության նշանակության մասին զրույց ունեցան: Ուխտավայր հասնելով՝ երիտասարդ ուխտավորները Կեչառիսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեցին «Ճաշու իններորդ» ժամերգությանը: Այնուհետև Տեր Զգոնը ներկայացրեց վանքի պատմությունը և նրանից բխող խորհուրդը. «Կյանքի փորձություններից հետո վերստին պիտի հառնենք և քայլենք առաջ, ինչպես այս եկեղեցիները, որ բազմաթիվ փորձություններ անցնելով, վերստին կանգուն են մնացել: Այդ փորձությունները զորացրել են այս տարածաշրջանում ապրող հայ ժողովրդի հավատքը, ովքեր այդ նեղությունները տեսնելով՝ Աստծուն ապավինելը չեն դադարեցրել: Այս օրինակի համաձայն՝ պետք է պատրաստակամ լինենք բոլոր դժվարությունները համբերատար և արիաբար կրելու՝ հուսալով ոչ թե սեփական ուժերին, այլ Աստծո ապավինությանը»:
Հայ ազգի և եկեղեցու անսասանության համար ուխտավորներն իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված վանական համալիրի բոլոր եկեղեցիներում:
Ապա երիտասարդները սիրով, միասնաբար, ռազմահայրենասիրական երգերի ուղեկցությամբ ճաշկերույթի սեղանը պատրաստեցին ծաղիկներով առատ բնության գրկում:
«Ճանաչողական բնույթից բացի ամեն մի ուխտագնացություն ինձ համար Աստծուն մոտենալու մի հնարավորություն է, ինչպես նաև լինելու այն սրբավայրերում, որտեղ ապրել են մեր վանականները: Ամեն մի վանք մտնելիս ես զգում եմ անբացատրելի, գերերկրային զորություն, քանի որ ամեն մի վանքում մի սրբի մասունք կա, աղոթք կա: Ինչպես նաև առիթ եմ ունենում խնդրելու թե՛ Աստվածամոր և թե՛ այն սրբերի բարեխոսությունը, ովքեր ապրել են այդ սրբավայրերում, որպեսզի մենք էլ արժանանանք հոգու փրկությանը և ուժ ունենանք անցնելու այն ճանապարհով, որ Աստված է կամենում»,- ասաց երիտասարդաց միության անդամ Հրաչ Բեգլարյանը:
Երիտասարդաց միության հերթական ուխտագնացությունը հոգևոր մեծ լիցքերի, նոր մտորումների, ինչպես նաև երիտասարդաց միություն ընդգրկված նոր անդամների ընտանիք ընդգրկվելու լավագույն առիթը հանդիսացավ:
Կարինե Սուգիկյան