Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալստյան տոնը նշեց հունիսի 5-ին: Սուրբ Հոգու էջքի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը նշեց ուխտագնացությամբ: Մինչ ճանապարհ ընկնելը երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի օրհնությանն ու բարեմաղթանքին արժանացան: Տեր Հայրը մաղթեց երիտասարդներին, որ ոչ միայն Սուրբ Հոգու շնորհներով լցվեն, այլև հարստանան նրանցով և իրենց կյանքում մշտապես ճաշակելով Սուրբ Հոգու շնորհների քաղցրությունը՝ զգան դրանցով առաջնորդվելու բերկրանքը և պտուղների քաղցրությունը։
Երիտասարդ ուխտավորների աղոթքի ուղին նրանց առաջնորդեց դեպի Ապարանի Ս. Խաչ եկեղեցի: Վաղ միջնադարյան սրբավայրում երիտասարդները նախ մասնակցեցին Առավոտյան ժամերգությանը, ապա տոնական Ս. Պատարագին: Երիտասարդաց միության անդամները, դիմելով Սուրբ Երրորդության երրորդ անձին՝ Սուրբ Հոգուն, հայցեցին, որ Նա առաջնորդի և զորացնի իրենց եկեղեցանվեր ծառայության մեջ, ուժ, զորություն և համբերություն շնորհի Հայոց ազգին՝ հաղթահարելու իր առջև ծառացած փորձությունները, անսասան ու խաղաղ պահի Հայաստան և Արցախ աշխարհները:
Սիրո ճաշը վայելելուց հետո երիտասարդները ճանապարհվեցին դեպի Ստեփանավանի «Սոճուտ» բուսաբանական այգի: Զբոսնելով այգու ծառուղիներով՝ երիտասարդները հիանում էին Աստծու շնորհած պարգևներով՝ աշխարհի տարբեր անկյուններից բերված տասնյակ ծառերով, շնչում սոճու բույրով հագեցած թարմ օդը: Աստվածային օրհնությամբ և զորությամբ գոտեպնդված՝ երիտասարդ ուխտավորները վերադարձան Երևան:
Կարինե Սուգիկյան