4 Նոյեմբեր, Բշ
Աստծո կողմից մարդուն շնորհված ազատությունն ամենևին ամենաթողություն չէ, այլ ընտրության իրավունք: Տիրոջ կամքն է, որ մարդիկ երջանիկ լինեն և իրենց ազատ ընտրությամբ հետևեն հոգևոր կյանքի ամենակարևոր օրենքին՝ սիրո օրենքին, որ ենթադրում է ուշադրություն, հոգատարություն բոլորի՝ առավել ևս տարեցների հանդեպ: Քրիստոնեական դաստիարակություն ստացած անձը, աստիճանաբար բացահայտելով հոգևոր ազատության գաղտնիքը, վաղ տարիքից սկսում է վայելել Աստծո որդին լինելու երջանկությունը՝ քաջատեղյակ լինելով, որ աստվածապարգև երջանկությունը հնարավոր է պահպանել՝ մեծ թվով մարդկանց սեր, հոգածություն ու ջերմություն պարգևելով:
Երջանկության այս բանաձևն են որդեգրել ամերիկահայ եկեղեցասեր մի քանի երիտասարդներ, ովքեր, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերին իրենց մասնակցությունը բերելով, ցանկացան դրամական աջակցությամբ իրենց սերն ու հարգանքը ցուցաբերել հայրենիքում ապրող 75-ամյա Գևորգ պապիկին: Մայիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, իրականություն դարձնելով երիտասարդների ցանկությունը, այցելեց Գևորգ պապիկին, որ բնակվում է Գլինկայի 1-նրբ. թիվ 1 հասցեում: Նա մեծ ուրախություն ապրեց Տեր Հոր այցից: Զրույցից հետո Տեր Գրիգորը Գևորգ պապիկին հանձնեց երիտասարդների կողմից տրամադրած դրամական աջակցությունը (250 ԱՄՆ դոլար): Գևորգ պապիկն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Հորը, հեռավոր Ամերիկայում ապրող հոգատար ու ազգասեր երիտասարդներին՝ ցուցաբերած հարգանքի և ուշադրության համար:
«Այն երիտասարդները, որոնք պատվում են արգո (հարգելի) ծերունիներին, որոնց իմաստուն է դարձրել բազում բաների փորձառությունը, իրենց ծերության շրջանում պատիվ ու հարգանք կգտնեն իբրև փորձառու և խոհեմ անձինք. որովհետև ինչ սերմանում է մեկը, նույնն էլ հնձում է»,- ասել է Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին:
Կարինե Սուգիկյան