Նոյեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր հոգեբան, հոգեթերապևտ Նարինե Հարությունյանին: Հանդիպումը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսությունը կրում էր «Մարդկային հարաբերություններ. ինչպես տարբերակել առողջ և անառողջ հարաբերությունները» թեման, որի ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց մտքերով, հարցերով և փորձով: Բանախոսն անդրադարձավ առողջ և անառողջ հարաբերություններին հոգեբականական տեսանկյունից և նշեց, որ հարաբերությունները երկու անձանց միջև շփում է, և մարդու համար իր առաջին շփումը տեղի է ունենում իր ընտանիքում: Քննարկվեց, որ հարաբերությունների ժամանակ պատճառած ցավն անառողջ է, իսկ պատճառած երջանկությունը՝ առողջ: Սովորաբար, ընտանիքից ներս ֆիզիկական բռնությանը հաջորդում է ավելի մեծ բռնություն, իսկ եթե ընտանիքը հիմնված է առողջ հարաբերությունների վրա, այդ դեպքում բացառվում է բռնությունը: Մատնանշվեց, որ քրիստոնեական բարոյականության վրա հիմնված ընտանիքը երջանիկ է, իսկ ներընտանեկան հարաբերությունները՝ առողջ, քանի որ փոխադարձ սեր, հարգանք և վստահություն կա և այդ մթնոլորտում երեխան, տեսնելով ծնողների փոխադարձ սերը, հարգանքը, նախ ինքն է երջանկանում, ձևավորվում է իր աշխարհընկալումը, իսկ հետագայում ինքն է իր միջավայրում առողջ հարաբերություններ կառուցում:
Խոսակցություն ընթացավ նաև նահապետական սովորությունների և ընտանիքների մասին, որոնք հիմնված են քրիստոնեական արժեքների և բարոյական սկզբունքների վրա, այդ պատճառով այդ ընտանիքներից ներս երջանկություն է տիրել, բաժանություններ չեն եղել, իսկ ընտանիքների զավակները հետագայում ամուր ընտանիքներ են կազմել՝ ձևավորվելով առողջ հասարակություն:
Տեր Վահանը նշեց, որ հասարակության մեջ անառողջ հարաբերությունների պատճառը մեղքն է, ինչ հետևանքով ընտանիքները դժբախտանում են, ապա, շեշտելով ընտանիքի ամրությունը, կարևորեց քրիստոնեական սկզբունքներին հետևելը և մեջբերեց մարդկության նախածնողների օրինակը. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի, իսկ ընտանիքներում առկա խնդիրները հնարավոր է հարթել, մեկը մյուսին օգնելով, որպեսզի ընտանիքներն առողջանան և երջանկանան՝ այդ երջանկությունից բաժին հանելով նաև իրենց նմանին»:
Հանդիպման ավարտին Տեր Հայրը և երիտասարդաց միության անդամները շնորհակալություն հայտնեցին Նարինե Հարությունյանին՝ օգտաշատ և հետաքրքիր բանախոսության համար:
Կարինե Սուգիկյան