17 Նոյեմբեր, Բշ, Հինանց պահքի Ա օր

Երիտասարդները մասնակցեցին «Սուրբ Պատարագը» խորագրով ինտելեկտուալ խաղին

Հոկտեմբերի 19-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում «Զորավոր» երիտասարդաց միության կողմից կազմակերպվել էր «Սուրբ Պատարագը» խորագրով ինտելեկտուալ խաղ, որին միության հրավերով իր մասնակցությունն էր բերել Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը: Ինտելեկտուալ խաղը, «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով, ապա Տեր Հայրը, ողջունելով երիտասարդներին, ասաց, որ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղը նպատակ ունի ամրապնդելու երիտասարդների հոգևոր գիտելիքները Սուրբ Պատարագի վերաբերյալ: Տեր Վահանը, հաջողություն մաղթելով երիտասարդներին, նշեց, որ խաղը հետաքրքիր ձևաչափով է լինելու, որ միությունները չեն մրցակցելու միմյանց հետ, այլ վիճակահանությամբ բաժանվելու են չորս թիմերի և խաղալու են միասին:

Ինտելեկտուալ խաղի հանձնաժողովի կազմում էին Տեր Վահանը, Նարեկ սարկավագ Հարությունյանը, միության անդամներ Վարուժան Էմեկսիզյանը, Հրաչ դպիր Պետրոսյանը և Հրաչյա Բեգլարյանը:  «Արևներ», «Տիգրան Մեծ», «Նարեկ» և «Սեր» թիմերի միջև ընթացավ  թեժ խաղ, որը եզրափակվեց «Սեր» թիմի հաղթանակով: Տեր Վահանը շնորհավորեց խաղի բոլոր մասնակիցներին, հաղթող թիմին հանձնեց պատվոգրեր՝ «Զորավոր» երիտասարդաց միության կողմից կազմակերպված ինտելեկտուալ խաղին մասնակցելու և հաղթելու առթիվ, նաև  Արսեն Հարությունյանի «Երևանի Ս. Անանիա առաքյալի անապատը կամ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի» և «Դպրեվանքի քարոզներ» գրքերը: Մյուս թիմերին Տեր Հայրը շնորհեց հավաստագրեր և «Դպրեվանքի քարոզներ» գիրքը:  

«Սուրբ Պատարագը» խորագրով ինտելեկտուալ խաղը խորացրեց երիտասարդների գիտելիքները Սուրբ Պատարագի վերաբերյալ, նպաստեց, որ երիտասարդներն առավել գիտակցաբար մասնակցեն Սուրբ Պատարագին՝ այն դիտելով որպես կենդանի հաղորդակցություն Աստծու հետ,  խթանեց երկու եկեղեցական համայնքների երիտասարդ անդամների համագործակցությանն ու բարեկամական շփմանը՝ միջոց հանդիսանալով, որ երիտասարդները դրսևորեն սիրո, համբերության և փոխօգնության ոգի:

 

Կարինե Սուգիկյան

20.10.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․